Ցավոք մենք կրկին մտածում ենք միայն համեղ կերակուրների, տոնածառը զարդարելու մասին, բայց ոչ իրար սիրելու, միմյանց մասին հոգ տանելու: Սխալ ենք ընկալում Նոր տարվա «նոր»-ը, ասում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը.
«Ամանորը նորի մուտք է, նորի սկիզբ: Պետք է կարողանանք այդ նորի մեջ տեսնել հոգևոր արժեքը: Պետք է կարողանանք նորոգվել, ունենանք հոգևոր առատություն, առատ լինի սերը»:
Երբ մենք ամեն տարի շեշտը նորից դնում ենք միայն առատության, ճոխության վրա և չենք մտածում հոգևորի մասին, նորի մասին խոսք լինել չի կարող: Որքան էլ ամանորյա սեղաններն առատ լինեն, կենացները՝ շատ, միևնույն է փոփոխություն չի լինելու, չենք ունենալու հոգևոր միություն:
Հոգևորականի հորդորն է՝ զորացնենք մեր հավատը, ապրենք Քրիստոսի խոսքի համաձայն, աղոթքով, հոգևոր զարգացմամբ: Երբ հետևենք այս խորհրդին, կդառնանք նոր մարդ:
«Եթե մենք կարողանանք նորոգել մեր հոգևոր կյանքը, սեր, հարգանք ունենանք մեկս մյուսի հանդեպ, ապրենք քրիստոնեական արժեքներով, լինենք քրիստոնյա՝ բառի բուն իմաստով, այսինքն՝ Քրիստոսին կրենք մեր մեջ, մեր սրտում, Քրիստոսով նորը կունենանք մեր կյանքում: Նա Իր օրհնություններով մեզ կառաջնորդի ողջ տարին»,- նշում է քահանան:
Փորձություններ կլինեն, սակայն դրանք մեզ կոփում են: Ամեն օր, ամեն ավարտ նորի սկիզբ է, և այդ նորի սկզբում պետք է լինի Աստծո առաջնորդությունը:
«Մաղթում եմ, որ 2025 թվականը սիրո, խաղաղության և միասնականության տարի լինի, և մարդիկ կարողանան վայելել աստվածային ներկայությունը, հոգևոր առումով վերելք ունենան՝ քրիստոնեական արժեքներով զինված: Աստված գլխավորի հայ ընտանիքի կյանքում»: