Հոգևոր ճամբար՝ երեխաների և երիտասարդների համար

Հոգևոր ճամբար՝ երեխաների և երիտասարդների համար

Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաներն ու երիտասարդաց միության անդամները մասնակցել են հոգևոր ճամբարի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։

 


 

Տավուշի մարզում՝ Ենոքավանում, երկօրյա ճամբարն օգնել է, որ մասնակիցները հարստացնեն իրենց հոգևոր գիտելիքները։ Այն կազմակերպվել է բարեպաշտ և հավատավոր հայորդիների մեկենասությամբ։

 

Մասնակիցների համար կազմակերպվել են Սուրբ Գրքի ընթերցանության, Աստվածաշնչի սերտողության, քարոզխոսության ժամեր: Երեխաները, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի և եկեղեցու խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանի հետ զրուցել են կյանքի, դժվարությունները հաղթահարելու, սիրո մասին, ստացել իրենց հարցերի պատասխանները: Ենոքավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչը Տեր Արսեն քահանա Սարոյանն էր: 

 

Տեր Զենոնի խոսքով՝ թեև երեխաները, երիտասարդները եկեղեցում ստանում են հոգևոր դաստիարակություն, բայց կարևոր է նաև, որ միասին ժամանակ անցկացնեն:

 

«Հոգևոր ճամբարների խորհուրդն այն է, որ երեխաները կարողանան միմյանց օգտակար լինել, ճանաչեն ու թիկունք լինեն մեկը մյուսին: Միասին հոգևոր սերտողությունների մասնակցելու, աղոթք անելու դեպքում՝ երեխաները նաև ավելացնում են իրենց հոգևոր գիտելիքները»,- նշում է հոգևոր հովիվը:

 

Նման նախագծերն օգտակար են, որ երիտասարդներն ու երեխաները միմյանցից սովորեն, նկատում է եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արմինե Մարտիկյանը.

 

«Մենք՝ երիտասարդաց միության անդամներս, մեր հոգևոր գիտելիքներով, փորձառությամբ կիսվում ենք կիրակնօրյա դպրոցի սաների հետ, միասին ստանում ենք նոր գիտելիքներ: Երեխաներից էլ սովորում ենք իրենց մանկական պարզությունը»: 

 

Հոգևոր դասերից զատ, երեխաները նաև ապահովել են իրենց ժամանցը՝ տարբեր ինտելեկտուալ խաղերով, մարզվելով, երաժշտական կատարումներով և երեկոյան խարույկի շուրջ զրույցներով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-09-24
×