Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք. Կոմիտաս

Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք. Կոմիտաս

Ինչպե՞ս ապրել հայերեն․ հայ ազգի, նրա երաժշտության ու պարի մասին խոսում է Կոմիտաս վարդապետը։

 

Հայ ժողովրդի զավակներին․․․

 

«Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք»։

 

«Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստից, որովհետև ժողովուրդը, որ գեղարվեստ չունի, նշանակում է, թե զգալու կարողություն չունի: Եվ ի՞նչ ժողովուրդ է, որ չի զգում»:

 

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեք նրանից»։

 

«Երգաստեղծության շնորհը գեղջուկի համար մի բնատուր պարգև է և, ամենքն էլ, լավ կամ վատ, խաղ կապել և երգել գիտեն: Նա սովորում է երգաստեղծության արվեստը հենց բնության գրկում, որ նրա անդավաճան դպրոցն է»։

 

«Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես»:

 

«Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք»:

 

«Ոչ մի խոչընդոտ չի կարող կասեցնել ինձ իմ առաքելության մեջ, որի նվիրականությանը հավատում եմ ամբողջ սրտովս»:

 

Հայն ու իր երաժշտությունը

 

«Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչո՞ւ պետք է օտարը իմանա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին»։ 

 

«Ի՞նչ է ազգային երաժշտությունը, ի՞նչն է նյութ տալիս ազգային ժողովրդական երգերին: Արդյո՞ք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դեպքերն ու անցքերը, ժողովրդի ներքին ու արտաքին կյանքը. այո, այս բոլորը, բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով՝ այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանների և մտքի վրա»:

 

«Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է և կենդանություն ու իր մեջ կսնուցի փիլիսոփայությունը, ոգին իր ցեղի, որովհետև երաժշտությունը ցեղի ամենամաքուր հայելին է, ամենահարազատն ու կենդանին նրա բոլոր արտահայտության մեջ, կենդանի, որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրենց ծնունդ տվող ժողովուրդը»:

 

«Ժողովրդական է միայն այն երգը, որ բնազդմամբ և անմիջապես է ստեղծում մի ժողովուրդ։ Մի ազգի ժողովրդական երգերն այնքան բնորոշիչ են, որ չի կարելի օտար և ցեղակից ազգերի հետ խառնել»։

 

«Ազգի լեզուն ու գրականությունը կարող են ձևափոխվել ու զարգանալ՝ օրինակ առնելով ուրիշ ազգերին, բայց երբ այն ինքնահատուկ լեզու և գրականություն ունի, ունի և ինքնուրույն երաժշտություն»։

 

«Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներից կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և՛ համապատասխանող երաժշտություն»։

 

«Ամեն գեղարվեստ, ինչպես՝ երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն և այլն, շարժում է։ Ամեն կյանքի մեջ պար կա։ Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար չէ՞»։ 

 

«Մտավոր զարգացումի աստիճանի վրա է գտնվում պարի շարժումը ևս։ Ուրեմն՝ ազգի քաղաքակրթությանն է կապված իր պարի շարժումների զարգացումը»։

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-12-05
×