Սուրբ Պատարագ՝ խնամքի կենտրոնի բնակիչների համար

Սուրբ Պատարագ՝ խնամքի կենտրոնի բնակիչների համար

«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչները մասնակցեցին Սուրբ Պատարագի: Այն մատուցվեց կենտրոնի տարածքում գտնվող Սուրբ Խաչ մատուռում, որը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: 

 

Պատարագի ավարտին կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը կատարեց Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով և մատուռին նվիրեց խաչվառ:  

 

Հոգևորականի խոսքով՝ պարբերաբար այցելում են կենտրոն, զրուցում բնակիչների հետ: 

 

«Իմ նպատակն այն է, որ խնամքի կենտրոնում բնակություն հաստատած մարդիկ ամրապնդեն իրենց կապը մեր Եկեղեցու, հավատացյալների հետ: Փորձում եմ անել ամեն բան, որ իրենց չզգան մեկուսացված, անտեսված, չհայտնվեն հոգեբանական ծանր վիճակում, երբեք չհուսահատվեն, այլ իրենց կյանքը լցնեն աղոթքով»,- իր խոսքում նշեց Տեր Արարատը:

 

Քահանան հավելեց, որ ժամանակ առ ժամանակ տեղի մատուռում մատուցվում է Սուրբ Պատարագ: Կենտրոնի բնակիչներից ոմանք նաև ցանկություն են հայտնել և տեղում մկրտվել: Բնակիչներից մի քանիսը նաև մասնակցում են Սուրբ Պատարագի ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-10-15
×