Քրիստոնյաներս պետք է իրապես արժանի լինենք մեր անվանը՝ մեր կյանքով, գործով

Քրիստոնյաներս պետք է իրապես արժանի լինենք մեր անվանը՝ մեր կյանքով, գործով

Քրիստոսի Անվանակոչության տոն
 

Հունվարի 13-ին՝ Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: 


Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը հիշեցնում է՝ քրիստոնյաների համար Անվանակոչության տոնը հիշատակ է հոգևոր, սրտի թլփատության:


«Թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց (Հռոմեացիներ 2:29):


Հորդոր՝ Քրիստոսի անունը կրողներին


Անուններն ունեն իրենց խորհուրդը. Մարիամ նշանակում է՝ լուսավորյալ, Մովսես՝ ջրից հանված, Զենոն՝ զինվորյալ, մարտիկ, Հովհաննես՝ հնազանդ՝ Տիրոջ խոսքին: Հիսուս նշանակում է՝ Փրկիչ: Այս անունը Նա ստացավ ութ օրականում, երբ Սուրբ Աստվածածինը և Հովսեփը Նրան տարան Տաճար: Հրեական սովորության համաձայն՝ տղա զավակներին ծնվելուց ութ օր հետո թլփատում էին, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի ու աստվածային ուխտի կնիքը:
 

«Երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում» (Ղուկաս 2:21): 


Այս անունը մարդկության համար բացեց նոր էջ: Հիսուսի թլփատությունը ոչ թե անհրաժեշտության, այլ հաստատված օրենքը հարգելու ու կատարելու համար էր: Նա ցույց տվեց Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ: Հինն ամբողջովին կատարեց ու դրեց նորի սկիզբը՝ մկրտության ու շնորհի:


«Մինչև Քրիստոսի գալը մենք օրենքի իշխանության ներքո էինք: Քրիստոս եկավ ազատագրեց մեզ այդ օրենքից: Մենք այլևս շնորհի ներքո ենք: Մարմնական թլփատությունը քրիստոնյաներիս համար փոխվեց սրտի թլփատության, այսինքն՝ մկրտության: Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ մեր երեխաներին 8 օրականում տանում ենք՝ մկրտության: Ընկղմվելով ավազանի մեջ և դուրս հանելով նրանց անուն ենք տալիս: Այդ պատճառով այն կոչվում է ավազանի անուն»,- ներկայացնում է Տեր Զենոնը:


Անունները շատ բան կարող են պատմել մարդկանց մասին: Կարևոր է երեխային անուն դնելիս մտածել անվան նշանակության մասին, սակայն հոգևորականի հորդորն է՝ մտածել մեր ընդհանուր անվան մասին: 


«Մենք կոչվում ենք քրիստոնյաներ, այսինքն՝ Քրիստոսի անունը կրողներ: Մենք օծյալ Փրկչի կնիքը կրում ենք մեր անձերից ներս: Քրիստոնյաներս պետք է կարողանանք իրապես արժանի լինել այդ անվանը՝ մեր կյանքով, գործով, կենցաղավարությամբ,- հավելում է հոգևորականը:


Անի Ավագյան

 
  • 2025-01-13
×