Ամենամեծ նվերը, որը կարող ենք տալ Աստծուն՝ մեր սիրտը, հոգին ու միտքը

Ամենամեծ նվերը, որը կարող ենք տալ Աստծուն՝ մեր սիրտը, հոգին ու միտքը

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

 

Հունվարի 5-ի երեկոյան աստվածային լույսը կհասցնենք մեր տներ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է։ Երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

 

Ճրագալույց, ճրագ լուցանել նշանակում է՝ ճրագները վառել: Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է Քրիստոսի Ծննդյան բարի լուրը` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից: Իրենց հետ վերցնում են եկեղեցում վառած ճրագներն ու լուսավորելով փողոցները՝ տուն հասցնում օրհնությունը:

 

«Աստված 3-րդ օրն ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ, և 4-րդ օրը ստեղծեց լուսատուները: Այսինքն՝ խոսքը ոչ թե արևի լույսի մասին է, այլ մարդու ճանաչողության, ճշմարտության փայլատակման մասին է: Ճրագալույցն ունի ճշմարիտ լույսի ծագման խորհուրդը»,- բացատրում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը

 

 

Տեր Տիգրանի խոսքով՝ երբ մենք մեր համախոհների հետ եկեղեցում ենք, որտեղ բոլորը փառաբանում են Տիրոջը, շատ խնդիրներից հեռու ենք, որովհետև, երբ խոսում ենք Աստծուց ու Նրա ճշմարտությունից, մեզ հասկանում է մեր դիմացինը: Ցավոք հաճախ մեր հարազատները չեն ընկալում Աստծո ներկայության կարևորությունը: 

 

«Ճրագը տուն տանելը բարեպաշտական սովորույթ է: Այն ունի ճշմարտության լույսը օջախներ տանելու, մեր հարազատներին հասցնելու և մեր տանն այդ ճշմարտությամբ ապրելու խորհուրդը»,- հավելում է քահանան: 

 

Միայն եկեղեցուց ճրագը վերցնելն ու տուն հասցնելը բավական չէ, որ համարենք՝ քրիստոնյա ենք: Հոգևորականը հիշեցնում է՝ նման ծիսակարգերը մտածված են՝ մարդուն իրական քայլերի մղելու, ոչ թե դրանք փոխարինելու: Ծիսական որևէ գործողություն, բարեպաշտական որևէ սովորություն չպիտի լինի՝ ի հաշիվ կենդանի Աստծո և կենդանի քրիստոնեության: 

 

«Ո՞րն է ամենամեծ նվերը, որ կարող ենք տալ Աստծուն, մեր սիրտը, հոգին ու միտքը, բարիք գործել, ո՞րն է ամենամեծ լույսը, որ կարող ենք տանել տուն՝ մեր կյանքը, ներումը, սերը, բարեվարքությունը»,- հիշեցնում է Տեր Տիգրանը: 

 

Անի Ավագյան

 
  • 2025-01-05
×