Մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:  

 

Ս. Պատարագի ընթացքում պատարագիչ Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքը՝ ուղղված Նավասարդ Սրբազանին:

 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

 

«Սիրելի՛ Սրբազան,

 

Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը և շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, տիրախնամ թեմիդ ուխտապահ եկեղեցականաց դասին, թեմական ու համայնքային վարչությանց հարգարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:

 

Բեթղեհեմյան քարայրում ծնվեց Փրկիչը՝ Աստծո Միածին Որդին, որին փառաբանում են հրեշտակները հոգևոր երգերով և ավետում աշխարհին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. Բ 14)։

 

Խաղաղ ու անվտանգ կյանքի հույսով է բարեպաշտ մեր ժողովուրդը մուտք գործում փրկչական 2025 թվական: Հավատում ենք, որ Բարձրյալն Աստված իր առատ օրհնություններով զորավիգ պիտի լինի ազգիս հայոց՝ հաղթահարելու առկա մարտահրավերներն ու դժվարությունները և հաջողություններ արձանագրելու ազգային մեր իղձերի ու տեսիլքների իրականացման ճանապարհին:

 

Հայրապետիս հորդորն է, որ բազմապատկեք Ձեր ջանքերն ու հանձնառությունները ազգային կառույցների հետ աշխույժ գործակցությամբ արդյունավար նպաստ բերելու հայրենի մեր պետության զորացմանը, Արցախից բռնի տեղահանված մերազնյա զավակների իրավունքների պաշտպանությանը, պատանդառված ու անհայտ կորած հայորդիների տունդարձի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը։

 

Շնորհաշատ ու հոգենորոգ այս տոնին, սիրելի՛ Սրբազան, աղոթում ենք, որ մարդացյալ Տերը խաղաղություն շնորհի համայն աշխարհին և մեր Հայրենիքին և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պարգևի Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք՝ ի փառս Աստծո, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցու:

 

«Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեան, ամէն»։

 

 ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ: ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:

 

Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»

 

Հավարտ Ս. Պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:

 

Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում, իսկ հետո կկատարվի Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը: Սրբալույս Մյուռոնով օրհնված ջուրը կբաշխվի ժողովրդին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2025-01-05
×