«Յուրաքանչյուր մեծ արվեստագետի առաքելությունն է խավարում լույս տարածելը»՝ ասում է «Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը՝ կոմիտասագետ, երաժշտագետ Լուսինե Սահակյանը: Մասնագետի հետ մեր զրույցը լույսի երգիչ Կոմիտասի մասին է, ում արվեստում շատ է Աստծո ներկայությունը: 2024 թվականի սեպտեմբերի 25-ին տոնեցինք վարդապետի 155-ամյակը:
Խավարում լույս տարածելու լավագույն օրինակը
-Դժվարին ժամանակներում ավելի շատ ունենք լույսի կարիքը, և այդ լույսն առկայծում է ավելի ուժեղ: Կան հանճարներ, որոնք դառնում են լույսի երգիչ: Կոմիտաս վարդապետը լույսի երգիչ է: Նա իր ամբողջ էությամբ հոգևորի, հավատքի, մեր փառահեղ հոգևոր հայրերից եկող մշակույթի կրողն էր:
Երբ դիտարկում ենք կոմիտասյան երաժշտական կառույցը, հնչյունների մեջ ամբարված խորությունը, հասկանում ենք՝ որքան շատ է Աստծո ներկայությունը: Դրանով է կատարյալ, դասական, անզուգական կոմիտասյան արվեստը՝ իր թվացյալ պարզության մեջ: Եթե նայենք Կոմիտասի պարտիտուրը 20-րդ դարի երաժշտության համատեքստում, կտեսնենք, թե ամեն նոտան որքան հաշվարկված է: Միևնույն ժամանակ, այդ երաժշտության մեջ այնքան ներշնչանք ու ներազդող ուժ կա: Կոմիտասի արվեստում մեծ է հոգևորի և աշխարհիկի կապը: Վարդապետն ասում էր՝ հայ հոգևոր և աշխարհիկ երգերն ունեն քույր և եղբոր ազգակցություն: Նշանակում է, որ մեր հոգոր ժառանգությունը շատ կապված և սերտաճած է աշխարհիկ մտածողությանը: Վարդապետի ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ երաժշտության մեջ կա խորը ծիսականություն: Ամեն երգ հանճարեղ մանրանկար է՝ պատկերավոր ու անթերի: Օրինակ՝ «Հաբրբան»-ի մեջ երևում է երկու սիրող սրտի կապը, կատակը, ժեստը: Յուրաքանչյուր երգի մասին կարելի է ոչ միայն գրել գիտական հոդված, այլև ֆիլմ նկարել:
Վարդապետի ուժ տվող կերպարը՝ դաս մեզ համար
-Նրա կերպարն այնքան ազդեցիկ և լուսավոր է, կենսահաստատ, ուժեղ: Նրա մեջ կար հոգևորականի խոհեմությունն ու լրջությունը և արվեստագետի հումորն ու կենսախնդությունը, որը երևում է իր ստեղծագործություններում: Տեսնում ենք խոհուն հոգևորականի, որը կարող էր մտնել իր խուցն ու ճգնավորի նման աշխատել, ուսումնասիրել մեր հնադարյան ձեռագրերը: Միևնույն ժամանակ իր ժամանակակիցների հուշերում տեսնում ենք հետաքրքիր արվեստագետի՝ կատակասեր, որը կարող է հասկանալ փոքրիկ երեխայի թոթովանքը, երեխաների հետ ուրախանալ, շուրջպար բռնել, երգել: Ոչ միայն ինքը թախծոտ չէր, այլև ասում էր, որ իր գրառած ու ներդաշնակած հայոց երգերից շատերը պարունակում են ուժ ու եռանդ: Նա ունեցել է նաև դերասանական տաղանդ: Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդելիս երաժշտություն է գրել ներկայացումների համար: Բանաստեղծություններ է գրել, նկարել է ու զբաղվել վայելչագրությամբ: Վերջերս մի նամակից տեղեկացա, որ իր աշակերտուհի Արմինե Մելիքյանի հետ, բացի երաժշտությունից, պարապել է նաև մաթեմատիկա: Կոմիտասը ծավալել է ազգային հերոսին վայել գործունեություն: Աքսորի ճանապարհին, երբ նրան ետ էին բերում Կոստանդնուպոլիս, նա ոգևորում էր իր աքսորյալ ընկերներին, մատուցում էր Սուրբ Պատարագ: Կոմիտասը նման է Վերածննդի դարաշրջանի գործիչներին. բազմաշերտ երևույթ է, հանճար է:
Հոգևորականը, գիտնականը, արվեստագետը…
