Երանելի Սարգիս Շնորհալի. Սուրբ Գրքի ընթերցանության մասին

Երանելի Սարգիս Շնորհալի. Սուրբ Գրքի ընթերցանության մասին

Փառավորենք Քրիստոսին, որովհետև հավետ վայելում ենք Նրա շնորհներն ու Նրա գիտությամբ հաղորդակից դարձանք անճառելիներին և արքայության հրավեր ստացանք: Փառավորենք Նրան ոչ միայն խոսքով, այլև գործով, և ոչ միայն լոկ գործով, այլև՝ ուղիղ հավատքով, և ոչ միայն լոկ հավատքով, այլև հույսով, սիրով, խոնարհությամբ և հեզությամբ:

 

Գուցե մեկը հարցնի, թե այս ամենով ինչպե՞ս փառավորենք Նրան: Ուշադրություն դարձնենք Սուրբ Գրքի ընթերցվածքներին և դրանցից եկող օգուտն ամբարենք մեր մեջ, որովհետև առանց Սուրբ Գրքի վարդապետության մարդը երբեք չի կարող օգտակար, աստվածային և Աստծո փառքի համար վեր բարձրացող բաներից օգտվել: Դրա համար էլ մեր Տերը հորդորում է քննել Սուրբ Գիրքը և կշտամբելով՝ հանդիմանում է սադուկեցիներին, որոնք մոլորված էին և չէին իմանում ո՛չ Սուրբ Գիրքը, ո՛չ էլ Աստծո զորությունը:

 

Տեսնո՞ւմ ես, որ Աստծո զորությունը ճանաչվում է Սուրբ Գրքի գիտությամբ և վարդապետությամբ, և ոչ ոք չի կարող ըստ պատշաճի Աստծուն իմանալ և պաշտել առանց Սուրբ Գրքի իմացության: Լսի՛ր Պողոսին, որ ասում է. «Հետամուտ եղի՛ր Աստծո խոսքն ընթերցելուն» (Ա Տիմ. 4:13), «Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է» (Ա Տիմ. 4:14), և նորից. «Համբերությամբ և գրքերի պարգևած մխիթարությամբ հույսն ընդունենք» (Հռոմ. 15:4), նաև. «Աստծո շնորհով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության և մեզ խրատելու համար» (Բ  Տիմ. 3:16):

 

Արդարև, ո՞ր ջուրն այդպես կաճեցնի և պտղաբեր ու տերևաշատ կդարձնի ծառը, ինչպես աստվածային գրքերի ընթերցանությունը՝ միտքը, կամ ո՞ր անձրևը այդպես կսնուցի բույսերը, ինչպես Սուրբ Գրքի գիտությունը՝ աստվածասերների հոգիները: Տեսնո՞ւմ ես, թե որքան հոգատար եղավ Քրիստոս անձամբ, որ առաքյալներով և մարգարեներով հորդորեց մեզ Սուրբ Գրքի ընթերցանության մեջ կրթասեր և հոգատար լինել, միշտ նրանով պարապել, գիշեր-ցերեկ աշխատել, դրա մասին խորհել և հոգ տանել՝ այն ընկալելով որպես հոգևոր կերակուր և ըմպելիք, և մարգարեի նման ասել. «Քո խոսքերն իմ քիմքին ավելի քաղցր են, քան մեղրն իմ բերանին» (Սաղմ. 118:103):

 

Այսքան հորդորական խոսքերից հետո նորից կան ոմանք, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ է Սուրբ Գիրքը կամ ինչո՞ւ է գրվել, իսկ ոմանք էլ թեև գիտեն, սակայն այնքան երերուն են իրենց ընթերցման և ուսուցման մեջ, որ երբ պատմում են Սուրբ Գրքի վարդապետությունից, մարգարեությունից, չեն իմանում, թե որ մարգարեին է պատկանում վկայությունը: Ահա այդ պատճառով է, որ երբ մարգարեների գրվածքներն ենք կարդում, նախ ընթերցում ենք մարգարեի անունը, ապա՝ մարգարեությունը: Սակայն ընթերցանության ժամանակ այնպես ենք հոգսերով տարվում, որ երբ դուրս ենք գալիս եկեղեցուց, աշխարհի հոգսերն ու պատրանքները խեղդում են ու անպտուղ դարձնում Աստծո խոսքը, և այն, որ մեր Տերն ասաց. «Նախ խնդրե՛ք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա, քանի որ երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է» (Մատթ. 6:32-33):

 

Արդ, որովհետև մեծ ջանասիրությամբ սրանք ենք խնդրում և սրանց համար ենք տառապում, իսկ աստվածայինն ավելորդ ենք համարում, դրա համար էլ չենք մտապահում: Ինչո՞ւ, որովհետև անփույթ ենք հոգևորի մեջ և չենք հոգում Սուրբ Գրքի ընթերցանության մասին: Մեր մտքերը օտար հոգսերով ենք ծանրաբեռնում և տատանվում ենք խավարի մեջ: Մարմնավոր հոգսերով ենք տարվում՝ չիմանալով, որ բոլոր չարիքներն առաջանում են տգիտության պատճառով:

 

Պողոսը, որ Քրիստոսով էր խոսում և անասելի խոսքեր լսեց, կարիք ուներ Սուրբ Գրքի ընթերցանության, և այդ պատճառով աշակերտներին պատվիրում էր ու ասում. «Երբ գաս, հետդ բեր գրքեր» (Բ Տիմ. 4:13): Եվ մեզ էլ խրատում է՝ ասելով. «Ձեզ կաթ տվեցի, և ոչ՝ կերակուր» (Ա Կորնթ. 3:2), սրանով ակնարկում է հոգևոր վարդապետությունը, որովհետև ինչպես կաթը սնուցում է մանուկներին՝ հասցնելով նրանց չափահասների սեղանին, նույնպես նաև Սուրբ Գրքի խոսքերը սնուցում են մեր հոգիները՝ մինչև որ հասնենք Քրիստոսի կատարյալ հասակին: Մեր միտքը քննում է խոսքերը, իսկ քիմքը՝ կերակուրները: Ինչպես երբ կերակուրը պակասում է, մարմինը տկարանում է և մեռնում, այդպես էլ Քրիստոսի վարդապետության կաթը, որ հոգիների  կերակուր է, երբ պակասում է, հոգին չի կարողանում Աստծո կենդանությամբ կենդանանալ:

 

Արդ, այսքան երևելի օրինակներից հետո մտքով մանուկ չլինենք, որպեսզի Պողոսը եբրայեցիների նման մեզ էլ չմեղադրի՝ ասելով. «Պետք էր, որ ուսուցիչներ լինեիք, սակայն դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի, քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարության խոսքին» (Եբր. 5:12-13): Այսինքն՝ ինչպես որ մանուկը լավ և վատ կերակուրները միմյանցից չի տարբերում և շատ անգամներ կոշտ կերակուր ուտելով՝ վնասում է իրեն, իսկ երբ մեծանում է, կարողանում է իմաստությամբ ընտրել կերակուրները, այդպես էլ մենք Աստծո խոսքի կաթը խմենք, ըստ Սուրբ Գրքի օրինակի, մինչև մեր գիտակցությունը վարժվի բարու և չարի ընտրության մեջ և հասնենք Քրիստոսի կատարյալ հասակին:

 

Թերևս հարցնես, թե ինչպե՞ս պիտի վարժեցնենք մեր ճաշակելիքը Սուրբ Գրքի գիտությանը: Երբ դրանով զբաղվենք, դրանով լրջանանք, երբ մեր գործն ու հոգսը, վաստակն ու աշխատանքը դա համարենք, երբ այն ընդունենք որպես մեր հանգիստ, փառք, կենդանի կերակուր և ուրախարար գինի, երբ վարվենք ըստ Սողոմոնի խրատի՝ իմաստությունը մեզ քույր համարելով գրկենք և մեր սրտում մեծ տեղ հատկացնենք և այն համարենք բոլոր պատվիրաններից պատվական: Ահա այսպես է, որ ճաշակելիքը կրթվում է ընտրելու բարին և չարը, այսպես է, որ կարողանում ենք զատել կենսատու կերակուրը մահացուից:

 

Աղաչում եմ, աշխատենք այս ուղղությամբ, որպեսզի չծամենք հերձվածողների կոշտ կերակուրները կամ չճաշակենք նրանց վնասակար դավանության պտուղները, որովհետև իրենք իրենց եկեղեցուց օտար չեն համարում հեթանոսների պես, այլ քրիստոնյաների նման ներս մտնելով՝ դառը թույն են թափում և օգտագործում են իրենց օտար ուսմունքը՝ խաբելու համար դեռևս մանուկ մնացածներին: Հետևաբար, մեր մտքի քիմքը կրթենք Սուրբ Գրքով, որպեսզի մեզ և մեր ընկերներին փրկենք հերձվածողների հրապույրներից: Ինչպես ռազմաճակատում գտնվող զինվորները ոչ միայն իրենց համար են ճակատամարտում, այլև իրենց ընկերներին փրկելու համար, ուստի մենք էլ Սուրբ Գրքի իմացությամբ քննենք բոլոր աղանդները և փախչենք դրանցից՝ ինչպես օձից, և զգուշացնենք մեր մերձավորներին դրանց խոսքերից՝ ինչպես մահաբեր թույնից. ամեն:

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2024-10-16
×