Մենք ազա՞տ ենք, եթե՝ այո, կարո՞ղ ենք անել այն, ինչ ցանկանում ենք...
Ազատ լինելու ձգտումը մարդուն հուզել է դարեր շարունակ: Թյուր պատկերացումները երբեմն դարձել են սխալ որոշումների ընդունման ու վտանգավոր հետևանքների պատճառ:
«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն է:
Ազատությունը մարդկության ստեղծումից ի վեր
-Աստված արարեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ: Պատկեր և նմանություն ասելով` նկատի չունենք արտաքինը, այլ ազատությունն ու ընտրելու հնարավորությունը: Ադամին ու Եվային ազատություն էր տրված: Նրանց ասվեց՝ մի՛ կերեք այս ծառից: Աստված կարող էր նրանց սահմանափակել, ու այդ ծառն ընդհանրապես այդտեղ՝ իրենց առջև չէր լինի: Այդ ժամանակ տեղի չէր ունենա որևէ մեղսագործություն: Մարդն իր կամքով ընտրեց Աստծո խոսքը չլսելու ճանապարհը: Մեղսագործությունից հետո մարդու ազատությունը չսահմանափակվեց, ընդհակառակը՝ նա շարունակեց ունենալ իր ազատությունը, անգամ այն աստիճանի, որ կարող էր ընտրել՝ հավատո՞ւմ է, թե՞ չի հավատում իրեն կյանք տված Արարչին:
Իրական ազատությունը
-Մենք ունենք ընտրելու հնարավորություն՝ գնա՞լ Աստծուն հավատալու ճանապարհով, թե՞ հակառակը: Մարդիկ Տիրոջն ընտրելու ճանապարհին չեն զրկվում իրենց ազատությունից: Արարչի կողմից տրված ազատությունն անընկալելի կլինի մեզ համար, եթե չունենանք հավատ առ Աստված: Ավետարանը մեզ ասում է՝ ճշմարտությունն ազատարար է: Հիշենք, որ Քրիստոս ազատագրեց մեզ մեղքերից: Նրան ընդունելը մարդուն պարգևում է իրական ազատություն, որն էլ կոչված է մարդուն ձևավորելու որպես անհատ և նրա մեջ ամրացնում է բարոյական սկզբունքները: Մենք ազատ ենք ամեն տեսակ մեղքի ծառայությունից: Ուրեմն՝ իրական ազատությունն առաջանում է առ Աստված ունեցած հավատքից: Եթե կրում ես Աստծուն քո մեջ` որպես առաջնորդ, լույս, փարոս, իսկապես ազատ ես, գերի չես մեղքին: Սա է ճշմարտությունը:
«Ազատություն» ձեռք բերելու մրցավազք
-Մարդիկ երբեմն իրենց ազատությունն ապացուցելու համար ստիպված են լինում անել շատ քայլեր, որոնք ընդունված չեն: Բնականաբար, սա ունենում է իր բացասական հետևանքները: Երբ մարդը շեղվում է իրականությունից և իր ազատությունը ձեռք բերելու մրցավազքի մեջ հայտնվում է տարբեր մեղքերի մեջ:
Եթե ճիշտ ուղով ես ընթանում, ուրեմն` ազատ ես, գերված չես։ Ազատ ես բարիք գործելու ընտրության մեջ։
Ազատ լինելը բարդ է
Ազատ լինելը հեշտ չէ, քանի որ ամեն անգամ կանգնած ես ընտրության առաջ՝ ի՞նչ անել ու ի՞նչ չանել: Պետք չէ վախենալ, եթե հստակ իմանաս, թե որն է բարին, որը` չարը, և այլևս այդ խնդիրը չի լինի: Ադամն ու Եվան հակառակ ընտրություն կատարեցին ու կրեցին անհնազանդության հետևանքները: Նրանք ապրում էին ազատության մեջ, որևէ խնդիր չունեին և իրենց սխալ ընտրությամբ արտաքսվեցին դրախտից: Եթե սխալ ընտրություն ես կատարում, տուժում ես ոչ միայն դու, այլև քեզ շրջապատող մարդիկ։ Եթե ընտանիքի անդամներից մեկը սխալ ճանապարհով է գնում, տուժում են տան բոլոր անդամները:
Պատրաստեց
Անի ԱՎԱԳՅԱՆԸ
×