Մեր եկեղեցիներն ու մեր մարդիկ. Նոր Նորքի Սուրբ Աստվածածին

Մեր եկեղեցիներն ու մեր մարդիկ. Նոր Նորքի Սուրբ Աստվածածին

Նոր Նորքի առաջին զանգվածում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակը զարդարում են երեք տասնյակից ավելի հուշարձանները, խաչքարերը: 2024 թվականին Նոր Նորքի Սուրբ Աստվածածինը տոնում է օծման տասնամյակը: Եկեղեցին թեև չափսերով փոքր է, սակայն դա խոչընդոտ չէ, որ կյանքի կոչվի կարևոր առաքելությունը: 

 

Մեր փոքր եկեղեցու մեծ առաքելությունը

 

Չափսերով փոքր եկեղեցին իր շուրջն է համախմբել շատերին. ունի երիտասարդաց, տիկնանց ու տղամարդկանց միություն, կիրակնօրյա դպրոց, գրաբարի խմբակ:

 

«Եկեղեցու համայնքը կոչված է ոչ միայն Հաղորդություն ստանալ Տիրոջից, այլև աստվածային սերն ու եղբայրական մթնոլորտը տարածել միմյանց միջև»,- նշում է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը: Հոգևորականի խոսքով՝ եկեղեցու համայնքաշինական աշխատանքը պահանջում է ամենօրյա ջանք, բայց այդ գործում մենակ չեն.

 

«Աստված, երբ տեսնում է՝ եկեղեցու կյանքում ներգրավված մարդիկ հավատարիմ են իրենց վստահվածին, օրհնում է այդ մարդկանց ջանքերը, տալիս հնարավորություն, որպեսզի իրականցնեն իրեն ծառայությունը՝ Աստծո փառքի համար»: 

 

Մեր մարդիկ

 

Եկեղեցին իր շուրջն է համախմբել տարբեր ոլորտների մասնագետների, որոնք տեղում հարստացնում են իրենց գիտելիքները նաև փորձում ծառայել: Գրաբարի խմբակի անդամները ոչ միայն սովորում են նախնյաց լեզուն նաև կատարում թարգմանություններ:

 

«Մեր առաքելությունն ենք համարում՝ Աստծո խոսքը հասցնել մեր համայնքին, նրանց ներգավվել եկեղեցու կյանք»,-նշում է ծրագրավորող Տիգրանը: Գրաբարի դասերն իրեն օգնել են, որ լավ հասկանա եկեղեցում հնչող սաղմոսներն ու աղոթքները:

 

«Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունն այժմ ունի 25 անդամ: Յուրաքանչուր կիրակի երիտասարդները մասնակցում են Սուրբ Գրքի սերտողության դասընթացներին: Չորեքշաբթի օրերին քարոզխոսությունը համայնքի բոլոր անդամների համար է: Միության անդամներն այցելում են թանգարաններ, մասնակցում հանդիպումների, քննարկումների, սոցիալական ծրագրերի: Միության ատենապետ Ալյոնա Մինասյանը հիշեցնում է երիտասարդներին՝ իրենց ընտանիքում գրկաբաց սպասում են բոլոր ցանկացողներին: 

 

«Եկեղեցին մեզ կապում է Աստծո հետ, երիտասարդաց միությունը հնարավորություն է տալիս՝ դառնալու կրողը Քրիստոսի լույսի, մի մասը՝ Աստծո ընտանիքի և լինել լավ օրինակ: Երիտասարդաց միության նպատակը եկեղեցու դերի և Աստծո մասին պատմելն է»,- նշում է Ալյոնան:

 

Մարիամ Խաչատրյանը տարիներ առաջ մասնակցել է եկեղեցու կողմից կազմակերպված հոգևոր ճամբարին, որը կազմակերպվում է ամեն տարի ամռանը, հետագայում դարձել է համայնքի անդամ: 

 

«Պարբերաբար կազմակերպում ենք ուխտագնացություններ: Հոգևոր հոր հետ այցելում ենք տարբեր սրբավայրեր, վանքեր: Հանդիպումներ ենք ունենում արվեստագետների հետ: Տաղավար տոներին կազմակերպում ենք միջոցառումներ: Ազգային երգ ու պարի դասեր ենք անցկացնում: Կազմակերպում ենք սոցիալական նախաձեռնություններ»,- թվարկում է Մարիամը:

 

Եկեղեցու կիրակնօրյա դպրոց են հաճախում երեք տասնյակից ավելի երեխաներ: Նրանք ստանում են ոչ միայն հոգևոր գիտելիքներ, նաև դասերի ընթացքում ամրանում է երեխաների կապը դեպի հայրենիքը, Եկեղեցին: Սաները մասնակցում են մրցույթների: Տեր Աշոտը նշում է՝ գործունեությունը հարատև է և հաստատ, երբ հիմքում կա աստվածահաճո նպատակ.

 

 

«Կիրակնօրյա դպրոցի կյանքում կարևորում ենք միջոցառումների դերը, որովհետև այն, ինչ մնում է միջոցառումների ընթացքում երեխաների մտքում, որևէ կերպ չի փոխարինվում իրենց ամենօրյա հանդիպումներում ստացած գիտելիքներով: Երիտասարդներն ամբողջությամբ ներգավվում են ամառային բակային հոգևոր ճամբարի աշխատանքներում: Կարևորում ենք երիտասարդների՝ հոգևորականին աջակցելու դերը: Տիկնանց միության առաքելությունը կարիքավորներին աջակցելն է»:

 

Եկեղեցու տիկնանց միությունը, որը ժամանակին ձևավորվել է Տեր Նշան քահանա Ալավերդյանի օրհնությամբ, այսօր ունի մոտ յոթ տասնյակ անդամ: Միության նախագահ Հռիփսիմեն պատմում է՝ ավելի շատ լինում է եկեղեցում քան տանը:

 

«Այցելում ենք հիվանդներին, օգնում ենք ծերերին, հետևում ենք եկեղեցու մաքրությանը: Ամեն կիրակի՝ Սուրբ Պատարագից հետո, հավաքվում ենք սիրո ճաշի շուրջ: Ինչպես կասեր Նարեկացին՝ սիրո հոդերով շաղկապված միություն է եկեղեցին: Մենք մի տուն ենք և փորձում ենք իրար լրացնել»,- նշում է Հռիփսիմե Սապոնջյանը:

 

Սուրբ Աստվածածին եկեղեցին 2014 թվականին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Եկեղեցին և կից գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը կառուցվել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ: 

 

Անի Ավագյան

 
  • 2024-11-12
×