Սուրբ Ծննդյան հրաշքը՝ երեխաների բեմադրությամբ

Սուրբ Ծննդյան հրաշքը՝ երեխաների բեմադրությամբ

Հունվարի 26-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրությամբ ներկայացրին Հիսուս Քրիստոսի Ծննդյան հրաշքը և ներկաներին փոխանցեցին Սուրբ Ծննդյան ավետիսը: Միջոցառման կազմակերպիչներն էին Քրիստինե Ղազարյանը և Մարգարիտա Հովհաննիսյանը:

 

Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով:

 

Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

 

«Քրիստոս ծնվեց մարդկանցից հեռու մի քարանձավում, մսուրում, քանի որ իջևանելու տեղ չուներ: Եսայի մարգարեն ասում է. «Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»: Ես ցանկանում եմ, որ ամեն տարի, երբ տոնակատարում ենք Քրիստոսի Ծնունդը, Քրիստոս ծնվի ոչ թե հեռու քարանձավում, այլ բոլորիս սրտերում: Ես ցանկանում եմ, որ մենք մեր սրտերում զգանք Սուրբ Ծննդյան ավետիսի փոխանցած ջերմությունը, ուրախությունը, խաղաղությունը, քանի որ որտեղ կա սեր, այնտեղ չկա թշնամանք, ատելություն, անտարբերություն: Այդ սերն այսօր պակասում է մեր ազգին»,- իր խոսքում նշեց Տեր Զենոնը:

 

Միջոցառման ավարտին մանուկների շուրթերից հնչեց Սուրբ Ծննդյան շարականը` «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան...»: Ներկաները հայտնվեցին Բեթղեհեմյան հրաշափառ Աստվածահայտնության իրողության մեջ:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2025-01-27
×