Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին կամ Կաղանդը, Տարեմուտը դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին:
«Երբ ուսումնասիրում ենք պատրաստված կերակուրները, հասկանում ենք, որ դրանք չեն զիջել իրենց սննդարարությամբ: Ավելի ժուժկալ էին և Նոր տարվա խոհանոցային դրսևորումն ավելի ասկետիկ: Ցավոք այժմ մարդիկ շեշտը դնում են ուտելիքների առատության վրա և ներհայեցողական վերաբերմունք չեն ունենում տոնի կարևոր խորհրդին»,- նշում է Գոհար Գոգոլյանը՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրենը:
Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ: Բրինձը խորհրդանշում է մարդկությանը, իսկ չամիչները նրանք են, ում Աստված ընտրեց՝ Իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է գինի, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Ամանորին կարելի էր ճաշակել աղանձ` համեմված ձավարով ու կանեփով, քունջութով և չամիչով, պասուց դոլմա՝ սիսեռով, ոսպով, լոբով և չամիչով, բայց գլխավոր զարդը քաղցրահամ Տարեհացն էր:
«Տանտիկինն առավոտյան վաղ արթնանում էր ու պատրաստում խմորը, քաղցրով, չրերով, ընդեղենով խորիզը լցնում խմորի մեջ ու թխում: Կարծես ամեն տիկին իր աշխարհայացքի, գեղագիտական ընկալումների սահմաններում էր զարդարում Տարեհացը: Երբ կարդում ենք ազգագրագետների գրառումները, տեսնում ենք, որ հացի կենտրոնում երկրագունդն է եղել և Աստծո արարչությունը, արևը, աստղերը, լուսինը, Կենաց ծառը: Հացը զարդարել են կանեփով, չամիչով՝ ի նշան ժողովրդի»,- նշում է Գոհար Գոգոլյանը:
Տարեհացն ուներ կտրելու հատուկ արարողություն: Տանտիկինն այն ձեռքին դուրս էր գալիս տան շեմ ու տան դովլաթին՝ հաջողությանն էր կանչում ներս. «Դովլաթ ջան, սարն ես, ձորն ես, ներս արի»:
Տանտիկինը մտնում էր ներս ու ընտանիքի անդամների բերանը քաղցր մեղր դնում, որ տարին սկսվի անուշությունով: Տան մեծահասակը տան փոքրի գլխին կամ մեջքին դնում էր Տարեհացն ու կտրում, իսկ երեխան ասում էր, որ կտորը ում տան: Ճաշակողներից ում ընկնում էր ընդեղենի հատիկը՝ լոբին, սիսեռը կամ կոճակը, տարվա բարեբերությունն ակնկալում էին նրանից:
Թխվում էին նաև Ասիլ-Վասիլներ՝ մարդուկների կերպարներով հացեր: Դրանց ուռչելով կամ սմքելով որոշում էին՝ ինչ հաջողություն, ումից ակնկալել:
Տարատեսակ խաղերը, ծեսերն օգնում էին մարդկանց՝ իրենց ժամանակն անցկացնել: Գոհար Գոգոլյանի խոսքով՝ անհրաժեշտ է չմոռանալ ավանդույթներն ու կարևորը՝ տարին դիմավորել ուրախ հոգով, թեթև սրտով, բարի մտքերով: Տարվա ավարտին տան իրերը նորոգելուց առաջ՝ մտածել մարդկային հարաբերությունների նորոգման մասին:
Հոգևորականը շեշտում է հոգևոր պատրաստության կարևորության մասին: Մեր Եկեղեցին ունի պահեցողության շրջան: Չպետք է մոռանալ, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո անհրաժեշտ է պահք պահել: Այն լուծվում է, երբ ստանում ենք Սուրբ Ծննդյան ավետիսը՝ մասնակցելով Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Ժամանակին մարդիկ հետևել են այս օրինակին, հետագայում միտումնավոր մեծ շուք է տրվել Ամանորի տոնակատարությանը, նշում է Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը.
«Խորհրդային կարգերի ժամանակ սկսվեց մեծ շուքով նշվել Նոր տարին՝ ստվերելու հոգևորը: Մարդիկ սկսեցին մեծ նշանակություն տալ Ամանորի տոնակատարությանը՝ մոռանալով, որ այդ օրերը պահեցողության համար են: Եկեղեցին քրիստոնյային հորդորում է պահք պահել, ունենալ զուսպ կեցվածք»:
Պահքը, ըստ քահանայի, անհրաժեշտ է, որ պատրաստ լինենք՝ մասնակիցը դառնալու կարևոր իրադարձության. «Պահեցողությամբ մարդը կկարողանա մաքրվել, անցնել ապաշխարության շրջան և ի վերջո կարողանալ հաղորդակից լինել Հիսուս Քրիստոսի ծննդյան մեծագույն իրադարձությանը»:
Անի Ավագյան
×