Աստված մեզ տվել է այս օրը, որ կարողանանք սեր փոխանցել դիմացինին

Աստված մեզ տվել է այս օրը, որ կարողանանք սեր փոխանցել դիմացինին

Ինչպիսի՞ն է սիրո հրաշքը. ներկայացնում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը: 

 

Սերը՝ ամենօրյա հրաշք

 

-Մենք ամեն օր բացում ենք մեր աչքերը և տեսնում լույսը. ամեն օր ականատես ենք լինում Աստծո՝ սիրո հրաշքին: Մեր կյանքի յուրաքանչյուր դժվարության, անելանելի, անլուծելի խնդիրների առաջ հիշենք՝ Աստված մեզ սիրում է: Եթե ապավինենք Նրա օրհնությանը, զորությանը, հաղթահարելի է յուրաքանչյուր խոչընդոտ, լուծելի՝ յուրաքանչյուր խնդիր: Աստված մեզ սիրում է, և մենք էլ պարտավոր ենք այդ սերը փոխադարձել: Սերն Աստծո կողմից մարդուն տրված մեծագույն շնորհ է: Աստված մեզ տվել է այս օրը, որ կարողանանք այդ սերը փոխանցել դիմացինին, նրան, ով դրա կարիքն այսօր շատ ունի: 

 

Սերը՝ ապրելակերպ

 

-Այս նյութական աշխարհում մեզ սովորեցնում են, թե սերը հոգևոր, վերացական ցնորք է, ո՛չ սիրելիներ, քրիստոնյայի համար սերն ապրելակերպ է: Յուրաքանչյուր հարաբերություն կառուցվում և դրսևորվում է միայն սիրո արդյունքում: Այս նյութական աշխարհում մենք հաճախ մարդկանց մասին դատողություններ ենք անում՝ ըստ արտաքին տեսքի, վարած մեքենայի, կրած զարդերի, ուշադրություն չենք դարձնում նրանց հոգևոր վիճակին, չենք մտածում, որ նրանք կարող են սիրել: Մոռանում ենք, որ չպետք է մարդկանց վերևից նայենք, որովհետև Տերը կարող է մեզ խոնարհեցնել: Մենք պարտավոր ենք հոգ տանել մեզ շրջապատող մարդկանց մասին: Հատկապես նրանց, ովքեր մեր կարիքն ունեն:

 

Երբ մեզ ցավեցրել են…

 

-Մենք պետք է սիրենք ոչ միայն նրանց, ովքեր մեզ սիրում են: Հաճախ, երբ մեկը մեր հանդեպ սխալ է գործում, մեզ ցավեցնում է, սկսում ենք կրկնակի, եռակի ուժգնությամբ ցավ պատճառել նրան: Թշնամանում ենք մեր ազգականների, ընկերների, ընտանիքի անդամների հետ: Եթե մենք մեզ անիծողին նույն կերպ պատասխանենք, իրենից ոչնչով չենք տարբերվի: Երբեք չմոռանանք Քրիստոսի՝ խաչի վրա արտասանած խոսքերը: Քրիստոս որևէ մեղք չէր գործել, սակայն Խաչափայտի վրա՝ այդ անասելի տառապանքների մեջ, սեր էր ցուցաբերում, ասում էր. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկաս 23:34): Մենք պարտավոր ենք մեզ պատճառած յուրաքանչյուր վատության դիմաց՝ թշնամանքի փոխարեն սեր տալ:

 

Աստծուն սիրել՝ մարդուն սիրելու ճանապարհով

 

-Ասել, որ սիրում ենք Աստծուն, բավական չէ: Պետք է կարողանանք այդ սերը ցույց տալ: Աստվածաշնչում այսպիսի բանաձևում կա. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհաննես 4:20)։ Աստծուն սիրելու ճանապարհը սկսում և շարունակվում է մարդուն սիրելու ճանապարհով: Տիրոջ տրված ամենամեծ պատվիրաններից է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը» (Ղուկաս 10:27): Եթե մենք կարողանանք սիրել մարդուն, հատկապես նրանց, ովքեր դժվարության մեջ են, ովքեր մեզ վատություն են արել, եթե կարողանանք նրա հանդեպ աղոթք բարձրացնել, կկարողանանք քայլել՝ դեպի Աստված տանող, աստվածտեսության ճանապարհով: 

 

Աստծով լցված ապրենք մեր կյանքը:

 

Պատրաստեց Անի Ավագյանը
 

  • 2024-10-02
×