Ապրել, արարել, փառք տալ Տիրոջը. 10-ը պատվիրաններ

Ապրել, արարել, փառք տալ Տիրոջը. 10-ը պատվիրաններ

Ի՞նչ խորհուրդ ու իմաստ ունեն 10-ը պատվիրանները. պատասխանում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Հոգևորականը հիշեցնում է՝ Աստծո օրենքներն ինքնանպատակ չեն, դրանք ուղիներ են մարդու երջանկության ու բարօրության համար, որ մարդը ապրի, արարի, ստեղծի: 

 

Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս 

 

-Մենք ունենք հետաքրքիր արտահայտություն՝ «Առաջ Աստված»: Նշանակում է՝ նախ Աստված, հետո մենք, մնացած ամեն բան: Տերը ճանապարհ է հարթում: Եթե Նա չէ մեր առջևում, մենք կսայթաքենք: Պատվիրանը նաև կեղծ քարոզիչների մասին է: Այն մեզ հիշեցնում է՝ մեր կյանքում պետք է որպես գերագույն ընդունենք միայն Աստծուն, պաշտենք միայն Նրան, հավատանք Սուրբ Երրորդությանը, իսկ հավատ նշանակում է հավատարմություն: Աստված մեզնից ակնկալում է սեր ու հավատարմություն: 

 

Քեզ համար կուռքեր չպատրաստես 

 

-Կռապաշտությունը մեղք է, որը մարդուն հեռացնում է Աստծուց՝ ուղղելով նրա երկրպագությունը նյութական կամ արհեստական կուռքերի վրա: Այն վտանգավոր է, քանի որ կուռքերը, լինեն դրանք առարկաներ, մարդիկ կամ գաղափարներ, չեն կարող տալ այն հոգևոր ուղղորդումն ու կյանքի իմաստը, որը գալիս է միայն Աստծուց: Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ «Տերը մեր Աստվածն է մեկ» (Բ Օրինաց 6:4), և մարդը պիտի պաշտի միայն Նրան, քանի որ միայն Նա է ճշմարիտ ու հավիտենական: 
 

Քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր 
 

-Երբեմն մարդիկ արտաբերում են Տիրոջ անունը՝ չհասկանալով Նրա արժեքը: Տիրոջ անունը հաճախ տալով՝ փորձում են ցույց տալ իրենց հավատքի մեծությունը: Ասվում է. «Սուրբ թող լինի Քո անունը»: Աստծուն մենք փառաբանում ենք սրբությամբ, իսկ սրբությանը պետք է վերաբերվենք բծախնդրությամբ: Եթե այդպես չենք վերաբերում Նրան, Իր օրենքներին, շատ հարցերում ձախողում ենք: Աստծո անունը պետք է տալ մեր աղոթքներում՝ սրտանց, տեղին, սիրով:

 

Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն 

 

-Մենք շարունակ վազքի մեջ ենք, բայց շաբաթվա մեջ մեկ օր պետք է կանգ առնենք, մոռանանք ամեն բան ու զբաղվենք մեր հոգու մաքրությամբ, առողջությամբ: Օրերը Աստված սահմանեց, որ դրանք ծառայեն մարդուն, ոչ թե՝ հակառակը: Հիսուս ասում է. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար» (Մարկոս 2:27): Որևիցե օր կարևոր չէ մարդուց: Աստված 6 օր ստեղծեց աշխարհը և 7-րդ օրը հանգստացավ, և մարդկանց տրվեց այդ պատվիրանը: Հետագայում մեզ համար շաբաթը փոխվեց կիրակիի, քանի որ այդ օրը Տերը Հարություն առավ: Կիրակին քրիստոնյաների սրբության օրն է, և պետք է մասնակից դառնալ Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն: 

 

Պատվի՛ր քո հորն ու քո մորը 

 

-1-ից 4 պատվիրանները մարդ-Աստված, իսկ մնացածը մարդ-մարդ փոխհարաբերությունների մասին են: Մարդագործության շնորհը տրված է ծնողներին, և շատ կարևոր է ծնողի օրհնությունն իր զավակին: Այսօր տեսնում ենք շատ լքված ծնողների, որոնք ծերանոցներում են: Եթե ցանկանում ենք ունենալ բարօր կյանք, պիտի հարգենք մեր ծնողներին: Հարգել ծնողին, նշանակում է լսել նրա խոսքը, հորդորը, փորձը կիրառել կյանքում: 

 

Մի՛ սպանիր 

 

-Մեր նմանի նկատմամբ մենք պետք է հոգածություն ունենանք, իրար սիրենք, սատար կանգնենք: Մարդն ունի Աստծո պատկերը, և Աստծո պատկերի վրա ձեռք բարձրացնել, նշանակում է մերժել Տիրոջը: 

 

Մի՛ շնացիր 

 

-Այսօր տեսնում ենք շատ քանդված ընտանիքներ՝ հաճախ հենց այս պատվիրանը չկատարելու պատճառով: Ընտանիքը սուրբ է և պետության հիմքն է: Այս պատվիրանը պետք է դիտարկել լայն իմաստով: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր շնության, դավաճանության մասին է: Հայրենքի, Եկեղեցու, Աստծո նկատմամբ դավաճանությունը ևս շնություն է: 

 

Մի՛ գողացիր

 

-Վերցնել, զարտուղի ճանապարհով յուրացնել այն, ինչ քեզ չի պատկանում, մեղք է: Յուրաքանչյուր գողություն վնաս է հասցնում նաև կատարողին: Պետք է հիշենք, որ սատանան գող է: Գողանում է աստվածային ամեն բան ու ներմուծում մեղքը, ավերածություններ կատարում: «Մի՛ գողացիր» պատվիրանն ունի շատ շերտեր: Երբ մի բան պետք է տաս ուրիշին, նրան է պատկանում և չես տալիս, գողություն է: Եթե ընտանիքումդ բարձիթողի վիճակ է, ընտանիքիդ անդամները չեն ստանում իրենց հասանելիքը, ուրեմն՝ գողանում ես նրանցից: Դու պարտավոր ես տալ նաև Աստծո հասանելիքը: 

 

Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր 

 

-Սուտը չարի ստեղծագործությունն է: Ասվում է՝ ստի հայրը սատանան է: Որտեղ կա սուտ, այնտեղ սատանան է իր գործունեությունն իրականացնում: Երբ սուտ ենք խոսում, այն ավեր է առաջացնում: Սուտը չարի դրսևորում է մեր կյանքում: Պետք է հիշենք, որ այն, ինչ տվեցինք, հետ է դառնալու մեզ: Յուրաքանչյուր մեղք պահանջում է պատասխանատվություն: Կյանքում հեռու մնանք ստից, կեղծիքից: Արժանանա՛նք Աստծո օրհնությանը՝ ճշմարտությունը ամուր պահելով:   

 

Մի՛ ցանկացիր քո նմանի կնոջը 

 

-Մեր հասարակության մեջ այս պատվիրանազանցությունն ահռելի է: Երբ մեկը հաջողություն է ունենում, մարդկանց մեջ արթնանում է նախանձը: Երբ որևէ մեկը հաջողության է հասնում, մենք դրանով պետք է ուրախանանք, ոչ թե նախանձելով չարանանք, որովհետև այդպես վնասում ենք նախ մեզ: Ասվում է՝ քո նախանձը քեզ կուտի, կմաշեցնի: Նախանձելու փոխարեն պետք է աշխատենք, ստեղծենք, լավից օրինակ վերցնենք: Այս պատվիրանի խախտումը ծնում է այլ զանցանքներ, դուռ է բացում այլ մեղքերի: Երբ մեր քիթը մտցնում ենք ուրիշի կյանք, բամբասում ենք, մեղքեր ենք գործում: Մենք պետք է ապրենք մեր կյանքով: 

 

Սրանք Հին Կտակարանի 10-ը պատվիրաններն են: Աստծո Որդին եկավ՝ օրենքը լրացնելու: Այս բոլոր պատվիրանները սեղմեց՝ ասելով. «Սիրեցեք միմյանց»: Փրկության հասնել հնարավոր է՝ պատվիրանները ոչ թե խոսքով, այլ գործով պահելու դեպքում: «Նույնպես և հավատը. եթե գործեր չունի, ինքնին մեռած է» (Հակոբոս 2: 17)։ 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-10-23
×