Փրկության ճանապարհը. Խաչի գյուտի տոն

Փրկության ճանապարհը. Խաչի գյուտի տոն

Խաչը մահվան գործիք էր, սակայն Աստծո Որդու շնորհիվ խաչը դարձավ մեղքի ու մահվան դեմ հաղթանակի, փրկության գործիք, ճանապարհ՝ ժառանգելու հավիտենական կյանքը։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն, որոնցից վերջինը՝ Խաչի գյուտի տոնը, այս տարի կնշվի հոկտեմբերի 27-ին: Մեր փրկությունը խաչի միջոցով է, այսինքն՝ Խաչյալի, հիշեցնում է մայրաքաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ հորդորելով քաղաքացիներին տոնին մասնակցել Սուրբ Պատարագին:

 

Երբ Խաչը գտնվեց 

 

Սրբազան ավանդությունը վկայում է, որ Քրիստոսի Խաչափայտը 2 անգամ՝ առաջին և 4-րդ դարերում, թաքցրել են, հետագայում այն գտնվել է:

 

Քրիստոսի համբարձումից հետո Նրա Խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հրեաները այն, ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով: Երբ Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, որը քրիստոնյա էր, ուխտի է գնում Երուսաղեմ, իր միջամտությամբ դրանք հանվում են հողի տակից: Հասկանալու համար, թե որն է Հիսուսի Խաչափայտը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Նա Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայրը Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

 

Ըստ ավանդության՝ եպիսկոպոսը կայսրուհուն է նվիրում Խաչից մի մաս, որը նա տանում է Հռոմ: Մասունքը հետագայում անցնում է նրա ազգականին՝ Հռիփսիմեին, որը իր հետ այն բերում է Հայաստան:

 

Հետագայում, երբ Հռոմի կայսր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, տեղը վերածվում է աղբանոցի: 

 

Երբ Խաչը գտնվեց 2-րդ անգամ

 

327 թվականին Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ, քանի որ տեսիլք էր տեսել, որ պետք է գտնի սրբությունն ու տաճար կառուցի: Խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, որը սկզբում հրաժարվում է օգնել, բայց 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է: Կայսրուհին Գողգոթայում կառուցում է Սուրբ Հարություն անունով տաճար, որտեղ բարձրացնում է Քրիստոսի Խաչը: Հուդան քրիստոնեություն ընդունելով՝ դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:

 

Ճանապարհ՝ ճանաչելու Տիրոջը


Եթե նախկինում խաչը խորհրդանշում էր մահ, վերջակետ, այսօր քրիստոնյաների համար այն կյանքի սկիզբ է, հիշեցնում է Տեր Բարդուղիմեոսը: 
 

Ինչո՞ւ էին հրեաները թաքցնում քրիստոնյաների խորհրդանիշը, հոգևորականը պատասխանում է.


«Սուրբ Խաչափայտի վրա հեղվել էր Քրիստոսի արյունը, և հրաշքներ էին տեղի ունենում: Հրեաները փորձում էին այդ սրբությունը վերացնել, որպեսզի մարդիկ չճանաչեն Աստծուն, խաչի միջոցով դարձի չգան»։


Ըստ քահանայի` այսօր` 21֊րդ դարում, ևս կարելի է ականատես լինել նման իրավիճակի։


«Այսօր էլ հաճախ մեր գործողություններով, հրեաների նման, խաչը «թաքցնում ենք», երբեմն ամաչում աղոթել, ապրել քրիստոնյային վայել կյանքով։ Խաչը գտնել մեր մեջ նշանակում է հիշել, որ Հիսուս Քրիստոս մեզ համար խաչվեց, ապրել արժանի կյանքով, հեռու մնալ մեղքից։ Աստված ցույց է տալիս ճանապարհը, որ կարողանանք ճանաչել Տիրոջը, ամրանանք մեր հավատքի մեջ: Խաչը մեզ համար կյանքի բովանդակային փոփոխության խորհուրդն ունի»,- նշում է քահանան:


Հայ Առաքելական Եկեղեցին ունի Խաչին նվիրված ևս երեք տոն` Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:


Անի Ավագյան

 
  • 1024-10-27
×