Ջրօրհնեքի կարգ՝ բուժկենտրոնի մատուռում

Ջրօրհնեքի կարգ՝ բուժկենտրոնի մատուռում

Հունվարի 14-ին ջրօրհնեքի կարգ է կատարվել Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Սուրբ Աստվածածին մատուռում: Կարգը կատարել է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

 

Հոգևորականի խոսքով՝ ամեն տարի մատուռում կատարվում է ջրօրհնեքի կարգ,   հիվանդներին և բուժաշխատողներին փոխանցվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: 

 

«Բուժում է բժիշկը, բժշկում Աստված: Մենք՝ որպես հոգևորական, չմերժելով բժիշկների միջնորդավորված միջամտությունը, հիվանդների կյանքում անչափ կարևորում ենք նաև Աստծո ուղղակի միջամտությունը: Աստծո պահպանիչ զորությունը խառնվում է ջրին: 

 

Բազմաթիվ են վկայությունները, որ դրանից խմող հիվանդները բժշկվել են իրենց ախտերից»,- նշեց Տեր Աշոտը: 

 

Օրհնած ջուրը բաժանվել է բուժաշխատողներին և հիվանդներին։ Արարողությանը մասնակցել են կենտրոնի բուժաշխատողները: Ամեն տարի մատուռի խաչքավոր է ընտրվում բժիշկներից մեկը: 2025 թվականին ընտրվել է բժիշկ Արգիշտի Արոյանը:

Հոգևորականն այցելել է կենտրոնի հիվանդներին: Բուժում ստացող անձինք ստացել են Սուրբ Հաղորդություն: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-01-15
×