Հավատարիմ է ուժեղ մարդը՝ խելքով, մտքով, հավատքով

Հավատարիմ է ուժեղ մարդը՝ խելքով, մտքով, հավատքով

Հարաբերությունների հիմքում պետք է լինի աստվածային սերը, հավատարմությունն ու վստահությունը, ասում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը: Հոգևորականի հետ մեր զրույցը հավատարմության ու դրա բացակայության պատճառների մասին է: 

 

Թուլությո՞ւն, թե՞ ուժ

 

-Հավատարիմ կարող է լինել միայն ուժեղ մարդը՝ խելքով, մտքով, հավատքով, գիտակցությամբ: Դավաճանությունը ճիգ չի պահանջում, այն թույլ, հիվանդ, բարոյական ու ազգային արժեքներ չունեցող մարդու արարք է: Հավատարմությունը հավատքի դրսևորում է, բացակայությունը` մարդուն մղում է մեղքեր գործելու: Հավատարմությունը բարձրագույն, բարոյական ու հոգևոր արժեք է, որը պետք է լինի յուրաքանչյուր փոխհարաբերության հիմքում: Այն ծնունդ է տալիս շատ առաքինի երևույթների՝ սեր, հարգանք, վստահություն, որոնք զարդարում են մարդուն: Տերը մեզ պատվիրում է Աստծուն սիրել՝ մարդուն սիրելու ճանապարհով: Աստված օգնում է մարդուն՝ մարդու միջոցով: Փոխհարաբերությունների հիմքում պետք է լինի աստվածային սերը: Եթե այն բացակայում է, մարդիկ կարող են հավատարմությունը փոխարինել դավաճանությամբ, ինչը մենք այսօր տեսնում ենք ամեն քայլափոխի: 

 

Կատարյալ օրինակը

 

Հավատարմության կատարյալ օրինակը մարդուն տվել է Աստված:

 

«Բայց Տերը հավատարիմ է. նա կզորացնի ձեզ ու կպահի չարից» (Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 3:3)։

Տերն ամեն պահի ասում է. «Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ» (ՄԱՏԹԵՈՍ 11:28):

 

Ինչպես Արարիչը մարդու հետ փոխհարաբերության ողջ ընթացքում ցուցաբերում է հավատարմություն՝ Իր տված խոստումին, հրավերին ու պատգամին, այնպես էլ մարդը պետք է այն ցուցաբերի՝ դեպի Աստված տանող ճանապարհին: Այն կարող ենք անցնել միայն հավատարմության ուղով: Հավատարմությունն այն կարևոր հատկանիշներից է, որով ուղենշվում է Աստված-մարդ և մարդ-Աստված փոխհարաբերությունը: Եթե հավատարիմ չենք մեր հավատքի կյանքում, հավատը դեպի Աստված առ ոչինչ է: Եթե, լինելով քրիստոնյա, հավատարիմ չենք Տիրոջ կողմից տրված պատվիրաններին, ուրեմն՝ հավատարիմ չենք Աստծուն, քրիստոնյայի մեր առաքելությանը, մկրտության խորհրդով մեզ տրված փրկության ավետիսին: 

 

Հավատարմությունը՝ ընտանիքում

 

-Ընտանիքն Աստծո կողմից տրված պարգև է, սակայն տարիների ընթացքում մարդը խեղաթյուրել է ատվածատուր կառույցը: Ընտանիքում կարևոր է հավատարմությունը ոչ միայն կին-տղամարդ նաև ծնող-զավակ փոխհարաբերություններում: Արդյունքում՝ մենք ունենում ենք ներդաշնակություն: Եթե որևէ հարաբերության մեջ խախտվի հավատարմությունը, կխախտվի նաև ընտանեկան ներդաշնակությունը: Ծնողն իր երեխայի առաջին ուսուցիչն է: Եթե կարողանում է, անձնական օրինակով, բացատրել հավատարմության իսկությունը՝ այն դառնում է երեխայի ողջ կյանքի անբաժան ընկերը, և զավակը կարողանում է այն փոխադարձել ծնողին: Կին-տղամարդ հարաբերություններում դավաճանությունը կատարվում է շնության ճանապարհով և ոչ միայն: Այն ծանր մեղք է, բայց մենք ցավոք չունենք այդ գիտակցումը: Մեզ համար չկա այն գաղափարը, որ դավաճանելով, ինքներս մեզ ենք դավաճանում, քանի որ կողակիցը մեր կեսն է: Դարեր շարունակ ինքներս մեզ զրկել ենք ազգային գաղափարախոսությունից, ազգային արժեքների դաստիարակումից: Այսօր անարժեքությունը մատուցվում է՝ իբրև արժեք:  

 

Երբեք ուշ չէ…

 

-Երբեք ուշ չէ՝ շտկվելու համար, բայց անհրաժեշտ է քրիստոնեական, ազգային արժեքներն ուսուցանել մարդկանց: Այսօր դրանք ուսուցանվում են, ցավոք, միայն եկեղեցու կողմից և քիչ ընտանիքներում, դպրոցներում: Արժեհամակարգի  խեղաթյուրման արդյունքում՝ մենք ունենք նման իրավիճակ: Դասապրոցեսներից դուրս է մղվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը քրիստոնեական բարոյականության լավագույն քարոզիչն էր՝ դպրոցական դասասեղանի շուրջ: Արժեքների սերմանումը, դաստիարակումը, կրթումը պետք է լինի ընտանիքի, դպրոցի, եկեղեցու միջոցով:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-09-25
×