Հոգևոր առողջություն. աղոթք, հավատք, կամք

Հոգևոր առողջություն. աղոթք, հավատք, կամք

Ի՞նչ է հոգևոր առողջությունը և ինչպե՞ս ապրել առողջ, դեղատոմսը ներկայացնում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

 

Երբ տկար ենք…

 

-Հիսուս ասում է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի» (Մատթեոս 17:20: ) Լեռն ի՞նչ է՝ դժվարություն, հիվանդություն, փորձություն, որը կարող ենք հաղթահարել Աստծո զորությամբ: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Պողոս առաքյալն ուներ փուշ՝ մարմնի վրա, հիվանդություն: Առաքյալը խնդրում էր, որ Աստված բուժի իրեն, սակայն հետագայում հասկանում է, որ այդ հիվանդությունն Աստծու սաստն էր, որ ճիշտ ապրի. «Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթացինբերին 12:10):

 

Մի պատմություն կա: Հրեշտակը հարցնում է մի սրբի՝ կցանկանա՞ր անմահ լինել, չունենալ ցավ ու խնդիրներ: Սուրբը պատասխանում է՝ կցանկանար, որ Աստված այնքան կամք տար, որ ընկնելուց կանգներ և քայլեր առաջ: Ընկնել նշանակում է հիվանդանալ, խնդիրներ ունենալ, պատի առաջ կանգնել, իսկ Աստված մեզ կամք է տալիս, որ կարողանանք պատը ճեղքել: 

 

Ինչպե՞ս առողջանալ

 

-Հիսուս Քրիստոսը մարդուն բերեց անմահություն, բժշկություն, սակայն մարդը կարող է հոգեպես բժշկվել, եթե գիտակցում է, որ մեղավոր է և դարձի է գալիս ապաշխարությամբ, իր գործած չարիքի դիմաց հատուցում է, հայացքով դառնում առ Աստված: 

 

Մկրտությամբ մենք ազատվում ենք ադամական մեղքից: Անհրաժեշտ է ապաշխարել՝ գիտակցել մեղքը, հեռանալ մեղավոր կյանքից: Մենք մեր մարմինը մաքրում ենք, ապաշխարությունն անհրաժեշտ է, որ մաքրենք նաև հոգին: Հոգին բժշկելով կարող ենք առողջացնել մարմինը: Մենք ունենք հրաշալի դեղ՝ Նարեկը: Առողջանալու համար կարևոր է, որ մենք աղոթենք: Շատ կարևոր է կիրակի օրը մասնակցել Սուրբ Պատարագի և ստանալ Սուրբ Հաղորդություն: Այն ամենակարևոր դեղն է մեր հոգու բժշկման համար: 

 

Աստծո պատասխանը

 

-Երբեմն Աստված մեզ հետ խոսում է, բայց մենք չենք լսում, անտարբեր անցնում ենք, որովհետև թերահավատ ենք: Ասվում է՝ «Արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»: (Մարկոս 14:38): Մեր պատասխանը պիտի լինի Աստծուն մեր բաց սիրտն ու խոնարհությունը Տիրոջ կամքին։

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-10-30
×