Նավասարդ Սրբազանը նորօրհնյալ Մյուռոնով Ջրօրհնեքի կարգ կատարեց

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանը նորօրհնյալ Մյուռոնով Ջրօրհնեքի կարգ կատարեց

Նավասարդ Սրբազանը նորօրհնյալ Մյուռոնով Ջրօրհնեքի կարգ կատարեց

Հոկտեմբերի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը Տեր Անուշավան քահանա Կոշեցյանն էր:

 

Հավարտ Սուրբ Պատարագի, Նավասարդ Սրբազանը նորօրհնյալ սրբալույս Մյուռոնով Ջրօրհնեքի կարգ կատարեց:

 

Շնորհավորելով հավատավոր ժողովրդին Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման առթիվ՝ Սրբազան Հայրն անդրադարձավ Սուրբ Մյուռոնի խորհրդին. «Սիրելի՛ հայորդիք, նորօրհնյալ Մյուռոնով օրհնեցինք այս ջուրը, որն իբրև օրհնություն պիտի բաշխվի ամենքիդ: Մյուռոնի ծագումը կապվում է Սուրբ Թադեոս առաքյալի հետ, ով Հայաստան գալով իր հետ բերում է օրհնված յուղ, որն օգտագործելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատրաստել եւ օրհնել է հայոց առաջին մյուռոնը։ Ամեն անգամ, մյուռոնօրհնության ժամանակ, հին մյուռոնը խառնվում է նորին՝ հավիտյան նորանալով։

 

Մեր ժողովրդի ինքնությունն ու հավատքը Սրբալույս Մյուռոնի հետ ընդելուզված է և այդ խորհրդով Մյուռոնօրհնեքին ընտրվել էր «Դրոշմ ինքնության» կարգախոսը: Մենք բոլորս ենք Մյուռոնով օծվում՝ մկրտության սուրբ ավազանից ծնվելով և ստանալով հայի ինքնության դրոշմը: 

 

Ինչպես գեղեցկագուն հայերենով գրում է Սուրբ Գրիգոր Նարեկացին. «Օրինակն այս ընդհանուր լուսավորում է մեր աչքերը, ինչպես նաև քոյինաշունչ շնորհով, անիմանալի ընտրությամբ միանում է քո պատկերը կրող մեր հոգուն եւ պայծառացնում հրաշափառապես… փրկության կատարյալ լույսով հագեցած յուղն այս հեղվելով մեզ վրա՝ օծում է արտաքին խորանը, և Աստված ծածկապես աներևույթ կերպով մուտք է գործում և վերստին կյանք պարգևում» (Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»):

 

Իսկ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը պատգամում է մեզ. «Ո՛վ ամենայն  եկեղեցիք եւ եկեղեցականներ, ճանաչեցէ՛ք թագուհիների միակ թագուհի Ս. Էջմիածինը, որ հայոց ազգի աթոռն է եւ Քրիստոսի յատուկ սիրելին. որի նմանը ուրիշ ազգեր չունին, որին երանի են տալիս եւ գովում, որին կարօտում են եւ տեսնել ցանկանում… Տեսէք եւ ճանաչէ՛ք կենդանի ջրոյ միակ աղբիւր եւ ջրհոր Ս. Էջմիածինը, որ ահա բաշխում է ձեզ, յոռոգումն հոգեւոր, կենդանարար ջուրը՝ սուրբ Միւռոնը: Այն խորհրդաւոր արեգակն է եւ Էջմիածինը, որ առատապես ճառագայթում է դէպի ձեզ աստուածային լոյսը՝ սուրբ Միւռոնը, որ ձեր հոգին ու մարմինը պիտի լուսավորէ: Վայելեցէ՛ք ուրեմն, շնորհակալ եղէ՛ք եւ իմացէ՛ք, թէ ումնից էք ստանում այդ շնորհը»:

 

Սիրելինե՛ր, Սուրբ Էջմիածնի աստվածադիր առաքելության ոգով, Սուրբ Մյուռոնի օրհնությամբ ու Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ապրենք այսօր, վաղը եւ ընդմիշտ․ Ամէն»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-10-06
×