Սուրբ Աբգար նախավկա և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր
Առաջին արքան, որ հավատաց Քրիստոսին ու կոչվեց նախավկա, հայոց Աբգար թագավորն էր: Նա լսեց, հավատաց ու տեսավ Աստծո Որդուն, բուժվեց, մկտրվեց ու դարձավ քրիստոնյա, օգնեց հայոց աշխարհում տարածել Արարչի լույսը:
Աբգար թագավորի կերպարը՝ առաջնորդող դրոշ մեզ համար
Սուրբ Աբգարը դարձավ արքաներից առաջամարտիկն ու չվախեցավ հալածանքներից: Պատմահայր Մովսես Խորենացին Աբգարին՝ Տիգրան մեծի եղբոր Արշամի որդուն, ներկայացնում է որպես հայ թագավոր Եդեսիայում (Ուրֆա), «Հայոց Միջագետք»-ում: Աբգարը Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը հիշեցնում է մեզ հասած աղբյուրներից հետաքրքիր վկայություն. «Մոգերը, երբ Մոկաց գավառից շարժվեցին՝ տեսնելով Բեղթհեմեյան աստղը, եկան Եդեսիա և թույլտվություն վերցրին Աբգար արքայից, որ կարողանան անցնել Պաղեստին աշխարհ: Մոգերն արքային վկայեցին, որ գնում են հանդիպելու՝ Տիրոջը՝ Թագավորին, և աստղը հայոց աշխարհով գնաց դեպի Բեթղեհեմ: Անցան տարիներ, երբ Աբգարը լսեց Հիսուս Քրիստոսի հրաշագործությունների մասին, խոստովանեց, որ Հիսուս Քրիստոս Աստված է»:
Ըստ ավանդության՝ Աբգարը տառապում էր անբուժելի հիվանդությամբ ու նամակ է գրել Աստծո Որդուն. «Աշխարհի իշխան Արշամի (որդի) Աբգարից Հիսուս Փրկչին և Բարերարին, որը Երուսաղեմացիների աշխարհում հայտնվեց, ողջույն»:
Գրության մեջ նշել է, որ հավատում է Նրան ու աղաչում գալ` բժշկելու իր ցավը: Նամակը տեղ հասցնելու համար` ուղարկել է իր նախարարին՝ Անանիային ու մի քանի սուրհանդակների: Աբգար թագավորի սուրհանդակները տարել են նամակը, սակայն Հիսուսը մերժել է հրավերը, քանի որ դեռ առաքելություն ուներ ու պատասխանել է, որ կուղարկի իր աշակերտին՝ կյանք տալու արքային ու բոլոր նրանց, ովքեր նրա մոտ են:
«Հիսուս Քրիստոսի պատասխանը. «Երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ» վերաբերում է Աբգար թագավորին: Մենք ժառանգորդն ենք նրա հավատամքի: Աբգար թագավորի կերպարը մեզ առաջնորդող դրոշ է: Մենք պետք է վերադառնանք մեր նախկին փառքերին: Կարողանանք վերականգնել մեր արժեհամակարգը՝ հիմնված Աբգար թագավորի հավատքի վրա, որը Քրիստոսի դավանությունն է: Պետք է հավատարիմ լինենք Աստծուն, որքան հեռանանք, այնքան կկորցնենք»,- նշում է տեր Շահեն:
Վերը նշված նամակագրությունը պատմագիտական աներևակայելի արժեքավոր գանձ է հատկապես քրիստոնյա աշխարհի համար: Աբգար թագավորի շնորհիվ քրիստոնյաներն ունեցան նաև բացառիկ սրբազան մասունք՝ Քրիստոսի կենդանագիր պատկերը: Ըստ ավանդության՝ սուրհանդակներից Հովհաննեսը կարողացել է պատկերել Քրիստոսին: Հիսուս, երբ տեսել է նկարը, օրհնել է այն, որն էլ բերել են թագավորին: Ասել է թե՝ Աբգարը տեսել է Քրիստոսին: Այն Աստծո Որդու միակ պատկերն է, որ նկարվել է Իր երկրային կյանքի ընթացքում։ Տիրոջ համբարձումից ու Հոգեգալուստից հետո Սուրբ Թադեոս առաքյալը գնացել ու բժշկել է արքային:
Հոգևորականը հիշեցնում է՝ հետագայում Աբգար թագավորն օգնել է առաքյալներին՝ տարածելու Աստծո խոսքն ու նախապատրաստել համազգային դարձը հայոց աշխարհում: Արքան նամակ է գրել Հռոմի Տիբերիոս կայսրին՝ ասելու, որ Քրիստոսի կատարած գործերը հաստատում են, որ Նա Աստված է, ուստի անհրաժեշտ է, որ Նրա Անունը և Ավետարանը քարոզվի իր իշխանության բոլոր կողմերում: Նամակներ է գրել նաև «Ներսեհին՝ Ասորեստանի և Բաբելոնի մանուկ արքային», «Արտաշեսին՝ Պարսից արքային»: Նրանց էլ վկայել է Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Աստծո Որդու: