Ապաշխարությունը՝ ճանապարհ դեպի կատարելություն

Ապաշխարությունը՝ ճանապարհ դեպի կատարելություն

Ի՞նչ է իրական ապաշխարությունն ու ինչպե՞ս ապաշխարել, գտնել դեպի կատարելություն տանող ճանապարհը. ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

 

Ինքնակատարելագործման ճանապարհը

 

-Քրիստոնեություն, նշանակում է ձգտել կատարելության, գնալ դեպի Աստված, իսկ Նա լույս է, խավար չկա Նրա մեջ: Լույսի որդիներ դառնալու համար՝ այլ ճանապարհ չկա, քան լույս դառնալը: Լույս դառնալու՝ կատարելագործվելու, առաջընթաց ապրելու համար՝ պետք է ինքնաքննություն, ինքնամաքրում: Մարդը, եթե իր հայացքը չդարձնի դեպի իր ներսը, չի կարող ինքն իրեն հաղթել: Աստված մեզ հորդորում է ամեն ժամ բարիք գործել: Մեղք գործելով կորցնում ենք այն ժամանակը, որը պետք է բարիք գործեինք: Մեղքը մեզ հեռացնում է Արարչից, ապաշխարությունը թույլ տալիս, որ մոտենանք Աստծուն: Աստված մեզ հետ է, իսկ մե՞նք, Նրա հե՞տ ենք:
 

«Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը» (Մատթեոս 4:17):


Հասկանալ, զղջալ, հատուցել…


-Մեղքը հանցանք է նաև Աստծո դեմ: Յուրաքանչյուրն ամեն օր կարող է սխալվել: Այդ պատճառով մենք մշտապես ունենք ապաշխարության կարիք: Ապաշխարությունը ինքնաքննություն է, մարդուն կատարելություն տանող ճանապարհը՝ Աստծով: Ապաշխարելու համար պետք է հասկանալ մեր մեղքը, զղջալ դրա համար, ունենալ մեղքից հրաժարվելու, բարիք գործելու կամք և պետք է հատուցել: 
 

Ճանապարհը մենակ չանցնելու մասին 
 

-Վիրահատության ցուցված մարդուն բացի հիվանդության վերաբերյալ գիտելիքներից նաև պետք է բժիշկ, նրան էլ՝ նշտար: Մարդը կարող է ինքն իրեն արդարացնել կամ հակառակը, արդյունքում՝ ընկնել հուսահատության գիրկը: Ապաշխարողի նպատակը ոչ թե միայն մեղքը խոստովանելն է, այլ մեղքից ազատվելը: 
 

Կարող ենք…


-Մենք կարող ենք ապաշխարել բոլոր մեղքերի համար: Տերը չի ցանկանում մեղավորի մահը. մենք Նրա ստեղծագործությունն ենք: Արարիչը ցանկանում է մեր դարձն ու ապրելը: 
 

Աստված մեզ հետ է, իսկ մենք Աստծո հե՞տ ենք: 


Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-11-05
×