Տեառնընդառաջ. թող բացվեն մեր սրտերն ու հոգիները

Տեառնընդառաջ. թող բացվեն մեր սրտերն ու հոգիները

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, որը հրավել է բոլորիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, շարժվելու դեպի Լույսը: 

 

«Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11:28): 

 

Տեառնընդառաջի տոնակատարությունները մեկնարկում են մեկ օր առաջ: Փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ: Եկեղեցու կանթեղների կենարար լույսը բաշխվում է հավատացյալներին: 

 

«Տեառնընդառաջը Լույսի փառաբանությունն է՝ երկնքից երկիր և երկրից դեպի երկինք: Հովհաննես Ավետարանիչն ասում է՝ Նա (Տերը) Լույս է: Այդ Լույսը փետրվարի 13-ի երեկոյան հասնում է մեր տներ: Քրիստոս եկավ, որ խախտի խավարի սկզբունքներն ու օրենքները: Մեզ համար բացվեցին Երկնքի արքայության դռները»,- նշում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:




Ամեն տարի հոգևորականները հիշեցնում են՝ տոնին խարույկի վրայով ցատկելը ժողովրդական ավանդություն է, խաղ, իսկ գուշակություններին հավատալ պետք չէ:


Ճրագներով գնացին Տիրոջն ընդառաջ


Տեառնընդառաջը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայման։ Այդ մասին ընթերցում ենք Ղուկասի Ավետարանում: Հովսեփը և Մարիամը մանկան հետ գնում են տաճար՝ Մանուկ Հիսուսին ընծայելու Տաճարին, ինչպես պահանջում էր մովսիսական օրենքը: 
 

«Երբ Աստվածամայրն ու աստվածահայրը 40-օրյա Մանկան հետ մտան Տաճար, բացվեց արևելյան փակ դուռը, որովհետև Եզեկելի մարգարեության մեջ գրված էր՝ կբացվի այդ դուռը, և Տերը մուտք կգործի: Ամբողջ Երուսաղեմում լսվեց դղրդոց, և մարդիկ ճրագներով գնացին՝ տեսնելու, թե ինչ տեղի ունեցավ: Լույսերով գնացին Տիրոջն ընդառաջ: Թող բացվեն մեր սրտերն ու հոգիները առ Աստված, արժանանանք աստվածճանաչողության»,- նշում է Տեր Շահեն:

 

Օրվա խորհրդանիշը Սիմեոն ծերունին է, որը տեսնելով Տիրոջը, գրկում է նրան, նշում, որ իր աչքերը տեսան աշխարհի փրկությունը:

 

Հայրաբանական մեկնությունների վկայությամբ՝ Սիմեոնը խորհրդանշում է Հին Ուխտը, որը Տիրոջը հանդիպելով՝ իր արձակումը ստացավ Նոր Ուխտի առաջնորդի գալստյամբ։ 

 

Տեառնընդառաջն առանձնահատուկ է հատկապես նորապսակների համար։ Այդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է՝ որպես նորապսակների օրհնության օր: Փետրվարի 14-ին տոնական Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

 

Թե ինչ պատգամ ունի տոնը հատկապես նորապսակների համար, Տեր Շահեն հիշեցնում է՝ լինել աստվածասեր, ավանդույթները պահպանող, ստեղծել գեղեցիկ ու մեծ ընտանիքներ: 

 

Անի Ավագյան

  • 2025-02-14
×