Ձեռքեր չունեցող գեղանկարչի սիրո գույները

Ձեռքեր չունեցող գեղանկարչի սիրո գույները

Գարիկ Միքայելյանը չունի ձեռքեր, բայց նկարում է ոտքերով, բերանով, պրոթեզներով: Տարիներ առաջ զինվորական ծառայության ժամանակ նա կորցրեց երկու ձեռքերը, բայց ոչ սերը, որը նրան թևեր է տալիս: Ձեռքեր չունեցող գեղանկարիչը շարունակում է արարել, իր ստեղծագործություններով մարդկանց փոխանցել, որ չկորցնեն հույսը, չհանձնվեն, շարունակեն տարածել գեղեցիկը:


«Իմ կտավները ծնվում են բացարձակ մեծ սիրուց». Գարիկ Միքայելյան

 

Սերը՝ վրձնով

 

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնողներին ու ժամանողներին դիմավորում ու ճանապարհում են զինհաշմանդամություն ունեցող, գեղանկարիչ Գարիկ Միքայելյանի ստեղծագործությունները, որոնք պատմում են հայրենիքի, մարդու նկատմամբ սիրո մասին: 



 

ArtAM Gallery հարթակում ցուցադրությունը նվիրված է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարին, նրա հիշատակության օրը՝ սիրո տոնը, Հայաստանում կնշվի փետրվարի 15-ին: 

 

«Սերը նվիրում է, պայքար, զոհողություն, նվաճում և հաղթանակ: Սերը կյանքի շարժիչ ուժն է, միայն նրա պակասից է, որ աշխարհն ավելի լավը չի դառնում»,- նշում է Միքայելյանը:

 

Հեղինակն իր սիրո մասին պատմում է կտավներով, որտեղ կարելի է տեսնել իր ու տիկնոջ կողմից մշակված այգին, այնտեղ աճող բույսերը: Գարիկ Միքայելյանի խոսքով՝ ձեռքերով, թե առանց դրանց, կարող ենք մեր ուժն ու սերը ծառայեցնել բարի նպատակների, լինել օրինակ, վերածնունդ ապրել ամեն բացվող օրվա հետ.

 

«Արվեստը փրկող ուժ է, պիտի նրան ընդառաջ գնաս, եթե ուզում ես ավելի լավը դառնալ»:

 

Քաջ զորավարին նվիրված ցուցադրությունը նաև հորդոր է՝ սեր ու պաշտպանություն տալ բոլորին, թիկունք լինել զինվորներին: ArtAM Gallery հարթակի հիմնադիրը նկարիչ Արմինե Թումանյանն է:

 

Ճանապարհ դեպի լույսը 

 

Գարիկ Միքայելյանը ձեռքերը կորցրել է 2007 թվականին, 2010-ից սկսել է նկարել: Առաջին գործը վերնագրել է՝ «Ճանապարհ դեպի լույս»: 

 

««Ճանապարհ դեպի լույս»-ը փնտրած այն իմաստն էր, որը ստիպում էր ապրել ու ապացուցել, որ քեզ տրված կյանքն իզուր չէ։ Աստվածային, վերերկրային մեծ իմաստ ունի այդ ճանապարհը, խավարից լույս տանող ուղին: Կարևոր է, որ Աստված տեսնի մեր սերն Իր հանդեպ, Իր ստեղծած անգերազանցելի արարման՝ բնության հանդեպ, մարդու և մարդկային արժեքների հանդեպ, որոնք պետք է տանել բնական կատարելության ճանապարհով, որը մեր կյանքում աղավաղվում է ամեն օր: Պայքարով պիտի դիմադրել այդ ամենին։ «Ճանապարհ դեպի լույս»-ն իմ կյանքի ուղին է՝ ողողված արարման լույսով ու սիրով»,- պատմում է Գարիկը:

 

Դժվար էր նկարել՝ աշխատեցնելով կիսասարք ու 8 կգ կշռող պրոթեզները, երբ դրանք շարքից դուրս եկան, ոտքով է փորձում ստանալ վրձնահարվածը: Դժվարությունները շատ են, բայց հեղինակը չի հուսահատվել, մասնակցել է ցուցահանդեսների, դարձել գեղանկարչության ժողովրդական վարպետ: Ցուցադրություններից մեկի ժամանակ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ արվեստաբան Արմինե Մելիք-Իսրայելյանին: Գեղանկարչի խոսքով՝ իր կինն իր ոգևորիչ ուժն է, անաչառ քննադատը: Արվեստագետ ամուսինները կյանքի մարտահրավերներն ընդունել ու ապրում են սիրով: 

 

Ամենօրյա պայքարի հաղթանակները

 

Գարիկ Միքայելյանն այժմ աշխատում է, կնոջ հետ մշակում այգի, ծառ տնկում, զբաղվում է նաև լողով, պարալողորդ է: 

 

«Պայքարն էլ մեր կյանքում ամեն ինչի հետ ու մեջ է, լինեն կյանքի ամենօրյա խնդիրներ, թե սպիտակ կտավի անհայտություն: Խնդիրների լուծումն է ոգևորում ապրել ու չհրաժարվել ստեղծելու որոշումից, քանի որ կյանքը գեղեցիկ պարգև է, որը չարժե ապրել աննպատակ»,- ասում է գեղանկարիչը: 

 

Ապրում է՝ ապացուցելով, որ թվացյալ անհնարինը կարող է դառնալ հնարավոր հոգևոր մեծ ուժի ու սիրո շնորհիվ: 

 

Անի Ավագյան

 
  • 2025-02-13
×