Հղությունը՝ աստվածային պարգև

Հղությունը՝ աստվածային պարգև

«Աստված լսեց քո աղոթքը». այս խոսքերով է Գաբրիել հրեշտակապետը դիմում Աննային: Հրեշտակը Սուրբ Կույսի՝ Մարիամի ծնողներին փոխանցում է ավետիսը, որ ծնվելու է նա, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում: Այս գեղեցիկ ավանդությունն է Սուրբ Աստվածածնի հղություն տոնի հիմքում: 

 

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը հիշեցնում է՝ հղությունն աստվածային պարգև է, Աստծո պատկերով լույս աշխարհ գալու մարդու նախերգանքը: 



 

Պարգև՝ երկարատև աղոթքներից հետո

 

Սուրբ Աստվածածնի հղություն տոնը հաստատուն կերպով նշվում է դեկտեմբերի 9-ին: Տոնին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: 
 

Մարիամի հղության մասին տեղեկանում ենք սրբազան ավանդությունից: Ըստ որի՝ Սուրբ Կույսի ծնունդը նախապատրաստվել է աստվածային հրաշքով: Մարիամը քահանաների ու թագավորների տոհմից էր, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Ավանդությունը պատմում է, որ Աստվածածնի ծնողները երկար տարիներ երեխա չէին ունենում:
 

«Սուրբ Հովակիմն ու Աննան չէին հուսահատվում, շարունակում էին աղոթել: Այն գեղեցիկ օրինակ է այսօրվա ծնողների համար: Երբեմն Աստված մեծագույն հրաշքները պահում է՝ ցույց տալու Աստծուն ուղղված վստահության մթնոլորտում, որպեսզի Աստծո փառքը հայտնի լինի՝ իր գործած հրաշքների միջոցով»,- նշում է Տեր Աշոտը:
 

Մի օր, երբ Իսրայելի որդիներն ընծաներ էին մատուցում Տիրոջը, և Հովակիմն էլ նրանց հետ էր, քահանան նրան ասում է. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»: Ժամանակին զավակ չունենալը դիտվում էր մեղքի հետևանք: Հովակիմն ու Աննան վրդովվում, բայց շարունակում են աղոթել, խնդրել, հավատալ: Աստված լսում է նրանց աղաչանքը, Գաբրիել հրեշտակապետը Հովակիմին ու Աննային փոխանցում է ավետիսը: 
 

Ըստ քահանայի՝ այս պատմությունը մեզ պատգամում է՝ չնեղսրտել, երբ մեր խնդրանքները Տերը միանգամից չի կատարում.
 

«Աստված իր լավագույն պարգևները տալիս է մարդուն՝ երկարատև աղոթքներից հետո, որպեսզի մարդը, որ սովորաբար հեշտությամբ է ձեռք բերում ցանկացածը և հաճախ դրա արժեքն ու կարևորությունը չի գնահատում, դժվարությամբ ձեռքբերածի համար ավելի հոգածու լինի և գիտակցի դրա մեջ Աստծո պարգևը և ինչպես պետք է երախտապարտ լինել»: 
 

Լուրն իմանալուց հետո՝ Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր աղոթքներն ու խոստանում՝ իր զավակին նվիրել Տիրոջը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին ու մատուցում զոհաբերություններ: Ծնվում է նրանց դուստրը, որին անվանում են Մարիամ, այսինքն՝ լուսավորյալ: Հովակիմն ու Աննան իրենց միածին զավակին ընծայում են Աստծո տաճարին և հետագայում Մարիամն արժանանում է՝ լինել Աստվածորդու մայրը՝ երկրի վրա: 
 

Լույս աշխարհ եկած յուրաքանչյուր մարդ ունի իր առաքելությունը
 

Կարևոր է, որ ընտանիքի անդամներն աղոթեն, ճիշտ խնամքով դաստիարակեն իրենց երեխաներին, նկատում է Տեր Աշոտը: Հոգևորականն իր խոսքում անդրադառնում է ցավոտ խնդրի՝ հղիության արհեստական ընդհատմանը, որը չի տարբերվում մարդասպանությունից: Քահանայի խոսքով՝ այդ ցավոտ որոշումը երբեմն կանայք ընդունում են նաև ամուսնու, հասարակության անտեղի արտահայտություններից դրդված ու կոչ անում անզգույշ խոսքերով չդրդել կանանց՝ կատարելու սխալ քայլեր: Հոգևորականը ծնողներին պատգամում է՝ հիշել, որ զավակ ունենալը Տիրոջ պարգևն է.

 

«Մարդը, որը լույս աշխարհ է գալիս, պատահականության արդյունք չէ, այլ կատարում է Աստծո նախախնամության գործն այս աշխարհում, իրականացնում է երկրի վրա իր առաքելությունը»: 
 

Անի Ավագյան

 
  • 2024-12-09
×