Ցանկալի է, որ քրիստոնյան Նոր տարին դիմավորի ոչ թե հարբեցողությամբ, շատակերությամբ, այլ աղոթքով: Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը խորհուրդ է տալիս 2025 թվականը դիմավորել միասին Հայ Եկեղեցում՝ աղոթքով ու մաղթանքով:
Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ, հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր ժողովրդի ապահով կյանքի ու բարօրության համար: Արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ:
«Հավաքվում են մարդիկ, որոնք ցանկանում օրը տոնախմբել աղոթքով և սաղմոսերգությամբ: Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ եկեղեցիներում օրհնվում է նուռը և բաժանվում է հավատացյալներին: Նրանք էլ իրենց հետ տուն են տանում օրհնությունը և փոխանցում ամանորյա մաղթանքը»,- ներկայացնում է Տեր Հրաչյան:
Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, ժամը՝ 10:30-ին եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում գոհաբանական և փառաբանական աղոթքներ կհնչեն առ Աստված՝ տարին խաղաղ անցկացնելու համար՝ հուսալով, որ 2025-ը կանցնի աստվածային խաղաղության մեջ: Ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:
Ներկայացնելով, թե ինչպես պետք է քրիստոնյան տոնախմբի օրը, քահանան ցավով է նկատում, որ Հայաստանում շարունակում են Ամանորին մոռանալ չափավորության մասին: Մարդիկ կարող են իրենց ամբողջ ունեցվածքը վատնել մի քանի օրվա համար, որպեսզի առատությամբ դիմավորեն տարին: Խորհուրդ է տալիս Ամանորին մտածել վերափոխվելու մասին:
«Կարևոր է, որ մեր ազգը նյութականի փոխարեն սնվի հոգևոր արժեքներով, ինչպես եղել է պատմության ընթացքում: Դա ամրություն և զորություն կտա մեզ»,- նշում է քահանան:
Քահանան հիշեցնում է՝ շատակերությունը, որկրամոլությունը մեղքեր են և ծնում են այլ մեղքեր: Չպետք է մոռանանք, որ մենք հոգևոր պատրաստության մեջ ենք և պետք է դիմավորենք Սուրբ Ծնունդը: Դեկտեմբերի 30-ից քրիստոնյաները կարևոր օրվան պատրաստվում են պահքով, ապաշխարությամբ: Պահքը կտևի մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը:
Հունվարի 5-ի երեկոյան կմատուցվի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Ինչո՞ւ ենք Ամանորը տոնում հունվարի 1-ին
Ըստ հայկական օրացույցի՝ հայերի համար Տարեմուտը ժամանակին եղել է նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը: Ք. ա. 2492թ-ին այդ օրը Հայկ նահապետը սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին։
18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրամանով հունվարի 1-ը ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ հայերիս համար: Հունվարը դարձավ ամիսների սկիզբ, որովհետև Քրիստոս, ծնվելով այդ ամսին, ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն: Հունվարի 6-ին, Քրիստոսի ծնունդով աշխարհը նոր սկիզբ ապրեց: