Սուրբ Ծննդյան ժողովրդական ավանդույթները

Սուրբ Ծննդյան ժողովրդական ավանդույթները

Ինչպե՞ս, ի՞նչ ավանդույթներով ու ժողովրդական սովորություններով էին Սուրբ Ծնունդը տոնում մեր պապերը: Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը հիշեցնում է գեղեցիկ ավանդություններից մեկի մասին: 
 


 

Ժամանակին, երբ մարդկանց կյանքից բացակայում էր համացանցն ու հեռուստացույցը,  մարդիկ իրենց կյանքը գեղազարդում էին: Գոհար Գոգոլյանի խոսքով՝ երբ ավարտվում էին Կաղանդի, Տարեմուտի խրախճալի օրերը, խաղերը, հերթը Սուրբ Ծնունդը դիմավորելունն էր: Այն տոնում էին ավելի զուսպ սեղաններով՝ շեշտը դնելով տոնի խորհրդին: 

 

«Ճրագալույցի Պատարագին երեխաները, կուռմադդումից պատրաստված, խաչերով նախշազարդված ճրագներով, եկեղեցուց վերցնում էին լույսն ու շրջում էին տնետուն՝ փոխանցելու Քրիստոսի ծննդյան ավետիսը»,- նշում է մեր զրուցակիցը:

 

Երեխաների ձեռքերից անպակաս էին խուրջինները կամ գործած գուլպաները, որոնց մեջ լցնում էին իրենց բաժինը: Այն ստանում էին, երբ շրջում էին տնետուն՝ բարի լուրը փոխանցելու: Երեխաները ընկույզներով պատրաստում էին շրխկաններ, որ մեղմ երաժշտական ձայն հաներ ու երգում էին ավետիսներ: Ավետիսների ժամանակ տալիս էին բարի լուրը՝ Քրիստոսի ծննդյան, հիշեցնում, որ մարդիկ իրար հետ խռով չմնան, մաղթում էին, որ տունը լցվի բարությամբ: Ի տարբերություն՝ Ծաղկազարդի, Բարեկենդանի, Սուրբ Ծննդյան տոնին երեխաները մեծ աղմուկ չէին բարձրացնում: 

 

Տիկին Գոհարի խոսքով՝ գեղեցիկ ավանդույթը Մեղրաձորում փորձում են պահպանել.

 

«Բառերով նկարագրելու չէ՝ ինչ զգացողություն է ապրում մարդը 21-րդ դարում, երբ ականատես է լինում այդ տեսարանին: Մթության մեջ ստեղծվում է գողտրիկ տեսարան: Պետք է վայելել հոգևոր մեծ էներգիան: Շատ կարևոր են մարդկային հարաբերությունները: Երեխաները ոգևորվում են մարդկանց ընդունելությամբ ու այդպես դաստիարակվում»:

 

Իսկ ինչո՞ւ է այսօր անհրաժեշտ պահպանել նման ավանդույթները՝ պատրաստել շրխկաններ, դդմե ճրագներ, խուրջին կամ գուլպա, երբ մեր կենցաղում արդեն խոսում ենք արհեստական բանականության մասին: Տիկին Գոհարն այս հարցը ինքն իրեն բազմիցս տալիս է: Հասկացել է՝ արհեստական բանականությունը կուլ կտա մարդկանց, եթե մենք չվերադառնանք մեր նախնիների կենցաղին ու ավանդույթներին: 

 

«Գուլպա գործելուց, իլիկ մանելուց, տնետուն շրջելուց հետո՝ երեխաները հաճախում են, օրինակ՝ «Արմաթ» լաբորատորիա: Վստահ եմ՝ այդ երեխաների մեծ մասը դառնալու են ժամանակի պահանջված մասնագետներ: Դա բնավ չի խանգարում, որ վերհիշեն իրենց նախնիների սովորությունը և պահպանեն: Եթե ծառն արմատներով չսնվի հողից, ժամանակի ընթացքում կչորանա, չի տա անուշահամ պտուղներ: Կարևոր է հասկանալ՝ որտեղից ենք եկել, ուր ենք գնում ու չկտրվել արմատներից, չկորցնել մեր դիմագիծը»,- նշում է մեր զրուցակիցը:

 

Հնում մեր նախնիները պահել են նաև Սուրբ Ծննդյան պահքը՝ այն չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդող օրերին: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, պահք է: Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր Հայ Եկեղեցին հորդորում է պատրաստվել Սուրբ Ծննդին՝ պահեցողությամբ, ինքնաքննությամբ ու անկեղծ ապաշխարությամբ: 

 

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը տոնում ենք ութ օր, մինչև հունվարի 13-ը՝ Տիրոջ Անվանակոչության տոնը: Այդ օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով:

 

Անի Ավագյան

 
  • 2024-12-25
×