Խաչը մեզ համար ունի փրկության խորհուրդ, խաչելությամբ սկիզբ դրվեց փրկագործությանը, ասում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին չորս տոն ունի՝ նվիրված Խաչին։
Խաչի երևում, Խաչվերաց, Խաչի գյուտ և Վարագա Խաչ․ թվարկած տոներից միայն վերջինն է, որ նշում է միայն Հայ Եկեղեցին։ Օրվա հիմքում գեղեցիկ ավանդությունն է, սակայն հոգևորականի հորդորն է՝ ավանդությունը հիշատակելուց զատ՝ հասկանալ օրվա խորհուրդը։
«Օրվա պատգամն է՝ երբեք չտրտնջալ մեր կյանքի դժվարություններից, չվախենալ խնդիրներից, խոչընդոտներից»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը։
Երբեմն մարդիկ ասում են, թե տոնելով խաչապայտին նվիրված օրեր, պաշտում ենք նյութը՝ մահվան գործիքը, սակայն քահանան բացատրում է՝ խաչը մահվան գործիք էր հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո, այն քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի նշանի։ Երբ ասում ենք՝ խաչ, հասկանում ենք՝ Խաչյալին, պետք չէ առանձնացնել:
«Մեր փրկությունը խաչի միջոցով է, այսինքն՝ Խաչյալի: Տոնը մեզ հնարավորություն է տալիս՝ ևս մեկ անգամ մտածելու, որ քրիստոնյայի կյանքը լոկ հաճույքներով լեցուն, առանց դժվարությունների կյանքը չէ: Խաչելության խորհրդի միջոցով ցույց է տրվում՝ որքան դժվար և կարևոր է՝ դեպի փրկություն տանող ճանապարհը»,- հավելում է Տեր Բարդուղիմեոսը։
Տոնի հիմքում ընկած ավանդությունը պատմում է, թե ինչպես Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիստոսի Խաչափայտի մասունքը։
Խաչանիշ պայծառ լույսը
Եկեղեցական ավանդության համաձայն՝ Երբ Սուրբ Հռիփսիմյանց կույսերը փախչում են Հայաստան, Հռիփսիմեն պարանոցին կրում էր Խաչափայտից մի մասունք: Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, այն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբ Տյառնեղբորից։ Մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասել էր կույսին։ Նա Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր:
Հռիփսիմեն մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում, որ այն չընկնի հեթանոսների ձեռքը: Հետագայում, Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը, Սուրբ Նշանը գտնելու համար, ճգնում են այդ վայրում, տասներկու օր ծոմ պահում, խնդրում Տիրոջից՝ տեսնել Նշանը:
Աստված տեսիլքով նրանց հայտնում է վայրը: Ճգնավորներին երևում է խաչանիշ պայծառ լույս՝ լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով՝ բարձրանում է սուրբ Սեղանին, որի առաջ ճգնավորներն աղոթում էին: Լսվում է. «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:
Ըստ ավանդության՝ լուսեղեն սյուները տասներկու օր երևում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին՝ տեսանելի հեռավոր վայրերից: Տոնը սահմանվում է Ներսես Հայրապետի կողմից՝ ի հիշատակ երևման հրաշքի։
Անի Ավագյան