-Երբ ուսումնասիրում ենք Կոմիտաս վարդապետի գործունեությունը, զարմանում ենք դրա ընդգրկումներից: Իր կերպարում միախառնված են գիտությունը, երաժշտությունն ու հոգևոր արժեքները: Նրան պետք է դիտարկել իբրև վարդապետ, եկեղեցական երաժշտության գիտակ, ուսումնասիրող, եկեղեցու լույսը դեպի աշխարհիկ կյանք տանող արվեստագետ, ջահակիր: 20-րդ դարն ազգային ինքնագիտակցության վերելքի շրջան էր: Ասպարեզ եկան կոմպոզիտորներ, որոնք գնում էին իրենց ազգային մշակույթի խորքեր՝ հանելու այն գանձերը, որոնք կարող էին կորսվել: Բանավոր երգած նյութը դարձնում էին գրավոր, որպեսզի սերունդները պահեին այդ մատյանները: Կոմիտաս վարդապետը 20-րդ դարի մեծագույն գործիչներից է, որը կորստից փրկեց մեր բնատոհմիկ երգը, գիտականորեն ուսումնասիրեց, այդ երգի հիմքով գրեց իր երգերն ու խմբերգերը, դաշնամուրային պարերը: Կոմիտասյան ժառանգության վրա կառուցվեց հայոց երաժշտագիտությունն ու կոմպոզիտորական արվեստը:
Կոմիտասն առաջինն էր, որ հոգևոր երաժշտությունը հնչեցնում էր բեմերում՝ համերգային կատարմամբ: Խմբեր էր կազմում, որտեղ ընդգրկում էր հարակից դպրոցի ուսուցիչներին, որպեսզի նրանք այդ երգերը երգեն, հետո տարածեն իրենց դպրոցներում, երիտասարդ սերնդի մեջ սերմանեն այդ ինտոնացիաները, որոնք հետո դառնալու են նրանց ինքնության առհավատչյան: Կոմիտասը նաև տեսաբան-գիտնական էր և մեզ թողել է հոդվածներ, ուսումնասիրություններ, նամակներ: Դրանց միջոցով մենք կարող ենք գտնել մեր օրերի դժվար հարցերի պատասխանները: Նա իր նամակների միջոցով խոսում է ոչ միայն երաժշտության խնդիրների, այլև աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, որտեղ մենք հայտնվել ենք: Չկա մեկ այլ հեղինակ, որն այնքան կապված լինի սեփական ժողովրդի ճակատագրին, որքան Կոմիտասը: Նա այնքան լավ է գիտակցել մեծ կայսրությունների միջև հարաբերությունները, նրանց կռիվները, մեր պարտություններն ու ձգտումները, մեր ազգի տաղանդը: 20-րդ դարասկզբին փորձել է բացել կոնսերվատորիա: Կոմիտասն ունեցել է մշակույթով բիրտ ուժի դեմ կանգնելու, կրթության շուրջ երիտասարդներին հավաքելու ձգտումը: Կոմիտասի լուսավորական գործունեությունն իր ապրած ժամանակների համար մեծ խիզախում էր:
Կոմիտասի կյանքը՝ ուղենիշ
-Կոմիտասի ապրած ամեն օրը, կյանքը, երգը պետք է դառնան ուղենիշ մեզ համար: Կոմիտաս լսել, հասկանալը կփոխի աճող սերնդի մտածողությունը, նրան այլ ուղղության վրա կդնի՝ միևնույն ժամանակ չկտրելով ժամանակից: Նա իր ժամանակի ամենառաջադեմ և կրթված երաժիշտն էր:
Լանախոհ մտավորական էր, որը շփվում էր լուսամիտ մարդկանց հետ: Նրա արվեստը բացի քրիստոնեական լինելուց՝ չափազանց աշխարհիկ է: Նրան պետք է վերընթերցել, վերարժևորել, որպեսզի կարողանանք բարդ իրավիճակներում գտնել մեր հարցերի պատասխանները: Նրա հայրենասիրությամբ իմաստավորված կյանքը ուղենիշ պետք է դառնա սերունդների համար այս բարդ ու վայրիվերումներով առատ իրականության մեջ: Լինել կոմիտասական՝ մեծ պատասխանատվություն է: Միևնույն ժամանակ, այն ազգապահպան, ազգի ինքնությունը հաստատող ու ազգի ապագան կանխորոշող ճանապարհն է: Դա այն լույսի ճանապարհն է, որով պետք է շարժվենք, որքան էլ բարդ ժամանակներում ապրենք, իսկ մենք ավելի դժվար ժամանակներում էլ ենք եղել: Ես դասավանդում եմ և տեսնում Կոմիտաս սիրող սերունդ, որն ինձ համար լուսավոր ապագա ունենալու չափանիշ է: Ես շփվում եմ երիտասարդների հետ և տեսնում եմ այն լույսը, որը կարող է ավելի ուժեղ ճառագել ու լուսավորել մեր ապագան: Երիտասարդների հետ շփումն է տալիս մեզ հնարավորություն՝ լինելու ավելի լավատես ու տարածելու ոչ միայն Կոմիտասի, այլև նրա միջոցով մեզ հասած եկեղեցու երևելի հայրերի լույսը:
Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան