Մեր եկեղեցիներն ու մեր մարդիկ. Սուրբ Աստվածածին, Նորք-Մարաշ
Մեր եկեղեցիներն ու մեր մարդիկ. Սուրբ Աստվածածին, Նորք-Մարաշ
Մայրաքաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր քայլելով՝ կարող ենք հասնել Նորք-Մարաշ համայնքի բարձունք ու գտնել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այն ավերվել է, վերակառուցվել, իսկ պատմական իրադարձությունների կենդանի վկաները կից շինություններում պահպանված քարերն ու խաչքարերն են: Այսօր եկեղեցին ունի երիտասարդաց միություն, կիրակնօրյա դպրոց, նկարչական խմբակ: Տարբեր ոլորտների մասնագետների համար այն տուն է, որտեղ եկել են՝ ստանալու իրենց հարցերի պատասխաններն ու գտել են իրար, բացահայտել կյանքը՝ յուրովի:
Շարունակելով գեղեցկանալ
1930-ական թվականներին հիմնահատակ ավերվել, բայց հետքը չեն կորցրել. Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը պատմում է ժամանակին կից տարածքներում գործող երեք եկեղեցիների մասին:
«Սուրբ Ստեփանոս և Սուրբ Սիմեոն Ծերունի եկեղեցիները եղել են Հին Նորքում: Սուրբ Սիմեոն Ծերունի եկեղեցուց պահպանվել է ընդամենը մեկ քար՝ տարածքի բնակելի տներից մեկի պարսպի մեջ: Սուրբ Ստեփանոս եկեղեցին ավերվել է, բայց տեղում մատուռ է եղել, որը հավատացյալները կարողացել են վերականգնել: Ներսում կա խաչքար, ըստ ավանդույթի, Սուրբ Ստեփանոս եկեղեցու խաչքարերից մեկն է: Աստվածածին եկեղեցին մի փոքր ավելի վերևում է եղել, այժմ տեղում մանկապարտեզ է և թաղապետարանի շենքը»,- պատմում է Տեր Զաքարիան:
Հոգևոր հովիվը վստահ է՝ խաչքարեր, քարեր կան կողքի շինություններում: Կհայտնաբերվեն նաև այժմյան Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքից, եթե հանձն առնեն բարդ, բայց կարևոր այդ գործը:
Սուրբ Աստվածածին եկեղեցին վերակառուցվել է 90-ականներից, 1995 թվականից սկսել գործել:
«Այդ ժամանակվանից սկսել է շինարարությունը: Կառուցապատումը, բարեկարգումը դեռևս չի ավարտվել, որովհետև տարածքը մեծ է: Օր-օրի ավելի է գեղեցկանում տարածքը: Ծրագրերը կյանքի են կոչվում՝ մեր նվիրական հայորդիների, բարերարների շնորհիվ»,- պատմում է հոգևոր հովիվը:
Սուրբ Աստվածածին եկեղեցում այժմ սպասավորում են նաև Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:
Մեր մարդիկ
Սուրբ Աստվածածին եկեղեցին իր շուրջն է համախմբել տարբեր ոլորտների մասնագետների, որոնք տեղում գտնում են ոչ միայն խաղաղություն, հարստացնում հոգևոր գիտելիքները, մասնակցում թեմական միջոցառումների, հոգևորականների հետ հանդիպումների, Աստվածաշնչի սերտողությունների նաև ծանոթանում մշակույթի աշխարհի հետ: Ներկայացումները, շնորհանդեսները, մշակույթի գործիչների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում:
Երիտասարդաց միության անդամներից յուրաքանչյուրն էլ ունի իր պատմությունը: Միության ատենապետը՝ Անի Ոսկանյանը, ուսանողական տարիներին ընկել էր աղանդավորական շարժման մեջ:
«Այնտեղ ունեցա շատ վատ զգացողություններ, ինձ մոտ առաջացան հարցեր, իսկ ես հոգևոր գիտելիքներ ընդհանրապես չունեի: Եկա եկեղեցի, Տեր հայրն ինձ առաջարկեց միանալ երիտասարդաց միությանը: Միացա, որ հոգևոր գիտելիքներ ստանամ, որ մարդիկ չկարողանան ինձ խաբել»,- պատմում է Անին:
Եկեղեցու համայնքի անդամներից բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը կարծում է՝
հանդիպումները, ուխտագնացությունները օգնում են ոչ միայն ճանաչել ու սիրել համայնքը նաև հայրենիքը. «Այժմ մեզ համար շատ կարևոր է մեր ազգային արժեքների, մեր ինքնության պահպանությունը: Կարծում եմ՝ դա ամենալավը կարող է իրականացվել եկեղեցու շնորհիվ»:
Լիլիթ Ազարյանը պատմում է՝ 10-ը տարի է՝ երիտասարդաց միությունում է. «Ես սեր ու խաղաղություն եմ ստանում այստեղ, գտնում եմ ընտանեկան ջերմություն»:
Մասնագիտությամբ բժիշկ Աստղիկ Փիլթոյանը սեփական օրինակով է հասկացել՝ գիտությունն ու հոգևոր կյանքը ոչ թե միմյանց հակասում են, այլ՝ լրացնում. «Առանց Աստծո կամքի, չկա բժշկություն, չկա բուժում: Երիտասարդաց միությունն ինձ հնարավորություն տվեց ուսումնասիրել մեր Եկեղեցին, կրոնը այլ տեսանկյունից: Կարծես մի քանի քայլ մոտեցա Աստծուն, փոխվեց շրջապատս, որը շատ լավ պտուղ ու սնունդ է տալիս մարդուն: Ես խորհուրդ կտայի, որ երիտասարդները իրենց խաղաղությունն ու ներդաշնակությունը փնտրեն առաջին հերթին եկեղեցում և իրենց մեջ»:
Հոգևորականները նաև անցկացնում են քարոզներ: Քանի որ մեծ շենքային պայմաններ չունեն, դեռ չեն կարողանում ընդունել մեծ թվով մարդկանց, հույս ունեն հետագայում այդ հարցն էլ կկարողանան լուծել:
Եկեղեցու համայնքի ակտիվ անդամներից են երեխաները: Յուրաքանչյուր կիրակի, երբ ծնողները մասնակցում են Սուրբ Պատարագի, նրանց երեխաները կից դասերի են: Կիրակնօրյա դպրոց է հաճախում մոտ 40 երեխա՝ մեծերի ու փոքրերի խմբերում միասին: Երեխաները եկեղեցում կարող են մասնակցել նաև նկարչության դասերի: Շաբաթական 2 անգամ խմբակ է այցելում մոտ 20 երեխա: