Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե Ճգնավորի և Մելիտոս Եպիսկոպոսի հիշատակության օր
Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքակիր աջը: Կմատուցվի Սուրբ Պատարագ, իսկ ավարտին ժողովրդին կբաշխվի հայկական ավանդական ուտեստներից Հարիսան: Արդեն 7 տարի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում այսպես է նշվում Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարուգե Ճգնավորի և Մելիտոս Եպիսկոպոսի հիշատակության օրը: Նրանք ևս հայտնի են իրենց հրաշագործություններով:
Մեծագույն օրինակները
Հակոբ Մծբնա Հայրապետի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով. պատահական չէ, որ նրան ժամանակին կոչել են՝ Սքանչելագործ: Հայտնի է նաև գգոն, իմաստասեր, իմաստուն բնորոշումներով, որոնք ցույց են տալիս հայրապետի հոգևոր կյանքում առաջացած լինելը, նկատում է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Հոգևորականի խոսքով՝ Սուրբ Հակոբը, Մարուգեն Մելիտոսը ողորմության, կարոտյալներին հասնելու, սգավորներին մխիթարելու, քրիստոնեական գերագույն առաքինությունները կրող մեծագույն օրինակներ են:
«Այս ճգնավորներն իրենց նվիրվածության համար Աստծուց ստանում էին շնորհներ՝ մարդկանց բուժելու, ոտքի կանգնեցնելու: Նրանք կարողացել են իրենց ապրելակերպով, նվիրումով սրբագործել Աստծուն պատկանելու կոչումը: Սուրբ նշանակում է ոչ միայն մաքուր, նաև Աստծուն պատկանող: Մարդը, որն ամբողջովին պատկանում է Աստծուն, սրբանում, մաքրագործվում է»,- նշում է քահանան:
Տեր Շմավոնի խոսքով՝ կան ավանդազրույցներ, որ հիշատակվող սրբերը միասին բժշկում էին մարդկանց: Նրանց օրինակը ցույց է տալիս՝ ինչպես կյանքն անցկացնել իմաստավորված՝ զերծ անօգուտ զբաղմունքներից ու լեցուն սիրով:
«Ցանկացած սրբի վարքում տեսնում ենք սեր: Մարդը, եթե ի զորու է հանուն սիրո պայքարել, սխրանք է»,- նշում է քահանան:
Մծբնա Հայրապետը, Մելիտոս Եպիսկոպոսը, Մարուգե Ճգնավորը
Վարքագրական աղբյուրների համաձայն` Սուրբ Հակոբը Գրիգոր Լուսավորչի զարմիկն էր: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները Հակոբին փախցրել են Կեսարիա: Հետագայում նա տեղափոխվել է Պարսկաստան, որոշ ժամանակ ապրել արքունիքում, շատ չանցած թողել ճոխ կյանքն ու դարձել ճգնավոր:
Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում, եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից եղել է Անտիոքի աթոռի եպիսկոպոսը: Նախագահել է 381 թվականի Կոստանդնոպոլսի երկրորդ տիեզերաժողովը:
Մարուգեն ևս սրբակենցաղ էր՝ Հակոբի խորհրդատուն և ուսուցիչն էր: Մծբինի (ներկայիս Թուրքիայի տարածքում) եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի հետնորդը: Ճգնավորի խորհրդով Սուրբ Հակոբին անապատից բերել ու 320 թվականին ձեռնադրել են եպիսկոպոս: Այդ տարածքում մարդիկ դարձի են եկել՝ տեսնելով սրբի կատարած հրաշագործությունները:
Նոյյան տապանի մի մասը
Ըստ ավանդության՝ Սուրբ Հակոբը Մծբինում իմանալով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են, կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռն ու տապանից մի մասնիկ բերել:
«Աղոթքով բարձրանում է լեռը, ճանապարհին, երբ շատ հոգնում է, ննջում է, երազում հրեշտակն այցելում է նրան ու ասում, որ նրա խնդրանքները լսելի դարձան Աստծուն: Երազում հրեշտակը փոխանցում է տապանից մի մաս: Հակոբը արթնանալով տեսնում է տապանի մասունքը»,- ներկայացնում է քահանան:
Նոյյան տապանի այդ մասունքն այսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Անի Ավագյան
×