Ի՞նչ է նշանակում անցնել Գողգոթայի ճանապարհ ու ինչպե՞ս հասկանանք՝ որ ընթանում ենք ճիշտ ուղով. պատասխանում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Վարդան քահանա Հայրապետյանը:
Որտեղի՞ց է սկսվում Գողգոթայի ճանապարհը՝ Բեթղեհեմի՞ց, Նազարեթի՞ց, Գեթսեմանի պարտեզի՞ց, թե՞ դեռևս դրախտից արտաքսումից
-Փրկության բուն վարդապետության մասին խոսելիս պետք է ասել, որ այն սկսվում է հենց դրախտի պարտեզից: Երկխոսությունը` Աստծո և մեր նախահոր միջև վերջնական էր: Այդ փուլից կարող ենք հասկանալ, որ առանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մարդկութան փրկությունն անհնար էր: Սուրբ Գրքում ներկայացված է, որ դրախտում Ադամն ու Եվան լսում էին Աստծո ոտնաձայնները: Դա խորհրդանշում է, որ նրանք վայելում էին Աստծո անմիջական ներկայությունը, երկխոսության մեջ էին Տիրոջ հետ:
Սպասելիքներն ու իրականությունը ժամանակին ու այսօր
-Սպասումը և իրականությունը տարբեր են: Երբեմն, երբ ունես անձնական շահ և չես ստանում այն, ինչ ցանկանում ես, անմիջապես մեղադրում ես դիմացինին, որ քո սպասումները չի իրականացրել՝ անկախ նրանից դիմացինն արդա՞ր է, թե՞ ոչ:
Երբ Երուսաղեմը գտնվում էր հռոմեական տիրապետության տակ, հրեա ժողովրդի իղձն Իսրայելի ազատագրումն էր հռոմեական տիրապետությունից: Սպասում էին, որ Հիսուս Քրիստոսը հրով և սրով պետք է մտնի և ազատագրի Երուսաղեմը և դառնա թագավոր: Այդ բազմությունն Աստծո Որդուն դիմավորում էր իրենց հագուստները, արմավենու ճյուղեր փռելով ճանապարհին: Յուրաքանչյուրն ուներ նաև իր անձնական սպասումը: Երբ այն չիրականացավ, Աստծո Որդին հուր և սուր չվերցրեց, սկսեցին նրան մեղադրել, ուրանալ ճշմարիտ Աստծուն:
Օրենքի և հասարակական կարծիքի բախումը երեկ ու այսօր
-Հաճախ մարդկանց, նաև հենց մեզ համար օրենքը հարգելն ընդունելի չէ, օրինակ՝ հետևել լուսացույցի լույսին կամ մեքենայից աղբ չթափել: Միևնույն ժամանակ մարդիկ կարող են վախենալ հասարակական կարծիքից և օրինակ՝ չմկրտել իրենց երեխային, նրան անպաշտպան թողնել մինչև չափահասության տարիք, քանի որ մկրտությունը կապակցվում է մեծ խնջույքի հետ: Ժամանակին Պիղատոսը հասկացավ, որ Հիսուսն անմեղ է: Նա հասարակական կարծիքի ճնշման տակ ընդունեց մահապատժի որոշումը, բայց ձեռքերը լվաց, քանի որ հասկանում էր օրենքի ազդեցությունը: Արդյունքում՝ տեսնում ենք, որ անմեղ Մարդը, որ բոլորին օգնել էր, Երուսաղեմի փողոցներով տանում էր Իր խաչափայտը, որովհետև չիրականացրեց մարդկանց սպասումները, թեև ամբողջ ավետարանական պատումների ընթացքում չենք հանդիպի դրվագի, որ որևէ մեկը, օգնություն խնդրելու համար մոտենար Քրիստոսին և մերժում ստանար։
Ի՞նչ է նշանակում անցնել Գողգոթայի ճանապարհ
-Գողգոթայի ճանապարհ անցնելու հասկացությունը կարող ենք ընկալել երկու դրվագով։ Առաջինը` կրել պատասխանատվություն, երկրորդը՝ փրկագործության ճանապարհ։ Այսինքն` յուրաքանչյուրս անցնում է Գողոգոթայի մեր ճանապարհը՝ դեպի փրկություն: Եթե Խաչյալը մեզ համար Աստված է, մենք չպետք է վարանենք Իր ճանապարհն անցնելուց:
Անհատապե՞ս պետք է անցնենք այդ ճանապարհը
-Հին Կտակարանի օրինակներում Աստված մեկ մարդու միջոցով անդրադառնում էր ամբողջ ազգին: Հիսուս Քրիստոսի գալուստով սկսվում է մարդ-Աստված անհատական հարաբերությունը: Յուրաքանչյուրս գնալով Սուրբ Պատարագի՝ անհատապես ենք մոտենում Հաղորդությանը: Ամեն մեկս ազատ հնարավորություն ունենք՝ մոտենալու Աստծուն:
Ինչպե՞ս հասկանանք, որ ընթանում ենք ճիշտ ուղով
-Եթե մարդկանց հետ վարվում ենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին, առաջին ցուցիչն է, որ ընթանում ենք ճշմարիտ ճանապարհով: Երբեմն, անգամ չնչին պարագայում, երբ լինում է անարդարություն, ապրում ենք ներքին ըմբոստություն, բայց արդյո՞ք մենք արդար ենք: Մեր ծնողից ներողություն խնդրե՞լ ենք, որ երեկ երեկոյան բղավել ենք, մեր կողակցից ներում խնդրե՞լ ենք նախորդ օրվա անհարկի պահվածքի համար: Տերունական աղոթքով խնդրում ենք՝ ներել մեր մեղքերն այնպես, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Յուրաքանչյուրս մեր հերթին…
-Հասկանանք՝ սիրո՞ւմ ենք մեր նմանին, մեր Հայրենիքը, մեր տունը: Ծանր շրջանում ենք ապրում, շատ բան կորցրինք, բայց վտանգը՝ եղածը կորցնելու, երբեք չի անհետացել: Երբ ծնողներդ կողքիդ են, ամեն պահի զգում ես իրենց սերն ու քնքշանքը, հնարավոր է մոռանաս, որ մի օր իրենք քեզ հետ չեն լինելու։ Հակառակ դեպքում, գուցե վարքիդ մեջ փոփոխություն լինի, ծնողիդ ավելի լավ վերաբերվես:
Ինչո՞ւ չենք սիրում
-Երբեմն մասնագետներն ասում են, որ դարեր շարունակ պետականություն չունենալու արդյունքում՝ մենք մեր տունը սկսեցինք չսիրել, սակայն, այդ դեպքում, ինչո՞ւ ենք այլ երկրներում հարգում օրենքները։ Ինձ թվում է` երբեմն մենք չափազանց շատ ենք գերագնահատում մեր ազգի կարողությունները։ Ասում ենք` մենք ամենաբարձրն ենք, ամենաուժեղը, բայց միևնույն ժամանակ, կարող ենք ոչինչ չանել՝ անընդհատ չկրթվել, չզարգանալ: Մեզ գովաբանեցինք, գերադասեցինք բոլոր ազգերից ու կորցրինք ամենակարևորը։
Պատրաստեց Անի Ավագյանը
×