Հայոց աշխարհի առաջին լուսավորիչները. Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր
Հայոց աշխարհի առաջին լուսավորիչները. Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր
Նոյեմբերի 30-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ և դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի հայոց առաջին լուսավորիչների հիշատակության օրը: Այն Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հռչակվել է նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Պատարագ կմատուցվի նաև Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում:
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն առաջարկում է հիշատակության օրը ինքներս մեզ հարց տանք՝ ինչի՞ ենք մենք պատրաստ, որ մեր հայրենիքը դառնա ավելի լավը:
Լույսի քարոզիչների առաքելությունը
Սուրբ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները դարձան Հայ Եկեղեցու հիմնադիրները. հայոց աշխարհը լուսավորեցին, պայքարեցին, նահատակվեցին:
«Առաքյալները թափեցին իրենց արյունը Ավետարանի ճշմարտության վկայության համար, ստեղծեցին քրիստոնեական համայնքներ, իրենց աշակերտներին ձեռնադրեցին եպիսկոպոսներ: Ստեղծեցին բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը դարձի գա, Հայաստանը դառնա քրիստոնեական երկիր: Հայաստանում մինչև 4-րդ դար, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը, այստեղ գործում էր 2 եպիսկոպոսական Աթոռ՝ Արտազում և Գողթում»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:
Հոգևորականի հորդորն է՝ հիշատակելով օրը, մտածել ոչ միայն առաքյալների գործունեության նաև մեր առաքելության մասին:
«Առաքյալները, չլինելով հայ, քարոզեցին այս ազգի փրկության համար, փոխանցեցին Քրիստոսի հարության բարի ավետիսը, իրենց կյանքը զոհեցին՝ հանուն այս ժողովրդի փրկության: Մենք հայ ժողովրդի մի մասնիկն ենք, ինչի՞ ենք պատրաստ՝ հանուն հայոց աշխարհի դարձի»,- նշում է քահանան:
Հայոց աշխարհի առաջին լուսավորիչը՝ Սուրբ Թադեոս
Երկու առաքյալները Հայաստանում քարոզել են իրարից անկախ, բայց, ըստ ավանդության, հանդիպել են։ Նույն վայրում` բլուրին կանգնեցրել են Սուրբ Խաչի նշանը: Այնուհետև, խաչը կոչվեց՝ Օթյաց: Այդ վայրն այսօր կարելի է տեսնել Արտաշատ քաղաքում։
Հայոց աշխարհում նախ տեղեկանում ենք Թադեոսի քարոզչության մասին։ Նա նաև հիշատակվում է՝ Հակոբի որդի Հուդա, Ղեբեոս: Առաքյալը նախ քարոզել է Եդեսիա քաղաքում, որտեղ իշխում էր Աբգար թագավորը: Նա բուժել ու մկրտել է արքային, նախարարներին: Հայաստանում նրա քարոզության շնորհիվ շատերն են ընդունել քրիստոնեությունը, նրանց թվում Սանատրուկ արքայի դուստրը՝ Սանդուխտ կույսը: Թագավորը, սակայն, մերժում է քրիստոնեությունն ու նրա հրամանով սպանվում են Թադեոսը և կույսը՝ հայ առաջին կին մարտիրոսը։ Առաքյալը նահատակվել է պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում): Նահատակության վայրում կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Սուրբ Թադե վանքը: Թադեոսն իր հետ հայոց աշխարհ է բերել Սուրբ Գեղարդը, որով խոցեցին Հիսուսի կողը։ Նա բերել է նաև մի բաժին այն յուղից, որը փոխանցել էր Քրիստոսը:
Նախադավան առաքյալը՝ Սուրբ Բարդուղիմեոս
Բարդուղիմեոսը Հայաստան է եկել Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ ու իր հետ բերել Տիրամոր պատկերը: Բարդուղիմեոսը հիշատակվում է՝ Նաթանայել անվամբ, (թարգմանաբար՝ Աստվածատուր), նախադավան առաքյալ, որովհետև առաջինն էր, որ Քրիստոսին ասաց. «Դու ես Աստծո Որդին» (Հովհաննես 1: 49):
Սուրբ Բարդուղիմեոսը, ըստ ավանդության, իր քարոզչությունը սկսել է Պարսկաստանից, հասել մինչև Հնդկաստանի սահմաններն ու եկել Հայաստան: Նա քրիստոնեություն է քարոզել Սանատրուկ թագավորի արքունիքում, ինչի շնորհիվ դարձի են եկել շատերը, Ոգուհի իշխանուհին: Արքան ի վերջո բանտարկել է առաքյալին ու հրամայել չարչարանքների ենթարկել: Ըստ ավանդության՝ առաքյալը ձեռքերը վեր է բարձրացրել դեպի երկինք ու նշել. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, օգնիր հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց: Սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և, որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»:
Խոսքերից հետո հողը շարժվել է, լուսեղեն կամար է իջել սրբի վրա: Նա նայել է երկինք ու ավանդել հոգին: