Մաքրենք մեր մարմինները, մտքերը, հոգիները. Առաջավորաց պահքը սկսված է
Մաքրենք մեր մարմինները, մտքերը, հոգիները. Առաջավորաց պահքը սկսված է
Փետրվարի 10-ից մեկնարկում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը՝ հաստատված 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից:
Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցում տարվա կեսը պահոց շրջան է. պահքը քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է: Հայոց առաջին ազգային պահքը նաև հիշեցում է հայ ժողովրդին և ունի կարևոր պատգամ՝ ազգովի դարձի գալու:
«Այս տոնը հիշատակ է հայ ազգի դարձի, ապաշխարության, քրիստոնեության ընդունման, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական սկզբնավորման ակունքում է: Եթե մենք էլ այսօր ապաշխարենք, լինենք պահեցողության մեջ, մաքրվենք մեղքերից, մեր ազգը կունենա փրկություն»,- նշում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:
Հոգևորականը հիշեցնում է՝ Առաջավորաց պահքից կամ Առաջավորքից առաջ հայոց աշխարհում պահք ու ծոմ պահել են, քանի որ կային քրիստոնեական համայնքներ, բայց կանոնական կերպով, համազգային ընդգրկմամբ ու նշանակությամբ սա առաջինն էր: Գրիգոր Լուսավորչի շնորհիվ այն դարձավ համահայկական ու հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:
Քրիստոնյա դառնալու ճանապարհին
Ինչպես վկայում են եկեղեցական հայրերը, հայոց առաջին հայրապետը, Տրդատ թագավորին ու հայ ժողովրդին մկրտելուց առաջ, նրանց պատրաստել է՝ դառնալու քրիստոնյա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 65 օր քարոզեց և սահմանեց, որ 5 օր մարդիկ ծոմ պահեն, մաքրեն իրենց մարմինները, մտքերը, հոգիները, որ կարողանան լիարժեք ընդունել Քրիստոսին և Աստծո խոսքը, դառնան ճշմարիտ հավատքի»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:
Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Գրիգոր Լուսավորիչը հաստատեց պահքը և ի հիշատակ պատվիրեց ամեն տարի շարունակել նույնությամբ: Քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, կոչվեց Առաջավորաց: Ամեն տարի հայ քրիստոնյաները
Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ պահում են Առաջավորքը, որը տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ:
Նշված օրերի ընթացքում եկեղեցում չի ընթերցվում Սուրբ Գիրք կամ Ավետարան, չի մատուցվում Սուրբ Պատարագ, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար հիշատակվում է Ադամի անկումը: Քանի որ այս պահքը սահմանվել է նահապետների կողմից, որոնք կային Օրենքից և Ավետարանից առաջ, այն պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակության օրն է, կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:
«Հովնան մարգարեի օրինակը ցույց է տալիս, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո ողորմությանը: Մարգարեի ծոմապահությունը, ապաշխարությունը դարձան օրինակ: Նրա քարոզչությամբ, ծոմապահությամբ փրկվեցին նինվեացիները»,- նշում է Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը:
Ինչո՞ւ 5 օր
Եկեղեցու հայրերն ասում են. մենք հինգ զգայարաններով ենք գործում մեղքեր ու հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները: Ըստ ավանդության, երբ Ադամը դրախտից վտարվեց, հինգ օր պահք պահեց ու կերավ երկրի պտուղներից: Ադամի որդիներն էլ նրանից սովորելով հնգօրյա պահք պահեցին, հետո նաև Նոյը՝ տապան մտնելուց առաջ ու դուրս գալուց հետո: Հնգօրյա պահք են պահել Աբրահամը, Հակոբը և Հովսեփը:
Արարիչն ամբողջ աշխարհը ստեղծեց վեց օրում, ստեղծեց կենդանիներին, տվեց նրանց աճելու ու բազմանալու հրամանը: Այդ ժամանակ, սակայն ուտելու հրաման դեռ չէր տվել: Այդ հրամանը մարդուն ու կենդանական աշխարհին տվեց վեցերորդ օրը, այսինքն՝ հինգ օր հետո: