Ամեն բան արե՛ք, որ այլևս չկորցնեք ձեր անկախությունը. Խրիմյան Հայրիկ

Ամեն բան արե՛ք, որ այլևս չկորցնեք ձեր անկախությունը. Խրիմյան Հայրիկ

Ինչպիսի՞ն է հայ ազգի պահպանման, հզորացման բանաձևը, և այդ հարցում ի՞նչ դեր ունեն հայրենիքը, ընտանիքն ու կրթությունը. պատասխանում է Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խրիմյան Հայրիկը:

 

Հայրենիքը

 

«Դուք, ո՛վ որդիներ հայոց, որ մեր հին նահապետական տան ժառանգորդ զավակներն եք, այնտեղ՝ հայրենի տանը, կացե՛ք, մի՛ հեռացեք, սիրեցե՛ք Մասիսը, իր տապանն ու Սուրբ Գրիգորի Կաթողիկեն, մշակեցե՛ք Նոյի ձեռատունկ այգին՝ Արարատի դաշտը, մի՛ թողեք հավիտյան նահապետական տուն-ընտանիքը: Դուք Մասիսի հարազատ որդիներն եք, Մասիսը ձեր հայրենի սեփական տունն է, թող շե՛ն մնա ձեր տունը, շե՛ն մնա Նոյի գերդաստանը, բարգավաճեն օրհնյալ Հաբեթի որդիները, արդար Նահապետի գերեզմանի աղոթքն ու զոհի ծուխը մինչև երկինք ելնի, երկինքը հաշտվի ու յոթնագույն աղեղը կամար կապի դրախտի աշխարհի վրա, ու դրախտի բնիկ որդիները ցնծան, թե՝ «Աստված մեզ հետ է ու իր հզոր Աջով օրհնում ու պահպանում է Նոյի տունն ու նրա օտարամերժ ընտանիքը»:

 

«Սիրելի և օրհնված հայաստանցիներ, գավառացիներ, երբ վերադառնաք հայրենիք, ձեր բարեկամներին, ազգականներին իբրև պարգև մեկական զենք տարեք: Զենք առեք և դարձյալ զենք: Ժողովուրդ, ամեն բանից առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին և քո բազկին ուժ տուր: Մարդ ինքը պետք է աշխատի, որ փրկվի»։

 

«Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի»:

 

«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:

 

«Այստեղ՝ անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը: Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի»:

 

«Եվ եթե այդտեղ՝ ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը»:

 

Ընտանիքը

 

«Ամուսնական օրենքն Աստծուց հետո մեր կյանքը շարունակող ստեղծագործ ձեռքն է, որովհետև մի անգամ արարելով երկու նորաստեղծ ամուսիններին՝ բավական համարեց ու թողեց, որ այնուհետև ամուսնությունն արարչագործի, ու իրար մարդիկ ստեղծեն»:

 

«Երկինքն ու երկիրը միասին են մշակում ամուսնական ու խորհրդավոր դրախտը: Երկնքի Հայրը երկնքից է օրհնում, սրանք երկրի վրա զավակ են ծնում ու մեծացնում: Երկրի ծնողները կաթն ու հացն են տալիս, Երկնքի Հայրը՝ լույսն ու հանճարը, սրանք ձեռագործ ու շինովի հանդերձ են պատրաստում, նա՝ բնական գեղեցկությունով զարմանազան զարդարում, սրանք մեծ աշխատասիրությամբ ուսում ու գիտություն են դասավանդում, նա՝ մանկան փափուկ ուղեղի մեջ խելքն ու հանճարը զետեղում»:

 

«Ոչ միայն մարդկային զարգացումը, այլև ժողովուրդների, ազգերի, հայրենիքի ու թագավորության ճակատագիրը կախում ունեն ընտանեկան կյանքից: Աշխարհի չարի ու բարու սկզբնածնունդ մայրն ընտանիքն է: Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագավորության երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրա նստում են ծնողները, հայրն՝ իբրև թագավոր, մայրն՝ իբրև թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը: Այս ընտանեկան պալատում և թագավորությունում ո՛չ ոստիկան կա, ո՛չ սուր, ո՛չ բռնություն, ո՛չ գավազան. ամեն տեղ հայրական սեր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը: Այս օրինակն այնքան բարի ու տպավորիչ է, որ կարծես հանում է զավակների վրա ծնողների պատճեն, ու զավակներն այդ սկզբնական տիպարն առնելով են մտնում ժողովրդի ու հասարակության մեջ: Այնուհետև օրինակ առ օրինակ տարածում է սկսվում, և ընտանեկան կյանքի բարի ու չար օրինակներից ժողովրդական կյանքը բարվոքվում է կամ զեղծանվում, շինվում կամ գայթակղությամբ փլվում, կենդանի մնում աշխարհում կամ մեռնում, ու հիշատակը վերանում է աշխարհից»: 

 

«Ժողովուրդը, եթե առաջադիմում է, իր առաջին քայլն ընտանեկան սրահից է առնում, եթե լուսավորում է, իր լույսը ընտանեկան ճրագից է, եթե միանում է՝ իր ոգին ու կապն ընտանիքն է, եթե զորանում է, իր ուժն ու բազուկն ընտանիքն է, եթե հարստանում է, իր գանձարանն ու գանձապետը ընտանիքն է, եթե իր տունն ու սեղանը բարելից ու առատ է՝ արդյունաբեր անդաստանն ընտանիքն է, եթե դրախտի գետերը վազում են իր հրապարակ՝ աղբյուրը դրախտի ընտանիքն է, եթե իր կարասները լի են գինով, խմում, ուրախանում է՝ խախողաբեր այգին ընտանիքն է, եթե բարեծնունդ զավակներով օրըստօրե բյուրապատիկ աճում է՝ նախածնող խնամատարն ընտանիքն է, եթե ուզում է իր զավակներին բարեկիրթ քաղաքացի պատրաստել՝ իր բարեկրթության առաջին համալսարանն ընտանիքն է, եթե երջանիկ ապրել է ուզում աշխարհում, թող հավատա, որ երջանկության կյանք բխող աղբյուրն ընտանիքն է, եթե երկրից հետո երկինք ևս ժառանգել է ուզում՝ պահելով իր հայրենի կրոնը, հավատն ու եկեղեցին, այո՛, այդ սուրբ ավանդներն անեղծ, անկորուստ պահելու խորանն ընտանիքն է: Որովհետև այդ գանձերն ու Ավետարանի աննման մարգարիտն աշխարհի շահավաճառության հրապարակում, կառավարությունների դահլիճներում, գիտության ճեմարաններում անկորուստ չեն պահվում, ուստի դրանց հավատարիմ ավանդապահը միայն ընտանիքն է»: 

 

Կրթությունը

 

«Աշխարհ, որի ժողովուրդը դեռ տգետ է, անուս է, անարվեստ է, կյանքն իր հնության մեջ է, առաջադիմության տարերք չունի, ճնշվում և հարստահարվում է թե՛ իր ձեռքով, թե՛ օտարի, իր հացը դառնության հաց է, իր ջուրը՝ կարոտի, իր օրերը վշտաբեր են, իր կյանքը՝ ապերջանիկ, նա միշտ դողում է բոլոր արհավիրքներից, որ իրեն շրջապատել են»: 

 

«Երկու սեռին էլ առանց խտրության պետք է կրթություն տալ՝ յուրաքանչյուրին իր կոչմանը պատշաճ, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամն իր իրավունքն ու իր պարտքը ճանաչի, մեկը մյուսի խոսքը հասկանա, միաբան խորհեն, միաբան, առանց կաղալու՝ ընթանան տղամարդը կամ կինը, ծնողները կամ զավակները, հարսը կամ սկեսուրը»:  

 

«Դուք ձեր զավակներին այնպես օրհնեցեք, որ նրանք երկնային իմաստությունը ճանաչեն ու բարձր համարեն ու աշխարհիս շնչավոր իմաստության վրա չպարծենան: Դուք ձեր զավակներին օրհնեցեք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյաց Եկեղեցին սիրեն, Թադեոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն: Օրհնեցեք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն»:

 

Պատրաստեց Անի Ավագյանը 

 
  • 2024-10-24
×