Ապրել որպես լույսի որդիներ

Ապրել որպես լույսի որդիներ

Մենք նորից սպասում ենք հրաշքի, բայց պատրա՞ստ ենք հրաշքներ գործել:

 

Ամեն օր հազարավոր ուխտավորների քայլերը տանում են մեր հոգևոր կենտրոն: Հազարավոր ուխտավորների հայացքներում հարցեր, անորոշություն, բայց նաև հույսի շող կարելի է գտնել: Նրանք փնտրում են լուծումներ մեր անհաշվելի խնդիրների, ծանր կացության համար, հույս հայտնում, որ Մայր Տաճարի ղողանջները պիտի ցրեն մեզ պատուհասած վտանգները, բոլոր ցավերը: Ուզում են հավատալ, սպասում են…

 

Տարիներ անց Մայր Տաճարը բացեց դռները, իսկ ի՞նչ փոխվեց մեր կյանքում, մեր մեջ: Մենք պատրա՞ստ ենք բացել մեր սիրտը, թույլ տալ, որ աստվածային լույսը ներթափանցի մեր մեջ, որ կարողանանք փոխվել ու փոխել մեր շրջակայքը, պաշտպանենք մեր սրբությունները: Մենք պատրա՞ստ ենք հրաշքի:

 

«Ապրե՛ք որպես լույսի որդիներ» (Եփեսացիներին 5:8): 

 

Ամեն օր հազարավոր ուխտավորների քայլերը տանում են մեր հոգևոր կենտրոն: Մենք ամեն օր ունենք ընտրություն. գնա՞լ մաքրվելու, փոխվելու, ավելի լավը դառնալու մեր սրբությունները, արժեքները պաշտպանելու ճանապարհով, թե՞ մնալ տեղում ու շարունակ բողոքել, որ մեզ բաժին հասած փորձությունները ծանր են, ցավերը՝ շատ: Ո՞րն է մեր նպատակը, ո՞ւր ենք շարժվում: Այդ ճանապարհը մեզ հեռացնո՞ւմ, թե՞ մոտեցնում է լույսին: Պետք է հասկանանք, թե ինչու ենք պայքարում, որովհետև արժեքները կարող են ուժեղացնել մեր մղումը չհանձնվելու:

 

 «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5:14):

 

Հազարավոր ուխտավորներից շատերը սիրում են իրենց խնդիրների լուծման ուղիները փնտրել ամենուր՝ շրջանցելով իրենց անձը: Մենք հավատում ենք, որ Աստվածադրոշմ Սուրբ Էջմիածինը մեզ կզորացնի, կօգնի՝ հաղթահարել պատուհասած խնդիրները, իսկ մենք պատրա՞ստ եք` գործել, հաղթահարել, փոխվել, պաշտպանել մեր հոգևոր կենտրոնը։

 

«Մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողությունն ու քինախնդրությունը»,- պատգամում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տաճարի վերաօծմանը, երբ իրար կողքի փորձել էին կանգնել մեր ազգի տարբեր ներկայացուցիչներ: 

 

«Համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցությամբ, որ հայրենի ինքնիշխան մեր երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի ու երազների իրականացման։ Կրթենք մեր զավակներին ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի բարօր ու հաղթական։ Արդ, ապրենք ու գործենք հոգևոր արթնությամբ, մեր պետությունը, մեր ազգային կյանքը զորացնելու վեհ ու պայծառ տեսլականով»:

 

Ամենայն Հայոց Հայրապետը հիշեցնում է` վերաօծյալ սրբավայրը մեր հավատքին նոր ամրություն է հաղորդելու, բազուկներին՝ զորություն, մտքերին՝ պայծառություն և սրտերին՝ լավատեսություն ու հավելում, որ այդ ամենը մեզ պիտի օգնի՝ դիմագրավելու նորօրյա փորձություններն ու աղետաբեր վտանգները։

 

Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը մեզ զորացնելու է, բայց քայլ կատարողը մենք ենք: Մեր կյանքում փոփոխություն չի լինի, մինչև մենք պատրաստ չենք փոփոխություն անելու: Ի՞նչ կփոխվի մեր մեջ, ի՞նչ կարող ենք փոխել, որ պաշտպանենք մեր սրբությունները: Հարցի պատասխանը պիտի գտնենք յուրաքանչյուրս: 

 

Բացվել են մեր սրբության դռները, տեսնելով լույսը, չընտրենք խավարը։ Ամրապնդե՛նք սերը հայրենիքի ու մեր սրբությունների հանդեպ, պայքարե՛նք դրանց պահպանման համար: Հրաշքի պետք չէ սպասել, հրաշքը պետք է իրականություն դարձնել ամենօրյա պայքարով։

 

Անի Ավագյան

 
  • 2024-10-25
×