Սուրբ Հովհան Ոսկեբերան. Արթնության և սթափության մասին
Սուրբ Հովհան Ոսկեբերան. Արթնության և սթափության մասին
«Արթուն եղե՛ք, քանզի չգիտեք օրն ու ժամը»: Մատթեոս 25:13
Չասաց, թե չգիտեմ, այլ թե՝ չգիտեք, քանզի ցանկանում է, որ նրանք միշտ զգույշ լինեն: «Այն էլ իմացե՛ք, որ եթե տանուտերը գիտենար, թե որ ժամին գողը կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն» (Ղուկ. 12:39): Դրա համար էլ չի ասում օրն ու ժամը, որպեսզի արթուն լինենք: «Կգա այն օրը,- ասում է,- երբ նա չէր սպասում» (Ղուկ. 12:46), նաև որ չասեին, թե շատերը գիտեին իրենց մեռնելու ժամանակը և ամրապնդվեցին, դրա համար էլ յուրաքանչյուր վախճանի օր անհայտ դարձրեց: Կարծում եմ, թե այս խոսքերով ծույլերին է հանդիմանում: Քանզի առավել հոգում են իրենց ունեցվածքի մասին, քան հոգու: Որովհետև նրանք, երբ կասկած ունենան, թե հնարավոր է գողերը գան, չեն քնի, կհսկեն, որպեսզի թույլ չտան գողերին թալանեն իրենց: Իսկ դուք, թեև գիտեք, որ գալու է և արդարև իսկ գալու է, սակայն արթուն ու պատրաստ չեք և անպատրաստ եք այստեղից գնալու: Դրա համար էլ քնածի կորուստն այդ օրն է գալու, քանզի եթե նա իմանար, կփախչեր, և դուք էլ, եթե պատրաստ լինեիք, կապրեիք:
Եվ քանի որ հիշեցրեց դատաստանի մասին, այնուհետև վարդապետներին է ուղղում խոսքը և խոսում տանջանքների ու պատվի մասին՝ ասելով. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վերակացու կարգեց» (Ղուկ. 12:42): Եվ սա ոչ միայն ունեցվածքի մասին է ասում, այլև՝ խոսքի, զորության և այն ամենի մասին, ինչ յուրաքանչյուրը հանձն է առնում կատարել: Առակը նաև քաղաքական իշխաններին է ուղղված, քանզի յուրաքանչյուրն ինչ էլ որ ունենա, պետք է օգտագործի ի շահ ընդհանրական օգտի՝ թե՛ իմաստություն, թե՛ իշխանություն, թե՛ հարստություն, և ինչ էլ որ լինի, չվնասելով ծառայակիցներին և իր անձն էլ կորստյան չմատնելով, դրա համար էլ երկուսից է պահանջում: Նրան հավատարիմ է կոչում, քանզի չմտածեց այլ բաների մասին և ոչ էլ տերունականը իզուր վատնեց, նաև իմաստուն, որ իմացավ մատակարարելու օգտակարությունը:
«Արդարև, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի» (Ղուկ. 12:44): Ի՞նչը կարող է այս պատվի հետ հավասարվել կամ ո՞վ կարող է հանդիմանել այս մեծարմանը, երբ Երկնավոր Թագավորը, որ ամեն ինչ իր ձեռքերում է, մարդուն իր ունեցվածքի վրա վերակացու է կարգում: Դրա համար էլ նրան իմաստուն է կոչում, քանզի բարի միտքն արժանի է դառնում փոքրից հասնել մեծ բաների: Այստեղ արթուն եղար, կարժանանաս երկնքի արքայությանը:
«Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի. «Իմ տերը ուշանում է գալ» (Ղուկ. 12:45): Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի խորհուրդներ են առաջանում այդ օրվա մասին չիմանալու հետևանքով, քանզի ասում է, թե իմ տերն ուշանում է: Սակայն կասենք, որ դա ոչ թե այդ օրվա մասին չիմանալու պատճառով է, այլ՝ ծառայի չարության: Ասում ես, թե տերն ուշանում է գալ: Ողորմելի և թշվառական, եթե գալու ակնկալիք ունես, ինչո՞ւ չես հոգում: Այստեղից էլ ուսուցանում ենք, որ տերը չի ուշանում, այլ չար ծառան է այդպես մտածում, դրա համար էլ սկսում է պատուհասել. «Եվ մտածելով, որ կուշանա, սկսում է ծեծել ծառաներին ու աղախիններին» (Ղուկ. 12:45): Կարծում եմ, թե այստեղ ակնարկում է թշնամացողներին և ագահներին և ցույց է տալիս բազում ամբաստանություններ, երբ կերակրելու հրաման ստացավ, սակայն կերակրելու փոխարեն տանջեց: Այստեղ նաև բարեկեցությունն է ակնարկում, քանզի ասում է, թե հարբեցողների հետ ուտում ու խմում են, որկրամոլություն անում: Քանզի հարուստ ես ոչ թե նրա համար, որ վատնես, այլ որ ողորմություն տաս: Քանզի եթե ունեցվածքի տեր ես, թեև արդար վաստակով ես ձեռք բերել կամ ժառանգությամբ ես ստացել, քեզ այն վստահվեց աղքատների համար, քեզ որպես անոթ տրվեց, որպեսզի դրանով առաքինություն ձեռք բերես, արդ, տո՛ւր դրանք նրանց: Դրա համար էլ ցույց է տալիս բարկությունը՝ հրամայելով նրան մեջքից երկու կտոր անել (տե՛ս Ղուկ. 12:46): Նաև իր աշակերտներին ցույց է տալիս սերը, քանզի հարկ է բոլորին հոգ տանել նրանց հանդեպ, ում սիրում են:
Արդ, այս ճանապարհի վրա հաստատուն մնացեք, քանզի դա է, որ երկինք է տանում և Քրիստոսի նման դարձնում:
Դրա համար աղաչում եմ, որպեսզի ամեն ինչ Աստծո վրա դնելով՝ չտրվենք քնի, և ոչ էլ երբ ջանանք մի բան անել, մեր անձին վերագրենք: Աստված չի ցանկանում, որ մենք ծույլ լինենք, դրա համար ամեն ինչ ինքը չի գործում, ոչ էլ ցանկանում է, որ հպարտ լինենք, այդ պատճառով ամեն ինչ մեզ վրա չթողեց և վնասակարները վերցրեց և օգտակարը տնկեց: Ուստի, նաև գլխավորին էլ թույլ տվեց ընկնել, որպեսզի ներքևում հարդարի նրան և առավել սիրո մեջ դաստիարակի, որովհետև ասում է. «Ում շատ է ներվում, շատ է սիրում» (Ղուկ. 7:47):
Ուրեմն, այսուհետև ամենուր լսենք Աստծուն և չհակառակվենք Նրա խոսքին և դրանք մեր մտքին հակառակ չկարծենք, թո՛ղ Նրա խոսքերը մեր մտքում միշտ հաստատուն մնան, քանզի դրանք խաբեություն չեն, Նա երբեք չի վրիպում, իսկ մեր միտքն ու աչքերը բազում անգամներ սխալվում են: