Փետրվարի 15-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 19 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ տոնի օրը թեմի Առաջնորդանիստ և Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Երկու եկեղեցիներն էլ բաց կլինեն մինչև ժամը 22.00-ը:
Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում:
Թեմի միջոցառումներ. ժամանակացույց
Փետրվարի 14, ժամը 15:00- Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում «ArtSTEM» վարժարանի հետ համատեղ իրականացվելու է «Սիրո գերազանցությունը» խորագրով միջոցառում՝ վարժարանի վեցից յոթերորդ դասարանի սաների համար: «ArtSTEM» վարժարանի հետ նախատեսվում է ողջ տարվա ընթացքում իրականացնել միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն տարբեր եկեղեցական տոների։
Փետրվարի 15
Ժամը 9:30- Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ժամը 10:00- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին: Սուրբ Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ժամը 11:00- Տոնական Ս. Պատարագ կմատուցվի Ս. Սարգսի անունը կրող երկու եկեղեցիներում:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողություն։
Ժամը 16:30 - «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը Ս. Սարգսի տոնի առթիվ արդեն 9-րդ անգամ կներկայացնեն «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Չբացահայտելով նվիրողի անձը՝ գրախանութից զանգահարում ու տեղեկացնում են, որ իրենց սեր են խոստովանել գրքով: Խոստովանություն-գրքերի հանձնումը տեղի կունենա «Բուկինիստի» Ամիրյան 2 մասնաճյուղում: Անակնկալ նվերներ կստանան բոլոր համարձակները, որոնք սեր են խոստովանել գրքերով:
Ս. Սարգսի տոնին նվիրված նախաձեռնություններ
Փետրվարի 12-16 - Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահում կցուցադրվի 18-րդ դարի անհայտ հեղինակի՝ Ս. Սարգսի սրբապատկերը: Այն պատկերասրահ է բերվել խորհրդային տարիներին Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց:
Բացառիկ ցուցահանդես - Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ArtAM Gallery հարթակում ցուցադրվում են զինհաշմանդամություն ունեցող, գեղանկարիչ, ժողովրդական վարպետ Գարիկ Միքայելյանի ստեղծագործությունները, որոնք պատմում են հայրենիքի, բնության ու մարդու նկատմամբ սիրո մասին: Գարիկը ձեռքեր չունի, բայց նկարում է ոտքով: Ցուցադրությունը նվիրված է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին:
Փետրվարի 14-ին`ժամը 12:30 և 15:00, Հ. Շարամբեյանի անվան ժող. արվեստի թանգարանի վարպետները Փայտարվեստի ցուցասրահի այցելուներին կօգնեն պատրաստել հայկական հուշանվերներ իրենց սիրելիների համար։ Թանգարանի բակի սիրո տնակում այցելուները կարող են գեղեցիկ լուսանկարներ անել` հիշարժան դարձնելով սիրո հայկական տոնը։
Փետրվարի 15, ժամը 15:00 - Հայաստանի ազգային պատկերասրահի «Արտ բազիս» գրադարանում տեղի կունենա «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությունը։ Բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյան։
Փետրվարի 15, ժամը 14:00 - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում նշվելու է Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը՝ ընթերցելով նրանց փոխադարձ սիրային նամակները։
Փետրվարի 15 - Գրականության և արվեստի թանգարաննի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։ Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալու իրենց սիրելիի համար։
Փետրվարի 15, ժամը 15․00- Երիտասարդական ակումբների դաշնությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու տարվա ամենասիրառատ օրվա՝ սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին (Մաշտոցի 4, 1/1 REFORM կենտրոնում): Օրակարգը հագեցած է լինելու թեմատիկ վիկտորինայով և երգերով։ Ի դեպ, սա հրաշալի հնարավորություն է՝ սիրելիին սեր խոստովանելու համար։
Փետրվարի 15, ժամը 12.30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Պանո» սրահում կիրականացվի սիրելիների համար նվերներ պատրաստելու վարպետության դաս։
Փետրվարի 15, ժամը 19։00- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այդ օրվա ներկայացումը նվիրվում է Ս. Սարգսի տոնին: Հանդիսատեսի համար նվերներ են պատրաստել «Մագաղաթ» հրատարակչությունն ու Ժողովրդական արվեստների թանգարանը։
Փետրվարի 15, ժամը 13։00- Հայաստանի պատմության թանգարանում դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։ Միջոցառմանը կմասնակցեն պատահականության սկզբունքով ընտրված 10 հաջողակ զույգեր։