Սուրբ Սարգիսը պատմության և ավանդույթի մեջ

Սուրբ Սարգիսը պատմության և ավանդույթի մեջ

Սասունցի Դավթի հանդիպումը Սուրբ Սարգսին

(Քաղվածք «Սասնա ծռեր» էպոսից)

 

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա: 
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է: 
Դավիթ գնաց, օր սըփ Սարգսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե, գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

 

Փավստոս Բուզանդ
 

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը:

(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

 

Արագահաս Ս. Սարգիս


Աղքատ աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի:
 

Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, թող աղջիկն ամուսնանա հոր ցանկությամբ:


Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում էր այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին:

 

Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով:

Թվում էր, թե աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս սրբի օգնությունը:


Ս. Սարգիսը, լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով իսկույն հայտնվում է, աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

  • 2021-12-08
×