Ի՞նչպես ապրել բարդ ժամանակներում և արդյո՞ք եղել են, կան հեշտ ժամանակներ. մեր զրուցակիցը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Վարդան քահանա Հայրապետյանն է:
Աննահանջ պայքար
-Մենք տեսանք այն սարսափելի ընթացքը, որ մեր հայրենիքը կրճատվեց, ունեցանք լուսավոր սերնդի կորուստ: Դժվարությունների հաղթահարման առաջին քայլն իրականության գիտակցումն է: Մեր միտքը պետք է կենտրոնացնենք, որ սա փորձություն է, որը հաղթահարելու ենք: Այդ ժամանակ մտքերը կսկսեն որոշակիանալ: Դժվարություններ լինում են բոլոր ժամանակներում, բայց պետք է հիշենք, որ Տերը երբեք չի տալիս այնպիսի դժվարություն, որը չենք կարող հաղթահարել: Աստված չի ցանկանում մարդուն կործանել, այլ Իր նպատակն է՝ մարդուն դարձնել ավելի ուժեղ: Այդ հարցում օգնում են հենց դժվարությունները: Աստծո առջև աղոթքի կանգնելիս պետք է խնդրենք ոչ թե հեշտ կյանք, այլ պիտի խնդրենք, որ մեզ դարձնի ավելի ուժեղ:
Հավատանք ու կարող ենք
-Ի՞նչ ենք ուզում, ինչի՞ն ենք կոչված, ինչքանո՞վ են մեր ցանկությունները համահունչ Աստծո պատվիրանների հետ, պետք է հասկանանք այս հարցերի պատասխաններն ու սկսենք ապրել այդկերպ, չնահանջենք, քայլենք դեպի նպատակ: Լուծում միշտ կա: Կարևոր են մարդկային կամային հատկանիշները, պետք է հասկանանք՝ մենք պատրա՞ստ ենք այդ ելքով դուրս գալ, թե՝ ոչ: Մենք այսօր ունենք ռազմիկներ, որոնք զրկված են վերջույթներից, բայց շարունակում են զբաղվել սպորտով: Սա հավատքի ամրացման օրինակ է: Հավատալ Աստծուն, նշանակում է հավատալ Աստծո ուխտին, պահել յուրաքանչյուր պատգամ, քայլել Իր տված ճանապարհով և մենք կհասնենք Տիրոջը:
«Դժվար» ժամանակները
-Քրիստոնեությունը պատերազմ է չարի, բռնության, բոլոր բացասական երևույթների դեմ: Մեր թշնամին երբեք չի ննջում, առիթը բաց չի թողնում մեզ վրա հարձակվելու: Մենք ամենօրյա պայքարի մեջ ենք մեր սեփական թուլությունների, մեր անձի ու հասարակությունում տարածված բացասականի դեմ: Այդ պատճառով գոյություն չունի «հեշտ ժամանակներ» ասվածը: Մեր կյանքի գլխավոր օրինակը պետք է լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Նա, կրելով բազում չարչարանքներ, տանջանքներ, շարունակում էր հավատալ այն ամենին, ինչին կոչված էր:
«Հեշտ» ժամանակները
-Յուրաքանչյուրիս կյանքում կան բարդ ու հարաբերականորեն «հեշտ» փուլեր: Պետք է հիշել, որ լճացումը սկսվում է այն ժամանակ, երբ մտածում ենք, թե ապրում ենք «հեշտ» կյանք: Չպետք է հասնի մի փուլ, երբ մտածենք, որ ամեն ինչի հասել ենք, ամեն ինչ գիտենք: Այդ ժամանակ կառաջանան հավատքի մեջ թերացումներ: Ցանկացած անցորդ մեզ կարող է սովորեցնել: Պետք է ամենօրյա ինքնազարգացման աշխատանք: Հին Կտակարանում Սողոմոն թագավորն ընկնում է կռապաշտության, անձնապաշտության մեջ և հեռանում Աստծուց, երբ չկային դժվարություններ, բոլոր թշնամիները հաղթված էին, խնդիրները՝ լուծված: Սա լավագույն օրինակն է յուրաքանչյուրիս համար: Երբ հաղթահարվում են «բոլոր» դժվարությունները, և գալիս է «հանգստության» փուլը, մենք կդիմանա՞նք գայթակղությանը: Ուստի, հարաբերական է՝ բա՞րդ, թե՞ հեշտ ժամանակներն են ավելի օգտակար: Հիշենք, որ հենց դժվար ժամանակներում են ծնվել ուժեղ անհատները, որոնք համախմբել են մեզ:
Պատրաստեց Անի Ավագյանը
×