Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հանուն Քրիստոսի նահատակված առաջին մարտիրոսի հիշատակության օրը։ Սուրբ Ստեփանոսն իր հավատով, նվիրումով օրինակ է քրիստոնյաների համար՝ ճանաչելու ճշմարտությունը:
Առաջին քրիստոնյան, որն իր արյունը թափեց Քրիստոսի սիրո համար
Նա սիրեց, նվիրվեց, ապրեց Տիրոջ հետ ու նահատակվեց, բայց չուրացավ, չդավաճանեց Աստծուն. Ստեփանոսն իրական քրիստոնյայի օրինակ է: Ինչպես նշում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, Ավետարանը ոչ միայն պետք է կարդալ, այլև պետք է ապրել, իսկ Ստեփանոսն ապրված Ավետարանի կյանքն է:
«Մենք քրիստոնեություն ենք քարոզում ոչ թե բառերով, այլ մեր կյանքով: Նեղությունների մեջ Աստծուն հավատարիմ մնալով, Տիրոջ պատվիրանները պահելով մենք ապրում ենք Ավետարանը»,- հավելում է քահանան:
Ստեփանոսը հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր (Գործք Առաքելոց 6:5), այսպես է բնութագրվում Սուրբ Գրքում: Առաջին դարում առաքյալների կողմից ընտրված յոթ սարկավագներից էր: Նրանք ունեին աղքատների, կարիքավորների մասին հոգ տանելու պարտականություններ:
Ստեփանոս նշանակում է պսակավոր: Ըստ Հայ Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու` նախասարկավագը, երբ գնացել է Սուրբ Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ՝ մկրտվելու, ջրի վրա երևացել է լուսապսակ: Ավետարանի այլ դրվագում կարդում ենք, որ նա իր գլխի վարշամակը փռել է Տիրոջ ոտքերի տակ, երբ Քրիստոսին բերել են քահանայապետի տուն:
Պայքարը, հավատարմությունը՝ օրինակ
Ստեփանոսն առաջին քրիստոնյան է, որն իր արյունը թափել է Աստծո Որդու սիրո համար: Նրա նահատակության պատճառը Քրիստոսի ուսմունքին դեմ մարդիկ էին, որոնք նշում էին, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն ու Մովսես մարգարեին: Սարկավագին տանում են ատյան, որտեղ նա իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է Մեսիան:
Տեր Հուսիկի խոսքով՝ այս դրվագում տեսնում ենք Ստեփանոսի՝ Աստվածաշնչի խորը իմացությունը, իմաստությունը, որով կարողանում է տալ պատասխան՝ իր հավատը պաշտպանելու:
«Սա մեզ քրիստոնյաներիս ցույց է տալիս, որ պետք է իմաստուն լինենք, չբավարարվենք մակերեսային գիտելիքներով: Մենք պետք է իմանանք մեր Եկեղեցու դավանանքն ու հավատարիմ մնանք այդ վարդապետությանը, ինչպես Ստեփանոսը»,- հավելում է հոգևորականը:
Ստեփանոսին սպանում են քարկոծելով, իսկ նա այդ ընթացքում աղոթում էր իրեն քարկոծողների համար. «Ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց» (Գործք Առաքելոց 7:60):
Քահանայի խոսքով՝ նահատակությունը ցնցում էր մարդկանց քարացած սիրտն ու հոգին, հեթանոսները հավատի էին գալիս՝ տեսնելով կենդանի հավատը:
«Սուրբ Ստեփանոսը երբեք չէր նահատակվի, եթե չհավատար հավիտենական կյանքին և Քրիստոսին: Նա ընտրություն է կատարում ՝ լինել մարդահա՞ճ, թե՞ աստվածահաճ: Նահատակվել աստվածահաճության ճանապարհին մարդկանց կողմի՞ց, թե՞ իրեն մահվան դատապարտել մարդահաճության ճանապարհին՝ Աստծու պատվիրանները շրջանցելով»,- նշում է Տեր Հուսիկը:
Նահատակության խորհուրդն այսօր
Այսօր, երբ թվում է՝ հանուն Քրիստոսի նահատակության անհրաժեշտություն չկա, ինչպե՞ս ապրենք, որ արժանի լինենք սրբերի սխրանքներին: Հարցին քահահան հիշեցնում է՝ այսօր առավել քան բարդ է պայքարը, մեր թշնամին առավել նենգ է: Նահատակվողի, մեր սրբերի կյանքը օրինակ է պայքարի:
«Այսօր բոլորս էլ վտանգված ենք: Պետք է պայքարել՝ պահելու մեր Տիրոջ պատվիրանը, ապրելու այդ հավատը՝ որպես միակ ճշմարիտ կյանքի ուղեցույց, դիմակայել մեր ներսում մեր ցանկություններից եկող պատերազմների մեջ, դիմակայել մեր հավատի առջև եղած մարտահրավերներին: Սուրբ Ստեփանոսի կյանքը պատրաստություն էր նահատակության: Մենք քաջությամբ պետք է պատրաստ լինենք դժվարություններին, ինչպես Սուրբ Ստեփանոսը ոգեպես պատրաստ էր այդ նահատակությանը»,- նշում է Տեր Հուսիկը:
Ավանդաբար Սուրբ Ստեփանոսի հիշատակության օրը կատարվում է սարկավագական ձեռնադրություն: