Քրիստոնյա լինելու համար՝ քաջություն է պետք, համբերություն, սեր

Քրիստոնյա լինելու համար՝ քաջություն է պետք, համբերություն, սեր

Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր

 

Անկախ չարչարանքներից մնալ անսասան ու պայքարել, լինել քաջ ու հավատարիմ. այսպիսի օրինակ է փոխանցում Սուրբ Գևորգ զորավարի կյանքը: Զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի սեպտեմբերի 28-ին: 

 

Դարեր անց կարևոր է հիշել երանելի սրբերի սխրանքը: Քաջերի օրինակը կարևոր դաս է սերունդների համար, որ հիշեն՝ սխալ է այն պատկերացումը, թե քրիստոնեությունը թույլ ու խեղճ մարդկանց կրոնն է, նշում է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը.

 

 

«Մենք ունենք քաջամարտիկ սրբեր: Նրանցից էր Սուրբ Գևորգը, որը արիաբար մարտնչում էր: Քրիստոնյան չի կարող խեղճ լինել: Քրիստոնյա լինելու համար՝ քաջություն է պետք, համբերություն, սեր»:

 

Զորավարի կյանքը՝ օրինակ

 

Սուրբ Գևորգ զորավարի պատկերը ձեռագրերում կարելի է հանդիպել՝ վիշապին նիզակահարելիս: Վիշապը խորհրդանշում է չարությունը, դիվական զորությունն ու բռնակալությունը, որոնց դեմ պայքարեցին Քրիստոսի նահատակները: Տվյալ դեպքում այն խորհրդանշում է Դիոկղետիանոս կայսրին:

 

Գևորգը քրիստոնյա էր՝ Կապադովկիայից: Հռոմեական բանակում իր ցուցաբերած քաջության ու հավատարմության շնորհիվ՝ կարճ ժամանակում արժանացել է հազարապետության պատվին: Լինելով քրիստոնեական արժեքների կրող՝ դեմ է եղել հեթանոսական սովորություններին, ինչի պատճառով բանտարկվել է:

 

«Նա ազնվական, հարուստ ընտանիքից էր: Արտաքնապես շատ գեղեցիկ էր և մեծ հաջողությունների էր հասել զինվորական կյանքում, հայտնի էր իր քաջագործությամբ: Իր առաջ դրել էին կռապաշտության պահանջ, սակայն նա հրաժարվեց ու ենթարկվեց չարչարանքների: Սուրբ Գևորգն իր կյանքը նվիրեց Քրիստոսին»,- նշում է Տեր Վարդանը:

 

Զորավարի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Սուրբը նահատակվել է 303 թվականին Նիկոմիդա քաղաքում, այլ ավանդությունների համաձայն՝ Պաղեստինի Ռամլե կամ Լյուդ քաղաքավանում, այժմյան Թել-Ավիվի օդանավակայանից ոչ հեռու, որտեղ կան սրբի անունով եկեղեցիներ: 

 

Եկեղեցի կբերվի Տիրացու Ոսկեկող Ավետարանը

 

Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Այդ օրը Նորագավիթ համայնքի բնակիչները նշում են նաև համայնքի տոնը: Ինչպես տեղեկացնում է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը, 1991 թվականին՝ զորավարի հիշատակության օրը, Սուրբ Պատարագը մատուցել է Վազգեն Ա Կաթողիկոսը և օրը հռչակել նաև համայնքի տոնը: 

 

Այս տարի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Տիրացու Ոսկեկող Ավետարանը: Տոնական Սուրբ Պատարագը մատուցվելու է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան Տ. Գևորգ վարդապետ Հայրապետյանի ձեռամբ: Սրբազան արարողության ավարտին, հավատացյալներին կմատուցվի բրնձով, դեղձի չրով փլավ, քանի որ ժամանակին համայնքում եղել են այգեգործական տարածքներ, որտեղ աճել է երկու տեսակի դեղձ՝ դառնալով տվյալ տարածքի խորհրդանիշ: Բնակիչներին կտրվեն նաև սրբապատկերներով հուշանվերներ:

 

Ադոկտոսը և Ռոմանոս Երգեցողը

 

Սեպտեմբերի 28-ին նաև հիշատակվում է Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը: Ադոկտոսը ևս նահատակվել է՝ անսասան մնալով իր հավատին: Նա եղել է պաշտոնյա՝ Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան`Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Զրկվում է կոչումից, ունեցվածքից և վտարվում Մելիտենե, հետագայում գլխատվում: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա կառուցվում է մատուռ:

 

Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ՝ Կոստանդնոպոլսի Սուրբ Սոփիա եկեղեցում: Մի տեսիլքով նրան տրվում է հոգևոր երգեցողության ու երաժշտական արվեստի շնորհը և նա գրում է տաղեր ու շարականներ, որոնք մինչև այսօր գործածում է Հունական Եկեղեցին: Վախճանվել է 556 թվականին:

 

Անի Ավագյան

 
  • 2024-09-27
×