Տիկնանց միության 10-րդ տարեդարձը

Տիկնանց միության 10-րդ տարեդարձը

Մայրաքաղաքի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը տասը տարեկան է: Միությունը հոբելյանական տարեդարձը նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը միջոցառումը մեկնարկեց աղոթքով: Երեկոյի ընթացքում միության անդամները ներկայացրին տասը տարվա աշխատանքների հաշվետվությունը:



 

«Տիկնանց միությունն այսօր զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ: Իրականացնում ենք ուխտագնացություններ, այցելում խնամքի կենտրոններ, հիվանդանոցներ, զբաղվում եկեղեցու մաքրությամբ: Տարիների ընթացքում, լինելով եկեղեցու տիկնանց միության անդամ, հոգևոր առումով զարգացանք: Միությունը նպաստում է կարևոր գիտակցության ամրապնդմանը՝ հոգևոր ծառայություն ունենալ եկեղեցում»,- նշեց միության անդամ Տաթևիկ Պետրոսյանը: 

 

Միությունը տարիներ առաջ կազմավորվել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ: 

 

«Տիկնանց միությունը նպաստում է համայնքային կյանքի ակտիվացմանը, միասնականությանը: Սկզբում դժվար էր աշխատել: Աշխատելով սովորել ենք, սովորելով աշխատել և այդպես ծնվեցին մի շարք ծրագրեր, որոնց մի մասն իրականացրել ենք, մի մասն էլ, Աստծո օրհնությամբ, կիրականացնենք: Միությունը պետք է լուծի մի կարևոր խնդիր, անհրաժեշտ է գտնել շնորհալի և պատասխանատու մարդկանց, որոնք կփոխարինեն մեզ»,- նշեց տիկնանց միության ատենապետ Սաթենիկ Սիմոնյանը:

 

Միջոցառմանը միությանը ողջունեցին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, երիտասարդաց միության անդամները: Հանդես եկան «Արև-երեխաներ»-ը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-11-03
×