Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ

Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,

 

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Վեհափառությանը՝  գահակալության 25-ամյակի առթիվ:

 

Ձե՛րդ Սրբություն,  Դուք մեկ քառորդ դար շարունակ  Ձեր հովվապետական բարձունքից  ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու և առաջնորդվելու կերպը,  ներշնչում եք կամք ու կորով, ուժականություն և  տոկունություն՝  դժվարություններին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության առաքելության ուղիներով հաստատուն քայլելու համար: «Շատ բան զոհեց մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում, բայց հավատարիմ մնաց իր հավատքին և Հայ Եկեղեցու թևերի ներքո ապրեց` վկայելով, որ հոգու խորհուրդը կյանքն է ու կենդանությունը, նորոգությունն ու արարումը: Էջմիածնածնունդ իր հոգով ապրեց ինքնաճանաչ, ինքնավայել, ստեղծեց ու ստեղծագործեց… Հայ ենք մենք: Հավատարիմ մնանք Էջմիածնածնունդ մեր հոգուն, միշտ հավատանք, որ հոգու խորհուրդը կյանքն է ու Աստծո Ողորմած Աջի ներքո մնանք հարազատ զավակները հայ ազգի…» (Գարեգին Երկրորդ  Կաթողիկոս):

 

Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը  երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Տիրոջ զորակցությունը և առաջնորդությունը ևս առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալության տարիները՝  ի փառս Աստծո, ի շահ ազգիս Հայոց և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2024-11-04
×