Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է սրբերի տոնը՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների։ Ո՞վքեր են սրբերը, և ո՞րն է հիշատակության օրվա խորհուրդը, ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:
Օրինակները` ինչպես պիտի ապրի քրիստոնյան
Կենդանի և գործող հավատքի օրինակներ, Աստծո մոտ մեր բարեխոսներ. ովքե՞ր են սրբերը…
Սուրբ չի նշանակում անմեղ, որովհետև շատերը ժամանակին մեղք են գործել, հետագայում ապաշխարել են, ու Եկեղեցին նրանց սրբադասել է, ներկայացնում է Տեր Տիգրանը: Միշտ չէ, որ սրբադասված մարդիկ հոգևորականներ են կամ իրենց կյանքում գործել են որևէ սխրանք, նահատակվել են:
«Սրբերն այն մարդիկ են, որոնք իրենց կյանքն ամբողջովին նվիրել են Աստծուն, եղել են օրինակ՝ ինչպես կարելի է ապրել քրիստոնեական կյանքով»,- նշում է քահանան:
Սրբերը՝ լցված Սուրբ Հոգով, վկայել են Աստծո, մարդկանց նկատմամբ իրենց սիրո մասին: Նրանցից շատերը նահատակվել են և ոչ միայն խոսքով, կյանքով, այլև իրենց մահով քարոզել քրիստոնեություն:
«Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է, և մեռնելը՝ շահ» (Փիլիպեցիներին 1:21)։
Եկեղեցին բաժանվում է երկու մասի՝ զինվորյալ և հաղթական: Քրիստոնյաները՝ չարի և մեղքի դեմ պատերազմող, կազմում են զինվորյալ եկեղեցին: Այն նաև կոչվում է մարտնչող եկեղեցի: Աշխարհից մեկնած սրբերը, որոնք հաղթանակել են չարին, արդարացած հոգով կազմում են հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև անդրանկաց ժողով:
«Սրբերն ունեցան նույն կյանքը, գայթակղությունները, բայց հավատարիմ մնացին Աստծուն: Իրենց հավատարմությունն արժանանում է Աստծո գնահատանքին: Ինչպես մենք խնդրում ենք մեր ընկերոջը, բարեկամին, ծնողին աղոթել մեզ համար, նույն կերպ խնդրում ենք սրբերի բարեխոսությունը»,- նշում է Տեր Տիգրանը:
Հոգևորականը բացատրում է՝ Հայ Առաքելական Եկեղեցին որևէ անձի սրբադասելու համար՝ հաշվի է առնում շատ հանգամանքներ: Կարևոր է ժողովրդի և եկեղեցու ընկալումը տվյալ անձի ու նրա գործունեության վերաբերյալ:
Հայ Եկեղեցում առաջինը սրբադասվել է հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսը՝ հայոց Սանատրուկ արքայի դուստրը (1-ին դար): Վերջինը Եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության նահատակներին: Ավելի վաղ՝ դարեր առաջ, սրբադասվել էր Մովսես Գ Տաթևացի հայրապետը (17-րդ դար):
Աստծո որոշման, Նրա բացարձակ անկախության մասին հռչակող տոնը
Քրիստոնեական հալածանքների, հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են դիմադրել, բայց ոչ բոլորի անուններն են հայտնի: Նրանց մասին գիտի Աստված: Այդ պատճառով հաստատվել է բոլոր սրբերի, հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը:
«Այն Աստծո որոշման, Նրա բացարձակ անկախության մասին հռչակող տոնն է: Մարդուն որակողն ու դատողն Արարիչն է, Նա է որոշում մարդու սրբությունը: Եկեղեցին չի կարող ճանաչել ու հռչակել բոլոր սրբակենցաղ մարդկանց, նրանց, ովքեր Աստծո առաջ են սուրբ»,- նշում է Տեր Տիգրանը
Հոգևորականի խոսքով՝ ամեն տարի տոնը մեզ հիշեցնում է, որ մենք մարդկանց մասին ամեն ինչ չգիտենք: Օգոստինոս Երանելին ասում էր, որ Քրիստոսի երկրորդ գալուստից հետո, երբ մենք հայտնվենք Աստծո արքայությունում, առաջինը մեզ կզարմացնի, թե ինչու ենք մենք այնտեղ, կտեսնենք շատերին, ում չէինք սպասում տեսնել և չենք տեսնի շատերին, ում համոզված էինք տեսնել:
Սրբերի կյանքն օրինակ է ու ներշնչման աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ապրել քրիստոնեական, առաքինի կյանքով: Տեր Տիգրանը հիշեցնում է՝ պետք է մեր կյանքի որոշ դրվագներում հաշվի առնենք նրանց լուծումները, որոշումները, կյանքի ընթացքը, բայց չմոռանանք, որ քրիստոնյաներիս կյանքի միակ ու կարևոր օրինակը Հիսուս Քրիստոսն է: