Բացի՛ր աչքերդ, ժողովուրդ հայոց, ճանաչի՛ր քեզ. Վազգեն Առաջին
Բացի՛ր աչքերդ, ժողովուրդ հայոց, ճանաչի՛ր քեզ. Վազգեն Առաջին
Ինչպիսի՞ն է հայ ազգի պահպանման, հզորացման բանաձևը, և այդ հարցում ի՞նչ դեր ունեն հայրենիքը, ընտանիքն ու եկեղեցին. պատասխանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետ
Հայրենիքը
«Այն օրից, երբ մեր Հայկ Նահապետը փշրեց բռնության կապանքը Բելի ու դրեց սահմանաքարը հայրենի հողի, դրոշմվեց կոչումը հայ հոգու՝ ապրել ազատ և արյան իսկ գնով պաշտպանել ժառանգությունը նախնյաց»:
«Արցախի ցավը լոկ մեր ազգի ցավը չէ, այլ աշխարհի ցավը, որի դեմ մաքառում է մեր ազգը գրեթե մեն-մենակ: Ինչքան էլ ծանր հնչեն մեր երկյուղներն ու սպառնալիքները, չենք կարող չհիանալ Արցախի ազատամարտիկների սխրանքով, նրանց՝ սահման չունեցող զոհաբերության ոգով, մահվամբ մահը հաղթելու քրիստոնեական ժայռացած հավատով: Հայ ժողովուրդն իր փոթորկահույզ պատմության գուցե ամենաճգնաժամային պահն է ապրում, պահը՝ ամեն գնով ազատ ապրելու վսեմ փորձության»:
«Հայե՛ր մայր հայրենիքի ու բոլոր երկրների, միացե՛ք ու հավատացե՛ք ձեր վերածննդին, հավատացե՛ք ձեր հավաքական ուժին ու ձեր առավել պայծառ ապագային:
Մի՛ տկարացեք, մի՛ շփոթվեք, մի՛ հուսալքվեք:
Մի՛ վախեցեք անցողիկ դժվարություններից ու նեղություններից:
ԵՎ մի՛ վախեցեք ազատ ապրելուց: Հիշեցե՛ք պատգամը Քրիստոսի մեծ առաքյալի. «Եղբայրներ, դուք կոչված եք ազատության»:
«Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»:
«Բացի՛ր աչքերդ, ո՜վ ժողովուրդ հայոց, և ճանաչի՛ր քեզ: Դու մահկանացու չես: Դու հավետ անբաժան, կենդանի ես ու կենդանի պիտի մնաս, «քանզի ընդ շնորհոք Սրբո Հարության» քո հոգու մեջ կան ու աճում են հավատը, հույսը և սերը և քո զավակները, շնորհներով զեղուն, այսօր վերստին կերտում են նոր լուսաբաց կյանքի: Զի եթե ամեն գարուն աշխարհին բերում է նոր կյանք, նոր ընձյուղում և նոր զարթոնք, նույնպես և ամեն Զատիկ մեզ բերում է մեծ ավետիսը մեր խաչված ազգի հարության: Այո՛, դատարկ է այսօր մահվան գերեզմանը նաև հայ ժողովրդի, որ մահին մահով հաղթելով՝ ապրում է, շնչում ու ստեղծում իր իսկ մայրենի սուրբ հողի վրա նոր հանճարով, նոր երգերով ու նոր փառքով»:
«Հայ մնալ, հայ ապրել նշանակում է մարդկային ոգեկանության վավերական ձևերից մեկն իրականացնել աշխարհի քաղաքակրթության հորիզոնում, զի հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությունը համամարդկային ինքնատիպ արժեքներից է: Հավատարիմ մնալ այդ ժառանգությանը, նշանակում է հայկական ազգային ձևերում համամարդկայինն ապրել ու զարգացնել ոգեկանության բարձր մակարդակում»:
«Մեր ազգի պատմությունը մի կենդանի հուշարձան է՝ աշխարհի հորիզոնում բարձրացող, մարմին ու կյանք առած նահատակների արյունով, բարուն և գեղեցիկին ծառայելու ստեղծարար հանճարով, սեփական ազգ ու ազատ հայրենիք կերտելու սրբազան կրքով»:
Ընտանիքը
«Ես գովում եմ քո եռանդը, հայո՛ց ընտանիք, որ ձգտում ես դեպի առաջադիմություն և քաղաքակրթություն, միայն թե սխալ ես ըմբռնել, թե զեխությունը, զեղծումը, նորասիրության բուռն տենչանքը ճշմարիտ քաղաքակրթության նմանողությունն են»:
«Մեր ժողովուրդը ազգային զարթոնքին զուգահեռ կարիք ունի նաև բարոյական նկարագրի զարթոնքի: Զի մարդ անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի անցյալից մնացած արատները, եսակենտրոն մղումները, ինչպիսիք են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունը, այլևայլ զեղծարարություններն ու մոլությունները»:
«Քրիստոնեական առաքինությունները՝ բարությունը, մարդասիրությունը, կարեկցությունը, եղբայրասիրությունը, գթասրտությունը, արդարամտությունը, ճշմարտասիրությունը, ազատասիրությունը պարզապես վերացական գաղափարներ չեն, այլ մեր ժողովուրդը դրանք ապրել ու կիրառել է իր պատմության ընթացքում: Մեր ամբողջ պատմությունը, մեր մշակույթը իր բոլոր դրսևորումներով ուրիշ բան չեն, եթե ոչ արգասիքը քրիստոնեական այս առաքինությունների»:
Հայ Եկեղեցին
«Հայոց պատմությունը մի դյուցազներգություն է վասն Հիսուսի և վասն արդարության: Այդ հավատքը լուսավորեց մեր ազգի հողն ու մեր պատմությունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչից սկսյալ, բայց մանավանդ հինգերորդ դարի Ավարայրի ճակատամարտից: Անցնող տասնհինգ դարերը վկայում են, որ սրբազան մարտը վասն հավատո և վասն հայրենյաց ազատության արիաբար շարունակվեց տարբեր պայմաններում, տարբեր գաղափարական տարազներով, տարբեր դրոշներով, բայց միշտ ի խնդիր քրիստոսավանդ նույն արդարության հաղթանակի, միշտ ի խնդիր նույն հավերժական Հայաստանի»:
«Մեր ազգային ամբողջ մշակույթը իր բոլոր վավերական արժեքներով՝ գրականություն, ճարտարապետություն, գիտություն և արվեստներ, սկիզբ է առնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տեսիլքներից: Այդ ոգեկան աղբյուրներից է, որ բուն հայ ժողովուրդը ծնվեց իր հոգով, իր իմացականությամբ, իր զգայնությամբ, իր պատմությամբ, իր մշակույթով»:
«Ինչպես Սուրբ Մեսրոպը քաոսից դուրս բերեց և բյուրեղեց ձայները հայ բարբառի և իր ազգին ու աշխարհին պարգևեց կոթողը հայոց լեզվի, այնպես էլ Կոմիտաս վարդապետը պեղեց, մաքրեց և լույս աշխարհ բերեց կույս աղբյուրը հայ երգի: Եվ բազում տարիներ անդուլ, անհոգնաբեկ, միշտ նոր ավյունով ու ստեղծարար տենդով այդ աղբյուրից հայ երգի լույսը բաշխեց իր ժողովրդին»:
Գրականության ցանկ՝ «Բացիր աչքերդ հայ ժողովուրդ. Վազգեն Առաջին»