Կանաչ կիրակի. Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան

Կանաչ կիրակի. Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հաջորդած երկրորդ կիրակին է։ Այն կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը: 

Օրվա խորհրդի մասին զրուցել ենք Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի հետ։


 

- Տե՛ր հայր, ինչու՞ է այս կիրակին կոչվում Կանաչ։

- Աշխարհամատրան կիրակին նաև Կանաչ ենք կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, այդ նմանությամբ՝ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը։ Այսօր մենք տոնախմբում ենք Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հիմնադրության փառապանծ տոնը։

Տիրոջ հարության այս հոգենորոգ օրերին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է աշխարհի առաջին Եկեղեցու հիմնադրումը, որի կենդանի վեմը Հիսուս Քրիստոս է։ Նրա վրա հիմնվեց Աստծո տունը՝ Սուրբ Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական։ Ընդհանրական Սուրբ Եկեղեցին աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների․ այն վերնատուն է։ Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել  Նրա հետ, ընդունել Նրա անապական մարմինը՝ իբրև մեր մեղքերի թողություն, իբրև մեր փրկությունն։ 


 

- Ի հիշատակ առաջին եկեղեցու, որտեղ հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը ՝ կիրակին կոչվում է աշխարհամատրան։ Քրիստոնյան ի՞նչ գիտակցումով պետք է Սուրբ Հաղորդություն ստանա։

- Սուրբ Հաղորդության խորհուրդը Տեր Հիսուս Քրիստոս հաստատեց Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ։ Յուրաքանչյուր Քրիստոնյա, ով Տիրոջ հաստատած Առաքելական Եկեղեցու հետևորդ է և անդամ, պետք է ստանա Սուրբ Հաղորդություն՝ մեղքերի թողության և փրկության համար։ Բայց ամենից առաջ, կարևոր է պատրաստ լինել հոգով և մարմնով ընդունելու Տիրոջ մարմինը և արյունը։ Սուրբ Խորհրդին չպետք է նայել իբրև սոսկ հացի կամ պարզ գինու, քանզի այդ ճշմարիտ մարմինն է Քրիստոսի, իսկ գինին՝ ճշմարիտ արյունը։ Պետք չէ արհամարհանքով, սոսկ ցուցամոլությամբ, մեղսածին մտքով մոտենալ Սուրբ Հաղորդությանը։ Այդպիսի քրիստոնյայի հոգու համար կիզիչ կրակ է այն, որը այրում է մեղավորին։ Պետք է ապաշխարել ամենից առաջ, մաքրվել մեղքերից։


 

- Ո՞րն է Եկեղեցու դերն ու նշանակությունը քրիստոնյայի կյանքում։

- Սուրբ Եկեղեցին մեծ խորհուրդ և նշանակություն ունի մեզ համար։ Մարդկության փրկության և հավիտենական արքայության համար մեզ սրբելու և այս աշխարհի փորձությունները հաղթելու։ Եկեղեցին քրիստոնյայի աստվածային տեսիլքի իրագործումն է աշխարհում։ Հավատ, իմաստություն և զոհողություն է պետք յուրաքանչյուր քրիստոնյա մարդու աստվածային տեսիլքով հաստատվածը արժևորելու և ապրեցնելու համար, որովհետև Եկեղեցով է շարունակվում աստվածային փրկագործությունը։ 

Քրիստոնյան՝ որպես Սուրբ Եկեղեցու մեկ մասնիկ պետք է միասիրտ, միահոգի, մեկ հավատով և մեկ մկրտությամբ Սուրբ Հոգով միացած լինի իր հավատացյալ եղբայրներին և քույրերին՝ ի Քրիստոս։ Ճշմարիտ Եկեղեցին հիմնված է Աստվածաշնչի առաքելաշավիղ վարդապետության և սրբազան ավանդության վրա։ Եկեղեցու գլուխը Քրիստոս է՝ մեր հավիտենական հովիվը, որ մեզ առաջնորդում է ճշմարիտ հավատի ճանապարհով։

Մենք Սուրբ Եկեղեցու միջոցով հաղորդակցվում ենք Տիրոջ հետ, վերականգնում մեր միությունը Նրա հետ։ Հավատավոր ամեն անձ, իր աղոթքով և խորհուրդներին մասնակցելով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ կենդանի է պահում Տիրոջ տունը։  Այն սրբազան մի վայր է մեր Երկնավոր Հոր հետ հանդիպման համար, հետևաբար՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես պետք է գարնան հոտավետ ծաղիկների պես զարթոնք ապրի և զարդարված, գեղեցկացած լինի՝ իր հավատավոր զավակների և ողջ հոգևոր դասի աղոթքների ներքո։


 

- Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու հավիտենականությունը։ Առանց հավատավորների Եկեղեցին կարո՞ղ է հավիտենական լինել։

- Մեր ազգը դժվարին ու ծանր ճանապարհ է ունեցել է, և այդ ճանապարհին մխիթարող և առաջնորդող եղել է Սուրբ Եկեղեցին։ Իր քրիստոնեական 2000-ամյա պատմության մեջ մեր Սուրբ Եկեղեցին անբեկանելիորեն շաղկապված է իր անցյալին և ներկային։ Ազգի միավորողը կա ու կմնա մեր Եկեղեցին։ Պատմության ընթացքում՝ հռոմեացիները, պարսիկները, թաթարները, մեր օրերում՝ թուրքերը, թրքահպատակ ազերիները, անգամ աղանդավորների չարածին գաղափարախոսությունները չեն կարողացել սասանել Եկեղեցու հիմքը, քանզի սուրբ է այն, անշարժ ու ամրակուռ։  


 

- Ի՞նչ խորհուրդ պետք է դնենք գարնան զարթոնքը խորհրդանշող այս օրվա հիմքում՝ մեզ պատուհասած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։

- Մեր Եկեղեցին և ազգը հաղթական է Տիրոջով։ Այսօր դժվարություններով է լցված մեր կյանքը․ հաճախ վհատվում ենք և հուսահատվում։ Դժվարություններ միշտ եղել են ու կլինեն, բայց պետք է հիշենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչի ճանապարհը, որը հաղթական ավարտ ունեցավ։ Միշտ պետք է հիշենք մեր նախնիների անկոտրում կամքն  ու հավատը, նրանց անմնացորդ նվիրումը՝ մեր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ։ Նրանց հավատը մեր ներկայի և ապագայի ապացույցն է, թեկուզ մեզ համար դժվար է այսօր, բայց մենք կանք և կլինենք հաղթանակած, առյուծածին սերունդներ տվող, մշակույթ կերտող և արարող ազգ։ Այսօրվա մեր էությունը, մեր միասնականության մեջ է, քանի որ Աստծո Եկեղեցին է միասնականը և մեր հայոց երկիրը։

Մենք չպետք է հեռանանք ճշմարիտ հավատից և մեր Սրբազան Եկեղեցուց, միշտ պետք է սիրենք նրան, սրբվենք նրանով և հաղթենք՝ հանուն նրա։


 

Վիկտորյա Մարկոսյան

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×