Հայրենիքում են ամբարված հայ սերունդների աղոթքներն ու երազները
Հայրենիքում են ամբարված հայ սերունդների աղոթքներն ու երազները
Ինչպիսի՞ն է հայ ազգի պահպանման, հզորացման բանաձևը, և այդ հարցում ի՞նչ դեր ունեն հայրենիքը, Եկեղեցին, ընտանիքն ու դպրոցը, պատասխանում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:
Հայրենիքը
«Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել»:
«Հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը»:
«Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը»։
«Չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության և հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելի տենչանքով»:
«Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփված մեր նահատակների քաջարի սխրանքը և լույս հիշատակը թող մեզ համար դառնան սրբազան ավանդ՝ աննվազ պահելու հայրենյաց սերը և նվիրումը, մեր ցավն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականություն հանուն մեր հայրենյաց շենացման ու բարգավաճման»։
«Բարձրյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց տապանակիր Արարատի հովանու ներքո Նոյ Նահապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ՝ ասելով․ «Այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար» (Ծննդ․ 8․21)։ Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը»։
«Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4.20): Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։ Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս Մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, և աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջև, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25)»։
«Սուրբ Մյուռոնով մենք մեկ ազգ ենք և մեկ Եկեղեցի»:
Հայ Եկեղեցին
«Սուրբ Էջմիածինը Աստծո մշտնջենական ներկայությունն է մեր կյանքում, աներեր ու անհաղթելի։ Պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով, բազմիցս ենթարկվել է հարձակումների և հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները»։
«Սուրբ Էջմիածնից ճառագող երկնային լույսով ու շնորհներով է շողարձակել հավատքը ազգիս զավակների սրտերում և ամրապնդվել սերը հայրենիքի հանդեպ։ Հայոց սրբօրրանի ներշնչանքով են ստեղծվել հայոց գիրն ու դպրությունը, ոգի ու խիզախություն առել Ավարայրի քաջերը։ Սուրբ Էջմիածնով են ոգեշնչվել Սարդարապատի հերոսները, և նրա օրհնաբեր կամարների ներքո են մխիթարություն ու հանգստություն գտել փորձությունների ու նեղությունների ենթարկված, այլև Ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները։ Այս նվիրական սրբավայրում է նաև մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման, որը և իրականություն է դարձել մեր ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ ու աննկուն պայքարով»։
«Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության»։
«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի»։
Դպրոցը
«Հայրենի ինքնիշխան մեր երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի ու երազների իրականացման։ Կրթենք մեր զավակներին ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի բարօր ու հաղթական»։
«Այսօր մեր պետության ու ազգի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի, ինչպես մեծանուն պատմիչն է վկայում, «բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»»:
«Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը»։
Ընտանիքը
«Կանանց կոչմանց մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի: Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում»:
«Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ և պատկառանքով, մայրական սիրով սերունդներին են փոխանցել հայրենի ավանդները՝ շեն և ամուր պահելով հայ ընտանիքը»: