Հունվարի 14-ին Սուրբ Հովհաննեսի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը:
Հովհաննես Մկրտիչը՝ մարգարե, առաքյալ, ճգնավոր, նահատակ…
Թվարկածները վկայում են նրա մեծ առաքելության մասին:
Սուրբ Հովհաննեսի ճանապարհը՝ օրինակ
Սրբերի կյանքը մեզ համար օրինակ է՝ հետևելու նրանց, դարձնելու նրանց կյանքը մեզ համար ուղենիշ, ճանապարհ, նշում է Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Դանիել քահանա Բաղումյանը.
«Պետք է Սուրբ Հովհաննեսի նման լինենք ճշմարտախոս: Նա պայքարեց ճշմարտության համար, խոսեց անիրավության դեմ: Պետք է Սուրբ Հովհաննեսի նման լինենք ուժեղ, հզոր, քաջ: Երբեք չդադարենք խոսել ճշմարտության մասին, երբեք չդադարենք պայքարել Տիրոջ խոսքի համար»:
Տեր Դանիելն իր խոսքում նշում է նաև սրբի ծննդյան հրաշքի մասին: Եղիսաբեթը և Զաքարիա քահանան զավակ չունեին, և Հովհաննեսի ծննդյան լուրն ավետում է հրեշտակը:
«Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյամբ, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։ Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու» (Ղուկաս 1:13-17):
Զաքարիան չի հավատում ու համր է դառնում մինչև զավակի ծնունդը: Ըստ Ավետարանի՝ երբ Եղիսաբեթը զավակ է ունենում, շատերին է զարմացնում, որ նրան հոր անունը չեն տալիս:
«Զաքարիան դեռ համր էր, խնդրում է՝ իրեն մի տախտակ տան ու վրան գրում է զավակի անունը` Հովհաննես, ինչը նշանակում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն: Զաքարիայի լեզուն բացվում է: Սա նաև մեզ համար նշան է, որ Աստված մեր կյանքում հրաշքներ պիտի գործի, եթե վստահենք ու հավատանք Նրան»,- ներկայացնում է Տեր Դանիելը:
Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր Փրկչին, ճանաչել ու Հիսուսի աշխարհ գալու համար ցնծացել է Նրա ծննդից առաջ: Ղուկաս Ավետարանիչը վկայում է մեկ այլ հրաշքի մասին: Երբ Եղիսաբեթի մոտ է գնում Սուրբ Մարիամ Աստվածածինը, Եղիսաբեթը, Սուրբ Հոգով լցվելով, բացականչում է. «Երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում»:
Նա, ով եկել էր Լույսի մասին վկայելու
Սուրբ Հովհաննեսն իր գործունեությամբ նախապատրաստում է Աստծո Որդու գալուստն աշխարհ, հարթում է Նրա ճանապարհը: Պատահական չէ, որ նրան անվանում են Հովհաննես Կարապետ, Նախակարապետ, այսինքն՝ առջևից գնացող:
«Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին» (Հովհաննես 1:8):
Հովհաննեսի մանկությունն ու պատանեկությունն անցնում են մենակության մեջ: Անապատում նա սնվում էր վայրի մեղրով, մորեխներով: Ավետարաններում նա նույնացվում է Եսայի մարգարեի կողմից մարգարեացված «Անապատի մեջ կանչողի ձայն»-ի հետ, որը ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։ Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ, և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը» (Ղուկաս 3:4-6):
Ձայնը հորդորում էր ապաշխարել, քանի որ երկնքի արքայությունը մոտեցել է:
Հովհաննեսի գործունեության կիզակետը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելն էր. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը» (Հովհաննես 1:36):
Հովհաննես Մկրտիչը մինչև կյանքի վերջ շարունակում է խոսել ճշմարտության մասին ու դատապարտել անիրավությունները և ի վերջո նահատակվում: Հերովդես թագավորը, իր եղբոր կնոջը հափշտակելու պատճառով՝ իրեն հանդիմանելու համար, նախ բանտարկում է Հովհաննեսին և գլխատել տալիս նրան:
Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից ձեռնադրված վերադառնում է, ապա իր հետ բերում է Հովհաննես Մկրտչի մասունքներից ու զետեղում Մուշ քաղաքի մոտակայքում՝ հայոց հողի վրա հաստատված առաջին հայտնի աղոթատեղիներից մեկում, որտեղ հետագայում կառուցվում է Սուրբ Կարապետ վանքը՝ մեր Եկեղեցու հռչակավոր ուխտավայրերից մեկը: