Պահեցողությամբ կկարողանանք հաղորդակից լինել Քրիստոսի ծննդյան լուսավոր խորհրդին
Պահեցողությամբ կկարողանանք հաղորդակից լինել Քրիստոսի ծննդյան լուսավոր խորհրդին
Հայաստանում նախատոնական եռուզեռ է: Մինչև տանտիկինները պատրաստվում են՝ առատ սեղաններով դիմավորելու իրենց հյուրերին, Հայ Առաքելական Եկեղեցին հիշեցնում է զսպվածության մասին, հորդորում պահեցողությամբ պատրաստվել՝ դիմավորելու քրիստոնյայի համար կարևոր օրերից մեկը:
Դեկտեմբերի 30-ից մեկնարկում է Սուրբ Ծննդյան պահքը, որը կտևի մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը:
«Պահեցողությամբ մարդը կկարողանա մաքրվել, անցնել ապաշխարության շրջան և ի վերջո կկարողանա հաղորդակից լինել Հիսուս Քրիստոսի ծննդյան լուսավոր խորհրդին»,- նշում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:
Քահանան հավելում է՝ կարևոր է, որ յուրաքանչյուր քրիստոնյա մտածի. «Շարժվե՞լ այնպես, ինչպես բոլորը, թե՞ մտածել՝ ինչ է մեզնից ակնկալում Տերը, ինչ է ասում Եկեղեցին՝ Աստծո խոսքով»:
Հայ Եկեղեցին ոչ թե արգելում է Տարեմուտը նշել, այլ հորդորում կերուխումերի ու հարբեցողության փոխարեն՝ ունենալ զուսպ կեցվածք: Զգույշ լինենք, չտարվենք հարբեցողությամբ ու մոռանանք այն օրվա մասին, որ գալու է:
Ժամանակին հայերը հետևել են այս խորհրդին, հիշեցնում է հոգևորականը: Քրիստոնյաները Սուրբ Ծննդից առաջ անցել են հիսնօրյա պահեցողության շրջան՝ Հիսնակը: Այժմ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ առանձնացված ընդմիջումներով: Մինչև խորհրդային կարգերը, հայերը շարունակում էին Տարեմուտը դիմավորել պահեցողությամբ: Ցավոք հետագայում միտումնավոր մեծ շուք է տրվել Ամանորի տոնակատարությանը՝ ստվերելու հոգևորը:
Հոգևոր աճի ճանապարհը
Տեր Բարդուղիմեոսը հիշեցնում է, որ պահք պահելիս կարևորենք ոչ միայն սննդային պահեցողությունը նաև մտածենք հոգևորի մասին:
«Պահքի միջոցով թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան: Մարմնական սովորություններից, սննդից հրաժարվելը հնարավորություն է տալիս մարդուն վարժեցնել իր կամքը՝ ցանկությունների դեմ պայքարում, հաղթահարել դրանք: Այն կարող է օգնել, որ մարդն ունենա հոգևոր աճ, կարողանա ինքն իր վրա աշխատել: Սննդի պահեցողությունը պետք է օգնի՝ հոգևոր պահքի մեջ հաստատ մնալուն, որպեսզի հրաժարվենք նաև բարկանալուց, նախանձելուց, վատ արարք գործելուց, վնասակար սովորություններից, մոլություններից»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:
Չպետք է մոռանանք, որ պահքը՝ ինքնամաքրման, զղջման, մեղքերի գիտակցման, աղոթքի, խոկման ընթացքը, հոգևոր դաստիարակության կարևոր միջոց է: