Հրեշտակները՝ Արարչի ձեռքերը, պատգամաբերները, մարդկանց պահապանները
Հրեշտակները՝ Արարչի ձեռքերը, պատգամաբերները, մարդկանց պահապանները
Հրեշտակապետերի և երկնային զորքերի հիշատակության օր
Պահապաններ, մարդկանց խնդրանքները երկինք բարձրացնողներ, Աստծո պատգամաբերներ, «Աստծո բանակ». այսպես են նկարագրվում հրեշտակները: Նրանք չունեն սեռ. «Հարության ժամանակ ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում, այլ լինում են ինչպես հրեշտակները երկնքում» (Մատթեոս 22.30):
Ավետարանում նկարագրվում են. «Ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների»։ (Հայտնություն 10:1)
Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի խոսքով՝ նրանք Աստծո սպասավորներն են.
«Հրեշտակներն Աստծո ձեռքերն են, Տիրոջ ստեղծած այն էակները, որոնք սպասավորում են Արարչին»:
Հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակներ և Հրեշտակապետներ:
Գաբրիել՝ պատգամաբերը
Գաբրիել թարգմանվում է՝ «Աստված իմ ուժն է» կամ «Աստծո զորություն»: Հոգևորականի խոսքով՝ հրեշտակապետն ընդունված է՝ որպես ավետիս բերող, հաճախ պատկերվում է նաև որպես մահվան հրեշտակ:
Ըստ Ղուկասի Ավետարանի՝ Գաբրիելն է ավետել Զաքարյա քահանայապետին՝ իր որդու՝ Հովհաննես Մկրտչի ծննդյան մասին, նա նաև հայտնել է բարի լուրը Մարիամին:
«Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես» (ՂՈՒԿԱՍ 1:30-31):
Ըստ եկեղեցական ավանդության՝ նույն հրեշտակապետն է հայտնել Աստվածամորը՝ աշխարհից հեռանալու մասին:
Միքայել՝ երկնային զորքերի հրամանատարը
Միքայելը համարվում է հրեշտակապետերի գլխավորը: Անունը թարգմանվում է՝ «Ոչ ոք հավասար չէ Աստծուն»: Հայտնի է, որ 7 հրեշտակապետերն իրենց փողերով ազդարարում են դատաստանի փուլերի մասին, և Միքայելը 7-րդ փող հնչեցնողն է:
Քահանայի խոսքով՝ Միքայելը երկնային զորքերի հրամանատարն է՝ չարի դեմ պայքարող: Միքայելը մարտնչում է Իսրայելի ժողովրդի թշնամիների դեմ: Ինչպես Հին Ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ մարտնչում է սատանայի դեմ: Սուրբ Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամբ:
Ռաֆայել՝ բժշկողը
Ռաֆայել թարգմանվում է՝ «Աստված բուժեց»: Ըստ քահանայի՝ հայտնի է, որ նա բաշխում է բժշկության շնորհ: Կաթոլիկ աշխարհում հրեշտակապետը հովանավորում է ճանապարհորդներին: Աստվածաշնչյան «Տոբիթ» գիրքը նկարագրում է հրեշտակի գործակցությունը մարդու հետ:
«Գրքից տեղեկանում ենք, որ հրեշտակներն ու հրեշտակապետերը մարդկանց աղոթքները փոխանցում են Աստծուն: Գրքում հրեշտակապետն ասում է. «Ես Ռափայելն եմ՝ մեկն այն յոթը սուրբ հրեշտակներից, որոնք վեր են հանում աղոթքները, մտնում սուրբ և փառավոր Աստծու մոտ և մատուցում նրան» (Տոբիթ 12:15)»:
Ռաֆայելը հաճախ պատկերվում է ձեռքում՝ ձուկ: Այս պատկերը կապված է մի դրվագի հետ, երբ հրեշտակապետը հրամայում է Թոբիային ձուկ բռնել, սովորեցնում է ձկան լեղապարկով բուժել նրա հոր կուրությունը, այնուհետև քշել դևին՝ ծխեցնելով կենդանու սիրտն ու լյարդը: